Խոսքս նոր հիվանդության մասին չէ, այլ՝ Երեւանի օդանավակայանի: Գործի բերումով երկրորդ գիշերն անընդմեջ անցկացնում եմ մեր օդանավակայանում, ու առիթ ունեցա շփվելու եւ հերթական անգամ զզվելու մեր բարքերից ու տիրող իրավիճակից: Այսօր էլ պատահաբար տեղեկացա, որ Երեւան-Մոսկվա չվերթ կատարող ինքնաթիռն ինչպես է մի կերպ շրջանցել հնարավոր աղետը, ու հիշեցի իմ՝ օդանավակայանի հետ կապված տպավորությունների մասին:

Որ նոր կորպուս են շինել արգենտինահայերը, ավելի ճիշտ՝ Էռնեկյանը, գիտեք բոլորդ: Ու նաեւ կիմանաք, որ դիմավորումներն այլեւս նոր մասնաշենքում են կազմակերպվում: Թվում է, թե ամեն ինչ մոտ է եվրոպական ստանդարտներին (թեեւ, ամենամոտը երեւի գներն են, ասենք, մեկ շիշ ապարան ջուրն արժե 640 դրամ): Սակայն կան, այնուամենայնիվ, «մանրուքներ», որոնք միանգամից քեզ հիշեցնում են, որ Երեւանում ես:

Առաջինը, որ կուզեի նշել, դա դիմավորման սրահից մինչեւ ավտոպարկ ձգվող մի 20-30 մետր ճանապարհն է, որը ոչ մի բանով չի տարբերվում Երեւանյան փողոցներից՝ փոսեր, ճաքած-ջարդուխուրդ եղած մասեր… Մի 20 րոպե սպասելիս, ականատես եղա, թե ինչպես են փուլ գալիս ուրախ-ուրախ Երեւան ժամանած հայերի ու հյուրերի ճամպրուկներով լի սայլակները: Ինչպես ասում են՝ բարի գալուստ Հայաստան: Եկա՞ք, լավ արեցիք, դե հիմա կամաց-կամաց, դեռ օդանավակայանի տարածքը չլքած, սովորեք մեր փոսերին: Իրոք, ամոթալի վիճակ է, երբ անհասկանալի դիմախաղով գերմանացին զարմացած նայում է, թե ինչպես սայլակը քշող ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ուզած-չուզած սայլակը գլորում փոսը, ճամպրուկներն էլ հանգիստ վայրէջք են կատարում գետնին. կեղտոտվում ու փոշոտվում…

Երկրորդը՝ սպասասրահի կոնդիցիոներների թուլյլ լինելն է… բավական է մի 50-100 մարդ հավաքվի, ու այլեւս շնչելու օդ չկա… Հնարավոր էլ չէ դուրս գալ եւ դռներից այն կողմ օդ շնչել, որովհետեւ դրսում է օդն ամբողջովին լցված է ծխող դիմավորողների ու չստիկներով տաքսիստների ծխախոտի հոտով…

Էդ տաքսիստները՝ մեկ այլ տրագեդիա են: Մոտենալն ու «չամռվելը», թե՝ տաքսի պե՞տք է… առանց ջոկելու, թե հարցը Մոսկվա-Երեւան կամ Աստրախան-Երեւան չվերթներից իջած խոպանչիներին են տալիս, թե Վիեննա-Երեւանի արտասահմանցի հյուրերին: Բա դրանց արեւածաղիկ չրթելը… ուրիշ բառ չկա՝ հենց չրթելը… Ու ոչ մեկ չկա, որ ասի՝ ռադներդ քաշեք Ձեր քուչեքում գետինն ու օդը կեղտոտեք…

Դե, չորրորդն էլ, իհարկե, տեղի դիմավորողներն են, ովքեր ավտոները բերում-կանգնացնում են ուր ասես… հնարավոր լիներ, միանգամից «պալասա» կքշեին…

Նայում ես շուրջբոլորդ ու քեզնից անկախ հոգոց հանում՝ չէ, սա Ռիո-դե-Ժանեյրոն չէ այլ մեր welcome-ը բոլոր Երեւան/Հայաստան ժամանած մարդկանց, այդ թվում՝ ոչ տեղաբնակներին…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!