F5 բլոգ

Չափածո գործեր

Alik'-ի ավատարը

«ՀՈՏԱԾ» ՄՏՔԵՐՍ

Կուզեի լինել հմուտ մի վարպետ,
Իմ գործի գիտակ,
Եվ իմ գործից դուրս լրիվ անգիտակ.
Գործը` ամեն ինչ, գործից դուրս` ոչինչ…
Ասենք մի քարտաշ ու կամ էլ պատշար,
Բայց ոչ «գրաշար»:
Քարի ցեխի հետ թող կյանքս տաշվեր,
Ձեռքերս մաշվեր,
Բայց ոչ ուղեղս այսպես «թրաշվեր»,
Միտքս «տալաշվեր»…
«Պատշարը բարդ է, քարտաշը զարդ է…
Քեզ համար շատ է»:
Դե, որ այդպես է,
Թող որ լինեի գոնե աղբատար,
Թող ողջ կյանքիցս աղբի հոտը գար,
Միայն գլխումս մտքից հոտ չգար,
Միտքն իրեն «թթված», ավելորդ չզգար:
Ի՞նչ, սա էլ շատ է…
Այդ դեպքում թող որ ուղեղս փտի,
Գլուխս հոտի,
Ու միտքն իմ ճիշտ մի կկվի նման
Իր բույնը լքի,
Ուրիշ բույն փնտրի:

11.03.09


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Alik | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Alik'-ի ավատարը

ԻՄ ՆԵՐՍՈՒՄ

Մաքուր, թափանց է ներսը իմ,
Կարող ես ամեն ինչ տեսնել,
Նույնիսկ թույլ և անզեն աչքերով
Կարող ես ամեն ինչ զննել…

Կարող ես տեսնել ինքդ քեզ,
Կարող ես հետդ խոսել,
Կարող ես գտնել քո կեսին
Եվ նույնիսկ հետը կիսվել:

Կարող ես գտնել քո վիշտը
Կարող ես քո ցավը տեսնել,
Կարող ես լսել հառաչդ
Ու կողքին հանգիստ նստել:

Կարող ես կշտամբել Կարոյին,
Մարոյի հորը՝ ցավակցել,
Կարող ես կարեկցել Սարոյին
Կամ էլ՝ մոր ողբը լսել:

Կարող ես տեսնել Անուշին
Հերարձակ, խելագար ու անէ,
Կարող ես խոսել Մարոյին`
Լացակում, վախեցած ու լուսե:

Կտեսնես նաև Սաքոյին
Չարքերից հոգնած, հալածված,
Ձայն կտա նա իր շներին,
Բայց չարքերն կգան ընդառաջ:

Կտեսնես նաև Գիքորին
Կլսես զառանցը նրա,
Մոտ կզգաս վերքը աշխարհի
Ու կընկնես քիթ- բերնի վրա…

Մաքուր է ու բաց ներսը իմ
Կարող ես հանգիստ ներս մտնել…
Բայց թող տուր, ուշքի եկ, մերձավոր,
Դժվար է այնտեղից դուրս ելնել:

07.11.09


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Alik | 18 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երեկվա գրական գեղեցիկ երեկոն ֆ5-ում միտք առաջացրեց Չարենցին նվիրված թեմա բացել: Այս թեման էլ նվիրենք հայ մեծանուն գրողին ու նրա ստեղծագործություններին:

Շա՜տ եմ սիրում Չարենցի ահա այս ստեղծագործությունը…smile Խիստ արդիական է:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Marat | 8 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Դորիան'-ի ավատարը

Ներկայությանս առաջին ասեղը… Սրսկվեք smile
Ճանաչեք զիմաստություն և զխրատ, իմացեք զբանս հանճարոյ:

***

Ով եմ ես, Աստված,
Երբ չլինելուս համար պետք էր լոկ
300 դրամ 20 տարի առաջ:

Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
Վայելքի լկտի անզգուշությունը,
Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
Մեկի հարամած, խանգարված քունը:

Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց,
Տեսնելու համար արու եմ, թե էգ,
Իմ էս չընդհատված անգոյությունը
Տեսնես ում էր պետք:

Ու քանի մեկը հղի էր ինձնով,
Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
Սրտխառնոցը իմ:

Անխուսափելի կյանքի զգացում էր,
Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
Լացով են ծնում, լացելով ծնվում:

Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
Ինձ էլ երևի բաժին է հասել
Էս աբորտ չարած դժգոհությունը:

Ով եմ ես, Աստված,
Երբ իմ լինելու համար հերիք էր
19 գրամ 20 տարի առաջ…


***

Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
Ու կերածս միայն ցամաք հաց,
Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
Դարձել են անխիղճ բախտի քացը:

Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
Ես պատրաստ եմ էլի բղավել,
Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

Երեկվա հարվածածդ տեղերը,
Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
Եթե դու էդքան առնական ես,
Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:

Ես դռան դեմի անտեր շունն եմ,
Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
Երբ ներսիցս հորդում են տողերը:


Գրառման հեղինակ՝ Դորիան | 76 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Սիրելի Ժողովուրդ.
Մի քանի օր առաջ,ձեռքս ընկավ «ՉԻ»-ի թերթերից մեկը,եւ տեսա բանաստեղծություն,որը պատասխան էր Նիկոլ Փաշինյանի “Ձոն Գարնանամուտի” բանաստեղծությանը:Ստորեւ ներկայացնում եմ դա.

Ազատության քաղաքում`Ազատության խարույկներ,
Ու մենթերի ներկրած լիմոնչիկները` պոլին,
Մենք արտակարգ դրության պայմաններում ենք ծնվել,
Պայքար,պայքր մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:

Սերժը Մոսկվա չի հասնի,այցն անավարտ կմնա,
Ամոթ,ամոթ Վազգենին,Արթուրիկին,Դհոլին…
Բայց ծառերը փողոցում բողբոջում են ակամա,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:

Եղբայրության վրաներ`Թումանյանի տաք ծոցում,
Ու հայացքը Սերժիկի`կոկաինի նուրբ քոլին…
Լուսարձակող փամփուշտներով հայոց սրտերն են խոցում,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:

Մի ոգեղեն մեղեդի գտնենք տաղին այս հարմար,
Շարժման օրհներգը դարձնենք,զարկ տանք “լյա”-ին ու “սոլ”-ին
Ազատության քաղաքում մարտիկներ կան անհամար,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:


Գրառման հեղինակ՝ Philosopher | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մարտի 13-ը (հին տոմարով՝ 25-ը) հայ հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է ուղիղ 111 տարի առաջ (1897թ.) Ղարսում: Ձեզ եմ ներկայացնում մեծն Չարենցի ստեղծագործություններից մեկը:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. –
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի –
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու։
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ –
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա։
Եւ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան –
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…

Երթամ հիմա։ Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով, –
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ –
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եւ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, –
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

1920թ. հոկտեմբերի 6


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom