ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանն իր ելույթում մասնավորապես ասել է.

-Այսօր պարզ է արդեն, որ ՀՀ իշխանությունը հրաժարվում է կատարել իր ամենակարևոր սահմանադրական իրավունքը և բարոյական պարտականությունը՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդին։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ այն մասին, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն։

Ա. Այվազյանը հավելել է, որ ամբողջ աշխարհում իրավական, քաղաքական միտքը Ցեղասպանության ժխտումը գնահատում է որպես Ցեղասպանության եզրափակիչ փուլ։
-Մի՞թե այս բաները չեն կարդացել ՀՀ արտգործնախարարությունում, ՀՀ իշխանությունները, որ չեն փորձում պայքարել Ցեղասպանության ժխտման դեմ։
Ա. Այվազյանը նշել է, որ նախաստորագրված արձանագրություններով Հայաստանն ինքն է հարցականի տակ դնում իր այսօրվա իրավունքներն ու անվտանգությունը։
-Նշանակում է՝ արձանագրությունների ստորագրումից և վավերացումից հետո Թուրքիան շարունակելու է իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամաբ։ Մեր ղեկավարներն ինչո՞ւ չեն մեկնաբանում Էրդողանի լկտի խոսքերը։ Գաղութարարի խոսքեր են՝ գաղութացված պետության հասցեին ուղղված։ Ի՞նչ է նշանակում՝ ձերբազատվե՛ք Սփյուռքի ազդեցությունից. Սփյուռքը ձեզ լավ բան չի տալիս։ Սփյուռքն իրենց ստեղծած միավորն է, Սփյո՛ւռքն է արգասիքը Ցեղասպանության։ Ուզում են Սփյուռքը, կտրելով Հայաստանից, արագացված տեմպերով ոչնչացնել, որից հետո, բնականաբար, Հայաստանի հերթն է գալու։ Ի՞նչ է նշանակում, երբ Էրդողանն ասում է՝ մենք ցանկանում ենք վերադարձնել Օսմանյան կայսրությունը ժամանակակից Թուրքիային։ Ինչո՞ւ չեն մեկնաբանում Հայաստանի իշխանություններն այս արտահայտությունը։ Օսմանյան կայսրությունը հայերիս համար նշանակում է Ցեղասպանություն։ Քարտեզներն արդե՛ն այդպիսին են։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավարը, խոսքն ավարտելով, դիմել է այն մարդկանց, ովքեր պատրաստվում են վավերացնել նախաստրոգարված արձանագրությունները.
-Եթե դուք գնալու եք իշխանության կոչերի հետևից, ժողովրդի առջև՛ եք պատասխան տալու։ Ժողովուրդը կանգնելու է և իր իրավունքներն է պաշտպանելու, որովհետև իր անվտագության, կյանքի շահն է։ Մի քիչ վատ եք հաշվարկել. իշխանությունն էլ է վատ հաշվարկել, եթե կարծում է, որ հայ ժողովուրդն ինքնապաշտպանությամբ չի զբաղվելու։

louysworld.com