Alik'-ի ավատարը

* ** *
Ջահելությունն
Ինքնին արդեն մեծ զարդ է,
Նրա ճամփեն
Միշտ գեղեցիկ ու հարթ է,
Երբեմն լեզուն
Մեզ անծանոթ ու խորթ է
Դրանից էլ,
Լինելը նրա հետ քիչ բարդ է…

18.11.09

* ** *

Հույսով եմ, մեր դեմ
Արտացոլումն է մեկ այլ «հանդեսի».
Հույսով եմ մի օր
Կկոտրի հայելին այդ չարատեսի.
Տեսնում եմ այստեղ
Շատ բնական է դիմակ կրելը,
Հույս ունեմ մեզ մոտ
Պարսավանք է դեռ երես փոխելը…

25.08.09

* ** *

Մեկ անգանմ էլ փորձ արեցի,
Որ իմ տեղը ես -գտնեմ…
Կրկին անգամ անօգուտ փորձ,
Չկա տեղն այդ, որ գտնեմ:
...Ու ես նորից կյանքն իմ զավեշտ,
Քմծիծաղ եմ կարծելու,
Ապրելու եմ այսպես դժբախտ
Կամ… դիմակ եմ կրելու…

15.05.09

* ** *

Նա չէր մնալու, ես դա գիտեի,
Պիտի հեռանար ադամամութին,
Եվ վարկյան տևած ժամերի վկան
Աստղերն էին և… մի կիսատ լուսին:
Նա հեռացավ ճիշտ իր ժամանակին
Եվ մենակ էի ես ադամալուսին,
Ու վկա դարձան աստղե՛րը մարող
Ո՜նց սիրտս դարձավ մի կիսատ լուսին…

08.06.09

* ** *
Պապս ասում էր. «Սուտ ասողից
Հազար կանգուն հեռու փախչեմ,
Ճիշտ խոսողի դռանը կապած
Թեկուզ շան պես անվերջ հաչեմ...:»
Ես, երևի պապիս նման
Հաչելու մեծ պահանջ ունեմ,
Այնինչ հիմա անտեր շան պես
Սիրտ մաշելով կլանչում եմ…

27.05.09

* ** *

Պարարտ կրծքի
Մետաքսաձայն թույլ շրշյունով,
Ծիրանափող
Հնչյունների քաղցր խաղով
Ու մեղրածոր
Շարժումների նուրբ նազանքով,
Կանչում է «նա»
Իր գիրկը գաղջ, ինձ խաբելով…

* ** *

Ամեն գիշեր, երբ հանգում են լուսերը,
Ու քաղաքը փակում է իր աչքերը,
«Մեղքը»՝ հագած իր մութ ու սև շորերը
Խրախճում է, հաշվելով իր զոհերը…
Քանի՞ հոգի շեղեց այսօր իր ճամփեն,
Քանի՞ հոգի ընտրեց դժոխք ու գեհեն,
Քանի՞ հոգի մոլորվելով մտածեց,
Թե խաբել է սատանային ստաստեղծ…

22.06.09

* ** *

Ինչո՞ւ մարդս երկտակվում է,
Ինչո՞ւ այսպես մասնատվում է,
Հաշտ չի ապրում ինքն իրեն հետ
Ու շարունակ պառակտվում է…
Աջ ձեռքը այս, ձախը` այլ կողմ
Մի այլ կողմ է գնում ոտքը,
Հոգին մի կողմ, սիրտը` մյուս,
Բայց այլ կողմ է գնում միտքը…

07.07.09

* ** *

Հավերժ արևի շողերը անտես
Կատարելով մի յուրահատուկ ծես,
Դառնում են սնման աղբյուր անապակ,
Որից օգտվում է ամեն մի համբակ:
Բայց ինչպես «էշը չգիտի նուշը»,
Նրանք էլ չգիտեն, թե ի՞նչ է լույսը,
Եվ ցինիմության զորեղ մամլիչով
Ճզմում են հաճախ վառ արշալույսը…

12.07.09

* ** *

Հեծեծում է դառն ու աղի թաց բարուրը,
Որը իր մեջ թաքցնում է կյանքի մուրը,
Որը իր մեջ փաթաթել է սև մրուրը
Ու խեղճ մարդուց թաքցնում է շիտակ լուրը…
Ու փոխարեն փայլփլում է «կախված սուրը»,
Գովազդվում է «մեղրածորող» կեղծ համբույրը,
Ու բոլորին հրամցվում այն կեղծ լուրը,
Թե մեր քիթը հոտոտում է նեկտար բույրը…

06.09.09

* ** *

Ես չեմ սիրում գծուծ մարդուն,
Բայց նա պետք է,
Եվ այդ նա է, որ մեր պեսը
Քիչ տնտես է…
Ես չեմ սիրում և մատնիչին
Գուցե պե՞տք է…
Բայց այդ նա է, որ մեր պեսը
Ամբողջ կյանքում միշտ անպետք է…

17.04.09

* ** **

Քո աչքերի հենց գույնը
Արդեն ինձ խորթ է,
Քեզ հասկանալն ինձ համար
Խրթին ու բարդ է:
Ի՞նչ նյութից ես պատրաստված
Սա շատ մեծ հարց է,
Հավերժ այրվող կրակում
Չայրվելն աբսուրդ է…

