Արտատպված է “Առավոտ” օրաթերթի այսօրվա համարից

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննելով այդ 14 պատգամավորների բացակայությունների մասին հարցը՝ որոշեց դրանք համարել հարգելի: 

Բացակայությունների թվով 1-ին տեղում ՀՀ նախագահի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը բացակայել է անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 286-ից: Նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, ըստ որի՝ ախտորոշված է, թե պրն Սարգսյանն ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ «կրիզային ընթացքով»:

2-րդ տեղում բացակայությունների թվով ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն է, որը չի քվեարկել 285 անգամ: Նրա ներկայացրած բժշկական տեղեկանքների համաձայն՝ պատգամավորը տառապում է «աջակողմյան պլեւրոպնեւմոնիայով» եւ «ասթմոիդ բրոնխիտով»: Հիշեցնենք, որ այս պատգամավորն այնուամենայնիվ գալիս է ԱԺ՝ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Անցած նստաշրջանում դրանք փաստորեն ընդամենը 7-ն էին:

3-րդ տեղում Մանվել Ղազարյանն է, որը չի քվեարկել 274 անգամ: Հայտնի է, որ նա ԱԺ չի մտել փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկի համաձայն՝ Մանվել Ղազարյանի մոտ մարտից սկսած ախտորոշվել է լարվածության ստենոկարդիա եւ հիպերտոնիկ հիվանդություն:

4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որը բացակայել է 268 քվեարկությունից: Որեւէ տեղեկանք նա չի ներկայացրել. միայն գրություն է հղել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով. «Բազմիցս եղել եմ գործուղումների արտերկրում, ինչի պատճառով չեմ կարողացել մասնակցել քվեարկություններին: Խնդրում եմ իմ բացակայությունները համարել հարգելի»:

Եվ վերջապես՝ 5-րդը Սամվել Ալեքսանյանն է, որը ներկա չի եղել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 249-ին: Նրա անաշխատունակության թերթիկի համաձայն՝ պատճառը պատգամավորի աջ ծնկան հոդն է: