Հայաստանյան յուրաքանչյուր ընտրությունից հետո սովորաբար ընդդիմական կուսակցությունները հանդես են գալիս տվյալ ընտրությունը կասկածի տակ վերցնող մի շարք գործողություններով՝ հարցազրույցներ, ասուսիլսներ, հայտարարություններ, հավաքներ, դիմում Սահմանադրական դատարան եւ այլն: Եւ բոլոր այս դեպքերում նրանք բողոքարկում են, որ ընտրությունները լեգիտիմ չէին, ԱԺ-ն լեգիտիմ չէ, ՀՀ նախագահը լեգիտիմ չէ եւ այլն: Երբեմն լեզվակռվի նմանվող այս երեւույթի մյուս կողմում դիրքավորված իշխանությունը ներկայացնող ուժերն էլ իրենց հերթին համոզված են ընտրական գործընթացների լեգիտիմության մեջ եւ հակառակվում են առաջիններին, թե՝ խախտումներ եղել են, սակայն դրանից ընտրությունների լեգիտիմությունը բնավ չի տուժել… ԼԵգիտիմությունը սկսվում է քննարկվել տարբեր մակարդակներում՝ սկսած ԶԼՄ-ներից, վերջացրած ընտանիքներով: Մեղմ ասած, գալիս է հետընտրական մի շրջան, երբ մարդկանց մեծ մասը, թողած իրենց բան ու գործը, անպայմանորեն իրենց դիրքորոշում են հայտնում ընտանիքի անդամին, հարեւանին, աշխատակցին կամ էլ փողոցներում հարցում անցկացնող հաճախ բարետես արտաքինով երիտասարդ աղջնակներին՝ կապված այս կամ այն գործընթացի լեգիտիմության մասին: «Ոչ, լեգիտիմ չէր...», «Դե, իհարկե, լեգիտիմ էր...», «Ասենք, թե ասեցի, թե լեգիտիմ չէր, ո՞վ է բանի տեղ դնողը...» եւ այլն: Իսկ այդ ակտիվ քննարկողներից որեւէ մեկին եթե հարցնես, թե ի՞նչ է լեգիտիմությունը, գուցեեւ չկարողանա բնորոշել մի քանի բառով:

Այսպիսով՝ ի՞նչ է լեգիտիմությունը:

Լեգիտիմության սկզբունքն իրենից ներկայացնում է այն իրողությունը, երբ որեւէ պետության քաղաքական իշխանությունը համապատասխանում է այն արժեքներին, որի վրա հիմնված է այդ իշխանությունը եւ որի գործունեությունը երաշխավորվում է հենց լեգիտիմության ապահովմամբ: Մ.Դյուվերժեն ավելացնում է նաեւ մեկ այլ բնութագրիչ՝ լեգիտիմ է ցանկացած իշխանություն, որի հետ համաձայն է ժողովուրդը, իմա՝ ժողովրդի մեծամասնությունը:

Մեր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ակնհայտորն խրված են ներկուսակցական խնդիրների մեջ եւ չեն կարողանում պատշաճ կերպով ղեկավարել անգամ իրենց իսկ կողմից ստեղծված կուսակցությունները, ելնելով այն բանից, որ իրենց գաղափարները կիսողները բացահայտ դեմ են իշխանություններին, եզրակացնում են, որ այդ իշխանությունները լեգիտիմ չեն: Նրանք մոռանում են, որ ժողովուրդը չի սահմանափակվում իրենց գաղափարական համակիրներով: Թող այդ ընդիմադիրները մի օր մտնեն նախարարություններ, պետական տարբեր հիմնարկություններ եւ հարցնեն, թե արդյո՞ք այդ կառույցների աշխատակիցները կողմ էին իրենց՝ իշխանության գալուն: «Քթները տրորվե՞ց» վերջին ընտրությունների ժամանակ, բա ի՞նչ էին ուրիշ սպասում: Զազրախոսելու փոխարեն թող ընտրական հանձնաժողովներում նշանակեին վստահելի կուսակիցներ, որ փաստեր հավաքեին: Թող տարբեր դիմումներով հեղեղեին դատախազությունը եւ ոստիկանությունը: Եթե իրենց կուսակցություններն ունակ չեն վերահսկելու, ապա ինչպե՞ս պետք վերահսկեին ամբողջ պետական ապարատը:

Ես չեմ ցանկանում դառնալ լեգիտիմության հարցը քննարկողների բազմահազար բանակի «մարտիկներից» մեկը: Սակայն մտովի պատկերացնում եմ, թե որքան կտխրեին ԱԺ տեղեր նվաճած մեր երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, եթե հանկարծ Սահմանադրական Դատարանը չեղյալ հայտարարեր այս ընտրությունները, եւ ինքստինքյան, կորչեին ԱԺ-ում մի քանի կոճակներ տնօրինելու իրավունքը: Համոզված եմ, որ կտխրեին, որովհետեւ իրենց դերասանությունը կհանգեցներ իրենց իսկ «աշխատատեղերի» կրճատմանը:

Եզրափակեմ. լեգիտիմության մասին տարբեր ամբիոններից ելույթներ ունեցողները թող մի հատ քաղաքական պայքարի ուսմունքը սովորեն, հասարակագիտություն սերտեն, մարդու եւ ժողովրդի հոգեբանությունը կարողանան կարդալ, ու ընդհանրապես, իմանան, թե ի՞նչ է լեգիտիմությունը եւ ինչպե՞ս պահպանել այն, նոր միայն հանդես գան իրենց հայտարարություններով: Եթե իրենց թվում է, որ «կարդացած» մարդուն այլեւս սովորել պետք չէ, սխալվում են: Եթե իրենց թվում է, թե ճանաչում են իրենց ժողովրդին՝ դարձյալ սխալվում են: Վերջապես, նույն ժողովուրդն օրինակների է կարոտ մնացել՝ ի՞նչ է տեսնում, որ ինչ հետեւություններ անի: Տեսնում է, որ ընդդիմությունը, դեռեւս իր պարտությունը չճանաչած եւ հետեւություններ չարած, պատրաստվում է հաջորդ պարտությանը: ՈՉ ՄԻ ՆՈՐՄԱԼ ՕՐԻՆԱԿ ՉԻ ՏԵՍԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Չի տեսել, որ լեգիտիմության խնդիրը կասկածի տակ դնող ընդդիմությունը լծվել է այդ լեգիտիմությունը ապահովելու եւ պահպանելու գործով: Նախարարության աշխատողը գիտի, որ եթե ինքը գնա եւ ընտրի իշխանության ներկայացուցչին, իր աշխատատեղը չի վտնագվի: Նա տեսնում է իր ընտրության ՌԵԱԼ ԱՐԴՅՈՒՆՔԸ: Իսկ ի՞նչ կարող է ակնկալել ընդդիմությանը ձայն տված նույն նախարարության աշխատողը կամ մեկ այլ անձ, կարո՞ղ եք ինձ ասել: Էդ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության մարդիկ միայն անազնիվ են ու կաշառակեր, իսկ ընդդիմության ներկայացուցիչնրը՝ անխտիր ազնիվ եւ լեգիտիմության համար մարտնչողներ:

Եվ լեգիտիմության մասին քննարկումներ ձեռնարկելուց առաջ, մի հատ թող ձեռքներն իրենց սրտերին դնեն, կանգնեն հայելու առջեւ, նայեն իրենց աչքերի մեջ եւ իրենց իրենց մի հարց տան, թե իրո՞ք իրենց վերջնական ցանկությունը ազատ ընտրությունների եւ լեգիտիմ իշխանության իրականացումն է (եթե այո, ապա այդ մարդիկ, կարծում եմ, տառապում են իրենց հեղինակության մասին պատկերացումների գերագնահատմամբ), թե՞ պարզապես իշխանության գալը (այս դեպքում էլ, նույն մարդիկ պարզապես անբարոյականությամբ են տոգորվել, եւ ուրիշ միջոց չունեն, քան թե կառչեն մի շարք հասկացություններից՝ ազատա ընտրություններ, լեգիտիմություն եւ այլն):

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…