Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Սոցիալական էքսպերիմենտ կամ Ալֆրեդի սենյակ 13

Քաղաքացի💬 2 մեկնաբանություն
image

Երբևէ ձեզնից որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը նման է մի սովորական սոցիալական էքսպերիմենտի: Հավանաբար, ձեզնից շատերը տեսած կլինեն հոլիվուդյան այն ֆիլմերը, որի հերոսները մի դեպքում իրենց կամքով, իսկ մեկ այլ դեպքում՝ իրենց կամքից անկախ, դառնում են սոցիալական փորձարկումների թիրախ: Հաճախ այդ հերոսները հայտնվում են մի այնպիսի իրավիճակում, որտեղից ելք չկա` կղզի, բանտ կամ զմռսված դռներով տուն: Եվ մի դեպքում գիտնականների մի խումբ կամ «մի չարագործ» սկսում են «խաղեր խաղալ» ֆիլմի հերոսների հետ` նրանց ենթարկելով տարբեր փորձությունների և հետևելով այդ փորձությունների կողմից դրդված վարքագծային փոփոխություններին:

Իսկ այժմ, գալով հայկական իրականությանը, եկեք պարզենք, թե ի՞նչ էքսպերիմենտի ենք ենթարկվում մենք: Առաջին իսկ հայացքից Հայաստանը «աստծու կողմից մոռացված» մի փոքրիկ ասիական երկիր է հիշեցնում, որը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածության առումով շատ քիչ է տարբերվում, օրինակ, Իրանից, Սիրիայից, կամ էլ Ուզբեկստանից: Բայց արի ու տես, որ աշխարհի վերաբերմունքը մեզ այդ հարցերում այդքան էլ նման չէ նրանց` վերոնշյալ երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքին:

Եթե դիտարկենք Արևմուտքի վերաբերմունքը մեզ, ապա այն կարծես թե նմանվում է ժողովրդավարական բարեփոխումների մեջ գտնվող երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ինչպիսին էին, օրինակ, նախկին սոցիալիստական ճամբարի երկրները 90-ականների սկզբներին: Այդպիսի վերաբերմունքի բաղադրիչներից է լայնածավալ ֆինանսական օգնությունը, որը մասամբ անհատույց և մասամբ էլ վարկերի տեսքով տրվում է Հայաստանին: Այդ միջոցները ուղղվում են հիմնականում, այսպես կոչված, ենթակառուցվածքների զարգացմանը և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ծրագրերին: Եթե օրինակներով խոսենք, ապա նման ծրագրերից են եղել ՀՀ անշարժ գույքի կադաստրի ստեղծման ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից, ինչպես նաև Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներից:

Հիմա մի պահ «աբստրակտվենք» ու հիշենք կոռուպցիայի վերաբերյալ անցկացված մի հարցախույզ, որը փորձել էր պարզել, թե որոնք են հայկական ամենակոռումպացված կառույցները: Ի զարմանս երևի թե ԱՄՆ կառավարության, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եղել է ամենակոռումպացված պետական կառույցների ցանկի առաջատար դիրքերում: Հիմա եկեք մենք մեզ հարց տանք, թե՝ արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը այդ նպատակն էր հետապնդում, երբ ֆինանսավորում էր այդ ծրագիրը: Ըստ բարձրաձայնվող տեսանկյունի, նրանց նպատակը տրամագծորեն հակառակն էր, այսինքն՝ ստեղծել մի կառույց, որը կկանոնակարգեր անշարժ գույքի գործարքները, որի շնորհիվ էլ կնվազեին կոռուպցիոն ռիսկերը: Բայց արի ու տես, որ ճիշտ է` դաշտը ավելի կանոնակարգված է, սակայն կոռուպցիան այդ ոլորտում նվազելու փոխարեն աճում է: Փաստորեն, այս պարագայում ԱՄՆ-ի լռելը կարող է նշանակել ընդամենը մեկ բան. որ նրանք գոհ են այդ արդյունքից: Եվ, հետևաբար, սա մեզ առիթ է տալիս մտածելու, որ վերոնշյալ ամերիկյան օժանդակությունն ընդամենը մի փորձարկո՛ւմ էր, էքսպերիմենտ, որն ուղղված էր կոնկրետ խնդիրներ ուսումնասիրելուն: Փորձ, որը բավականին թանկ արժեր, բայց միևնույն ժամանակ բավականին թանկարժեք տեղեկատվություն տրամադրեց ԱՄՆ-ին:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ վերը բերված երկրորդ օրինակի դեպքում: Դրա մասին շատ է խոսվել. միլիոնավոր դոլարների յուրացումներ, ծրագրի նախնական նպատակների տապալում, բայց, միևնույն է, Համաշխարհային բանկը մեծ հաշվով լռում է: Ոչ ոք այս գործով չի՛ պատժվել մինչ օրս և յուրացված գումարները չե՛ն վերադարձվել: Կրկին առիթ ենք ունենում մտածելու ևս մեկ փորձարկման մասին` միայն մի տարբերությամբ. այս մեկը կատարվեց մեր պետության հաշվին, քանի որ սա վարկային ծրագիր էր:

Մեկ օրինակ էլ բերենք Եվրոպական ծրագրերից: Արդեն քանի տարի է Եվրոպական կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ-ն բավականին մեծ ջանքեր է թափում` ուղղված ՀՀ ընտրական օրենսգիրքը և ընդհանրապես ընտրական գործընթացները կատարելագործելուն: Թղթի մեջ մենք ունենք տարեց տարի ավելի ու ավելի «կանոնակարգված» ընտրական օրենսգիրք և գործընթացներ, բայց, միևնույն ժամանակ, իրականության մեջ` ավելի ու ավելի վատ և ոչ մի ստանդարտի չհամապատասխանող ընտրություններ: Ինչու՞ են այս պարագայում լռում Եվրոպացիները: Դեռ ավելին, ինչու՞ են նրանք ամեն անգամ նշում, թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ են նախորդից: Մի՞թե նրանք չգիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ինչի՞ է այս պարագայում ուզում հասնել Եվրոպան: Եթե ոչ բարելավման, ապա՝ ինչի՞: Այստեղ մենք նորից հանդիպում ենք ևս մեկ էքսպերիմենտի, այլ կերպ սա անվանել հնարավոր չէ, երբ նրանք ջանքեր են թափում ինչ-որ բան փոխելու ուղղությամբ, այդ ջանքերը մեծամասամբ չեն հաջողվում, բայց նրանք «խաբում» են մեզ և փաստում, թե մեզ մոտ առաջընթաց կա այդ ոլորոտում: Սա կրկին մի փորձարկում է, որը նրանց բավականին հետաքրքիր հետևություննների առիթ է տալիս:

Մի փոքր էլ դիտարկենք Ռուսաստանի վերաբերմունքը: Նա մեզ ուղղակի տեսնում է իր «շատ փոքր եղբոր» դերում, որին այդքան էլ չի սիրում և սահմանափակվում է միայն նրան «օգտագործելով»: Այսինքն, նա հայտարարում է, որ մենք իրենց ռազամավարական գործընկերն ենք տարածաշրջանում, բայց անում է գրեթե ամեն ինչ, որպեսզի այդ գործընկերոջ գոյատևելու շանսերը օր օրի նվազեն: Դրա վառ օրինակն էին Վերին Լարսի ճանապարհի փակումը, բնական գազի գնի թանկացումը, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգծի թողարկումը և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Ռուսաստանը նույնպես փորձարկումներ է կատարում` պարզելու, թե ինչքա՞ն կարող են Հայաստանի նման երկրները դիմանալ տնտեսական ճգնաժամերին և շրջափակմանը:

Մեկ այլ վառ օրինակ էլ Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող էքսպերիմենտներից որոշ ներքաղաքական գործընթացների հրահրումն է: Դրանցից կարելի է նշել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը, Ռոբերտ Քոչարյանի կողմից Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահի իր համար նախընտրելի թեկնածուի աջակցությունը, ընդդիմադիր կուսակցությունների ու գոործիչների «առ ու ծախը», նախագահի կեղծ թեկնածուների առաջադրումը, և այլն:

Կարելի է նաև առանձնացնել «ներքին սոցիալական էքսպերիմենտներ», որոնք ծրագրվում և իրագործվում են Հայաստանի իշխանությունների կողմից (միգուցե՝ արտաքին աջակցությամբ): Երբևէ մտածե՞լ եք, թե ինչո՞ւ են որոշակի կենսական նշանակություն ապրանքների գները շատ հաճախակի բարձրանում, կամ, ինչո՞ւ է ԱՄՆ դոլարը վերջին 4 տարվա մեջ անընդհատ արժեզրկվում, կամ էլ, ինչո՞ւ են Երևանի 10 խոշորագույն փողոցները միանգամից քանդվում (և ոչ թե հերթով, որն, ըստ իս, ավելի տրամաբանական և արդյունավետ կլիներ): Իմ պատասխանը այս հարցերին մեկն է. այս ամենից որոշ անհատներ և կազմակերպություններ աստղաբաշխական շահույթներ են ստանում և միևնույն ժամանակ չափվում է հայ ժողովրդի դիմադրողականության մակարդակը: Որոշվում է մի կարևոր բան, թե, ի վերջո, որքա՞ն ենք մենք ընդունակ դիմանալու տարատեսակ տնտեսական և հոգեբանական ճնշումներին:

Հոդվածս կարող եք լուրջ չընդունել, ես պարզապես փորձել եմ համառոտ շարադրել այն, ինչ արդեն մոտ մեկ տարի է, որ մի փոքր այլ տեսանկյունից մտածում եմ Հայաստանում տեղի ունեցող երևույթների մասին` փորձելով կտրվել առօրյա թոհուբոհից:

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info

2մեկնաբանություն

  1. F5-admin

    #1

    Արի սենց էքսպերիմենտ անենք. արի դու ԱԼՄ-ի սիմվոլը փոխարինի Հ1-ի կամ մեկ այլ ալիքի սիմվոլով: Ու մի փոքրիկ հարց. հիմա ո՞վ է լավ մարդ՝ Մազմանյա՞նը, թե՞ Կարապետիչը: Իսկ ինչ վերաբերվում է հոդվածին, ապա, հետաքրքիր տեղեկություններ էր պարունակում: Միայն առաջարկում եմ՝ շատ չֆիքսվել այն հարցի շուրջ, թե ամեն մի ծրագիր փորձարկո՞ւմ է, թե՞ չէ: Ու նաեւ մի այդքան հետամուտ եղիր այն հարցի շուրջ, թե՝ եվրոպացիք կամ ամերիկացիք մեր վրա փորձեր են դնում: Երկրից հեռու մի գնա: Մերոնցից լավ փորձեր մեր ժողովրդի վրա ոչ ոք ավելի լավ չի կարող դնել: ԱՄՆ-ն մի բան էր ուզում, մի ուրիշ բան եղավ: Հիմա ո՞ւմից նեղանանք: Դու ինձ պարտքով փող ես տալիս, որ ոտքի կանգնեմ, ես էլ գնում էդ փողդ խմում եմ, որ գետնին տապալվեմ: Հիմա անունը դնեմ, որ դու ինձ փորձարկո՞ւմ էիր… Այնպես որ այսպես կոչված «ներքին սոցիալական էքսպերիմենտներ» լինում են ամեն օր ու ամեն վայրկյան: Օրինալ՝ Հազարամյակների մարտահրավերը ի՞նչ է, փորձարկո՞ւմ, թե մեզ օժանդակելու միջոց: Մի խոսքով, դժվար է միանշանակորեն մի վարկած պնդելը ու մյուսը՝ ժխտելը:

  2. Քաղաքացի

    #2

    Դեմ չեմ քո մտորումներին… Ես պարզապես մի քիչ ավելի գլոբալ էի նայում. չնայած կարող է և սխալվեմ: Մի բան իմ համար ակնհայտ է. դոնորները երբեք չեն ընդունում իրենց նախաձեռնությունների ձախողումը: Ինձ ամենից շատ այս ամեն ինչում մտահոգում է այն, որ մենք վերջին 1000 տարվա մեջ միշտ եղել ենք նույն կարգավիճակում, բայց այդպես էլ ազգովի դրա մասին չենք հասկացել: Կամ էլ հասկացել ենք, բայց հարմարվել ենք:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հասարակություն

Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին՝ թանկացումների ֆոնին

Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին համաշխարհային թանկացումների ֆոնին Ենթադրում եմ, որ շատ-շատերդ ինձ կմեղադրեք պոպուլիզմի եւ (կամ) քաղաքական սպեկուլյացիաների մեջ նման վերնագրի ընտրության համար, բայց հավատացեք, որ այս քաղաքական եւ…

Jojoba4

Հասարակություն

Ի՞նչ է ժողովրդավարությունը

Առաջին հայացքից ժողովրդավարությունը (դեմոկրատիա) շատերիս, համոզված եմ, նաեւ F5 բլոգի այցելուների համար թվում է պարզից էլ պարզ արտահայտություն, սակայն համոզված եմ նաեւ, որ ոչ բոլորն են հասկանում այս տերմինը այնպես…

Democrat4

Հասարակություն

Պահանջատիրություն. ի՞նչ ենք պահանջում

Գյուլը գալիս է… Ի՞նչ ենք ասելու, ի՞նչ սեղան ենք գցելու, ո՞նց անենք, որ չնեղվի, ոնց անենք, որ ցեղասպանության մասին հետը խոսենք: Տարբեր կազմակերպություններ իրենց այսօրինակ հարցեր են տվել, ոմանք պատասխանել են, ոմանք դեռ…

Phenomen6