26.12.09

* ** *

Հարց իմ երկրի խելոք ... տերերին.
«ի՞նչ է որկորը ու ի՞նչ է փորը»:
Թե պատասխանեն միայն մի կեսին
Կկտրեմ ձախիս բոլոր մատները,
Մյուս կեսին էլ գտնեն պատասխան
Կկտրեմ աջիս բոլոր մատները:
...Եթե խելոք են երկրի տերերը
Մշակին պետք չեն էլ իր «ձեռքերը»…

16.04.09

* ** *

Քո վարմունքը ինձ համար
Մեծ հանելուկ է,
Նիստ ու կացդ, ի՞նչ ասեմ,
Միայն տաղտուկ է…
Հողից ելել ու նորից
Հող ենք դառնալու,
Բայց «երկնային հոր» շնչից
Քո հոգին զուրկ է…

26.12.09

* ** *

Կարող եմ ես և լինել
Ընկերը այն շան,
Նրա հետ մեկտեղ և ճաշել
Ոնց մի բարեկամ…
Իմ մասին ես մեծ կարծիք
Չէ, չունեմ իսկի,
Հանուն կատվի մի ձագի էլ
Պատրաստ եմ ռիսկի…

.
28.12.09

* ** *

Սուր «բուրում»էր նորածնի թաց բարուրը
Ու լսվում էր ծննդկանի երգ օրորը,
Երգից պոկված ամեն մի բառ ամեն հնչյուն
Պտտվում էր անմեղության շուրջ բոլորը:
Տարածվել էր մոր սուրբ կաթի մեղմիկ բույրը
Ու պարուրել կեղտով «բուրող» թաց բարուրը,
Իսկ հոգնատանջ ու քրտնած մեղմ զեփյուռը
Հալածում էր գուժով «բուրող» տխուր լուրը…

11.10.09

* ** *

Դռնփակ նիստ է ներսումս,
Հոգուս տվել են դատի.
Սպասում են բոլորը լուռ,
Որ լեզուն իրենն ասի:
Իսկ լեզուս բույկոտում է,
Բողոքում, հուզվում…
Առանց հոգի մի ծպտուն
Հանել չի ուզում…

22.10.09

* ** *

Շողերն ինձանից հեռու են լողում,
Սառույցն է կամաց ծոցս սողոսկում,
Շոյում է գլուխս մի մանուկ քամի
Բայց սփոփողի դերից է սոսկում…
Երբեմնի հնոց սիրտն իմ բոցկլտուն
Թաղված է հիմա հար սառույցի տակ,
Սովորականի նման կա արև,
Բայց ափսոս չկա ջերմության քանակ…

13.07.09

* - -*- *

Բաժանումից` մորմոք կսկիծ,
Հրաժեշտից` դառը թախիծ,
Վառվող սիրուց ծագող մի լույս,
Մարող սիրուց մի վերջալույս…
Այս բոլորը ծալծլվում է
Ու մեր ներսում դարսվում է,
Իսկ արցունքը դրանք թերթում
Պատճեն հանում դուրս է բերում…

28.03.09

* ** *

Ես հոգնել եմ ու չեմ խաղում
Էս խաղը,
Բեզարել եմ ու չեմ ուզում
Էս թաղը,
Ուժ չմնաց, չեմ թաղելու
Էս բաղը,
Ձեզ եմ թողնում մարդ զտելու
Հին մաղը…

06.06.09

* ** *

Ես չեմ ուտի և այն հացը,
Որը թոնրում ձեռք է այրել,
Չեմ ընդունի այն մատաղը,
Որ մորթվելիս աղ չի կերել…
Խուսափում եմ և այն բարուց,
Որը իրեն հաստատելուց,
Դուրս է եկել նեղ ափերից
Ու չի ջոկել ,,թացը” ,,չորից"…

17.04.09

*- ** *

Արյունը աչքին բերանին փրփուր,
Կրակ երախին սիրտը այրող հուր,
Գալիս է երկար, դարերի խորքից
Եվ առաջ կանցնի նա դեռ դարերից…
Չէ, սա անմահ է, բայց անուն չունի,
Հատուկ անունով նրան չես կոչի,
Սա ես եմ դու ես, մենք ենո ու նրանք…
Սա մարդու ներսի գազանն է դաժան:

28.02.09

* ** *

Ո?ւր է ախար քո հոգին
Ընկեր, բարեկամ,
Չէի ուզի, որ քեզ հետ
Նույն ,,հայրն” ունենամ,
Չեմ ուզի, որ արմատը
Մեր նույնը լինի,
Կամ մեր ճամփեն իրար հետ
Մեզ մի տեղ տանի…

26.12.09

* ** *

Մեծամիտ չեմ ես բնավ,
Ինձ ճիշտ հասկանան,
Ուրիշ ավիշ է իմ մեջ
Ուրիշ նյութ ու ,,բան"…
Ինձ բարձր ես չեմ դասում
Սա լավ գիտենան,
Կարող եմ ես և ապրել
Ոնց թափառական…

27.12.09

* ** *