Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Հրազդան մարզադաշտում հանդիպեց Թուրքիայի ազգային հավաքականի հետ: Ինքս մարզադաշտում էի: Ճիշտն ասած` առաջին խաղակեսում մերոնք վատ չխաղացին: Պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար, ճնշում էին գործադրում թուրք ֆուտբոլիստների վրա հենց իրենց` թուրքերի կիսադաշտում: Երբեմն խաղարկում էին մտածված կոմբինացիաներ, մտնում էին կոշտ պայքարի մեջ, փոխանցումների խոտանը այնքան էլ մեծ չէր: Իհարկե, թուրքերը հետ չէին մնում մերոնցից: Հանուն արդարության, պետք է նշել, որ առաջին խաղակեսում մեր դարպասի մոտ եղան ավելի շատ վտանգավոր պահեր, քան` թուրքերի: Երեւում էր թուրք ֆուտբոլիստների բարձր պրոֆեսիոնալիզմն ու կարգը: Չնայած այդ ամենին` ֆուտբոլասերները հույս ունեին, որ հայ ֆուտբոլիստները տեխնիկատակտիկական բացը կլրացնեն անմնացորդ պայքարով եւ խաղի մնացած ժամանակահատվածում մերոնք չեն խաղա այն խաղը, որին իրականում ականատես եղանք չարաբաստիկ երկրորդ խաղակեսում:

Ցավոք, երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները ոչնչով աչքի չընկան: Թուրքերն էլ, օգտագործելով մեր խաղացողների անիմաստ, «մանկական սխալները», ի վերջո հաղթեցին այս խաղը:

Երկրպագուների մասին: Միգուցե սխալվեմ, բայց վերջին անգամ այդքան ֆուտբոլասեր մարզադաշտում տեսել եմ 1996թ.-ին Եվրոպայի այն ժամանակվա չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ խաղի ժամանակ, գուցե` այս անգամ ավելի շատ:

Արեւելյան եւ Արեւմտյան տրիբունաները, ինչպես նաեւ յարուսը լեփ-լեցուն էին: Հյուսիսային եւ Հարավային տրիբունաները զբաղված էին մոտավորապես 1/3-ով:

Ողջ խաղի ընթացքում տրիբունաները վանակարկում էին «Հա-յաս-տան», փորձում էին ճնշում գործադրել թուրքերի վրա: Կարճ ասած` այդպիսի երկրպագություն երեւի չէր եղել վերջին 25 տարում: Նույնիսկ (առաջին անգամ տեսա նման բան Հայաստանում) մեր բազմահազար երկրպագուները ոտնկայս երգեցին Հայաստանի Հանրապետության հիմնը` ի տարբերություն մեր հավաքականի հարգարժան ֆուտբոլիստներից շատերի, որոնցից մի քանիսը, հիմնը հնչելու ժամանակահատվածում, ծամոն էին ծամում, մի քանիսը աչքով էին տալիս տեսախցիկներին եւ այլն (խաղը տեսագրել եմ եւ ուշադիր զննել. երգում էին միայն Լեւոն Փաչաջյանն ու Ռոբերտ Արզումանյանը):

Պետք էր տեսնել ֆուտբոլասերներին խաղից հետո: Խաղից հետո հայ ֆուտբոլասերները մարզադաշտից հեռանում էին տխուր, գլխիկոր, խոցված արժանապատվությամբ ու խոցված ինքնասիրությամբ: Չկար մեր ֆուտբոլիստներին ուղղված, արդեն սովորական դարձած, ծաղրական, վիրավորական որեւէ արտահայտություն (ամեն դեպքում, ես չեմ լսել, չեմ տեսել):

Ինչեւիցե, հուսանք, որ մեր ֆուտբոլում հաղթանակներ դեռ կլինեն, իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոնների հետ առաջիկա խաղում` Իսպանիա-Հայաստան, մերոնց մաղթենք հաջողություն: