Ավելի լայն թափով... Հայաստան 2020 (ևս մի մարազմ)
Մար 27

Ազիան'-ի ավատարը

Երեկ «Հայկական Ժամանակ» թերթը, ի հակադրություն «մոնտաժելու եւ ստեր ցուցադրելու «Հայլուրի» ու մնացած «հայլուրիկների» հնարավորությունների», որոշել էր ներկայացնել իր տարբերակը Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ին արտասանած ճառերից, որտեղ, ըստ խմբագրության, չկան բռնության կոչեր:

Եվ այսպես, ըստ «Հայկական Ժամանակի» մեջբերումների, որ «վերցվել են մարտի 1-ին քաղաքապետարանի մերձակա հրապարակում արված տեսաձայնագրությունից», Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ. 

«ոչ մի վնաս չպետք է հասցվի հրապարակում կանգնած մասնավոր մեքենաներին», սա թերեւս ամենաանմեղ հայտարարությունն է, որը սակայն քրեական տարրեր է պարունակում, քանի որ հարձակման հիմնական թիրախ, ինչպես հիշում ենք, սկզբնական շրջանում դարձան ոստիկանության, այսինքն` պետական սեփականության մեքենաները եւ այնուհետեւ՝ հանրային տրանսպորտային միջոցները: «Այդ 50 հոգի տղաների շնորհքն է, նրանք հերոսներ են, որովհետեւ նրանք ոչ միայն հետ մղեցին ոստիկաններին, այլեւ պատսպարվեցին», ոստիկանությանը դիմադրություն ցույց տված անձանց ոգեւորելը նույնպես քրեորեն պատժելի արարք է: Փաշինյանի ելույթի հաջորդ հատվածների մեջբերումն էլ ավելի է խորացնում ու ապացուցում, ոչ միայն վերջինիս կատարածը, այլեւ այս ամենում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներգրավվածությունը: «Առաջին նախագահը վերլուծելով իրավիճակը հասկացավ, որ սա ամենահարմար տեղն է մնալու, մանավանդ որ իմացավ, որ տրոլեյբուսներ կան, պատնեշներ կան...», ըստ այս մեջբերման, փաստորեն առաջին նախագահը իմացել է ստեղծված իրավիճակը եւ ոստիկանությանը հակահարված տալու հավաքվածների վճռականությունը եւ խրախուսել այն: Հաջորդիվ, կարող ենք ասել, քրեական հանցանքն էլ ավելի ապացուցելի է դառնում, մեջբերենք «Հայկական Ժամանակից». «ստեղծել պաշտպանական դիրքեր, որպեսզի չկարողանան տեխնիկա մտցնել, ջրցան մեքենաներ, «ԲՏՌ»-ներ եւ այլն», այսինքն` Փաշինյանը ուղղակի դիմադրական գործողությունների ցուցումներ էր տալիս հավաքվածներին, ինչը նույնպես հանցակազմ է պարունակում:

Նման մեջբերումների շարքը դեռ կարելի է շարունակել, թերեւս ավարտենք սրանով` «ուստի ես ձեզանից յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան` ինքնապաշտպանություն կազմակերպելու համար, կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ: Տղեք, չեք պատկերացնի, թե հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ եւ մահակներ եք խլել, ապրեք դուք»:

Եթե այս սղագրությունը ներկայացնելով «Հայկական Ժամանակը» ցանկանում էր ապացուցել, որ «հայլուրիկները» ստահոդ լուրեր են տարածում եւ որ Փաշինյանը բռնության կոչեր չի արել, ապա պարզ է, որ դա նրան հաջողվեց 180 աստիճան հակառակ իմաստով: Այսինքն` այսօր արդեն դատախազությունը կարող է նաեւ օգտագործել թերթի այս մեջբերումները Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված գործի շրջանակներում: Այստեղ, իհարկե, բնական հարց է առաջանում, մի՞թե «Հայկական Ժամանակում» չէին հասկանում, որ մեջբերումներ են կատարում գլխավոր խմբագրի արտասանած ոչ լավագույն հատվածներից եւ փաստորեն հերթական անգամ «քաշում» են իրենց խմբագրին: Սա կա՛մ միամիտ անմեղության, կա՛մ էլ մտածված քայլ էր, որով ցանկանում են ավարտել թերթի խմբագրի թափուր տեղի համար ընթացող պայքարը:

Մ. Ա.

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն

  1. Phenomen

    Առակդ ի՞նչ կցուցանէ, Ամատունի:

    Հանցակազմ ես ֆիքսում. է դատախազությունն էլ է ֆիքսել, Նիկոլն էլ հետախուզման մեջ է: Էլ ի՞նչ էս ուզում: Թերթին գլխի գցես, որ իր խմբագրի դեմ է գրու՞մ: Այդ դեպքում առաջարկում եմ գրես “ՀԺ"-ին: Համոզված եմ, որ սույն բլոգում նման բովանդակության հոդվածներով միայն պարսավանքներ կստանաս: Քանի-որ ՝ մեր ջուրն ուրիշ ջրեն է

  2. F5-admin

    Հարգելի Phenomen, Ամատունու առակը ոչ մի բան էլ չի ցուցանում: Սա պարզապես մեջբերում է այսօրվա «Ազգ» թերթից:

    Եվ մի փոքր մեկնաբանություն՝ Ամատունուն ուղղված Ձեր խորհուրդներից: Մեր բլոգը իրար պարսավելու տեղ չէի ցանկանա դարձնել: Բլոգը մտքերով իրար հետ կիսվելու, եւ ոչ թե իրար խարազանելու տեղ է: Ասեմ ավելին, լավ կլիներ, որ «մյուս կողմում» լիներ ոչ միայն Ամատունին, այլ նաեւ նրա նման մտածող այլ անձինք եւս: Այս դեպքում ավելի հետաքրքիր կլիներ…

    Իսկ ընդհանուր առմամբ, եկեք իրար հետ մտածենք, եւ ոչ թե բաժանվենք բանակների: Բաժանվելուց էլ բաժանվենք տարբեր կարծիքների համախոհների բանակի՝ չկորցնելով մեկմեկու հանդեպ հարգանքի զգացումը:

  3. Phenomen

    Ադմինի առաջարկները, խորհուրդներն ու ցանկությունները ընդունեցի ի գիտություն: Միայն մեկնաբանություն ունեմ:

    Ասեմ ավելին, լավ կլիներ, որ «մյուս կողմում» լիներ ոչ միայն Ամատունին, այլ նաեւ նրա նման մտածող այլ անձինք եւս:

    Ավաղ, Ադմին ջան, հենց թեկուզ մեր բլոգում է երևում «ուժերի» համամասնությունը: Չկա այն մասսան, որը կցանկանար աջակցել «Ազգ»-ին կամ նրան մեջբերող Ամատունուն՝ իբր թե «կեղտ բռնելով» քաղաքացիական-հասարակական շարժման վրա: Կան անհատներ, բայց զանգված, որը պատրաստ է (նյութերով ու փաստերով) պաշտպանել ձևավորված հասարակական-քաղաքացիական շարժումը «սխալ հանելու» ինչ-որ գաղափար, չկա:

    Տեղին կլիներ մեջբերել այսօրվա «Առավոտ»-ի խմբագրականը…

    Նպատակը պարզ է՝ վախեցնելը, ահաբեկելը: Բայց արդյունքը, կարծում եմ, հակառակն է ստացվում. հակաիշխանական շարժումը դառնում է ոչ թե քաղաքական, այլ հասարակական, եւ Տեր-Պետրոսյանն իր ակտիվիստների հետ նահանջում է երկրորդ պլան:

    Ինչո՞ւ եմ մեջբերում. քանզի հստակ տեսնում եմ, որ նմանօրինակ հոդվածներով քաղաքական ու հասարակական ցածր գիտակցություն ունեցող մի մասսա արդեն վիրավորում է ոչ թե Լևոնին ու նրա համախոհ քաղաքական դեմքերին, ինչը սկսել էր ամիսներ առաջ, այլ հասարակությանն ու նրա արդարացի ընդվզումը: Իսկ դա անհիմն ու դատապարտելի է: Ու եթե, այդքանը գիտակցելով, ես օգտվում եմ ինձ ընձեռնված եզակի հնարավորությունից՝ այս բլոգից, մարդու այդ տեսակին պարսավելու համար, ապա խնդրում եմ դա ընդունել որպես իմ իրավունք՝ անկախ Ադմինի կամ Ամատունու ցանկությունից:

  4. F5-admin

    Հարգելի Phenomen, ուրախ եմ, որ այս բլոգը դուք համարում եք Ձեր մտքերն ազատորեն շարադրելու մի տեղ: Հենց այդ նպատակի համար էլ ստեղծվել է այս կայքը, որի կարգախոսն է՝ Your Fresh Ideas - Online!

    Խոսքս ավելի շուտ այլ բանի մասին էր, քան՝ Ձեր մտքերն ազատ արտահայտելուն: Որքան շատ արտահայտեք Ձեր մտքերն ազատորեն եւ որքան շատ ազատ մտքեր արտահայտեք, այդքան ավելի լավ ե՛ւ Ձեզ, ե՛ւ մեր բլոգի մյուս անդամների, ե՛ւ նաեւ, չեմ թաքցնում, մեր կայքի համար: Սակայն, եկեք փորձենք ամեն ինչը անել, կներեք խոսքիս համար, ավելի «քաղաքակիրթ ձեւով»՝ առանց իջնելու «անձնական հարթություններ»:

    Եթե մի հարցով մենք համակիր ենք, մեկ այլ հարցով էլ կարող ենք դառնալ «հակակիրներ» (չգիտեմ էլ, այսպիսի բառ կա՞ հայերենում, թե՞ ոչ): Եւ եթե մենք հակակիր ենք, ապա եկեք ներկայացնենք մեր մտքերը, փորձենք բանավիճել փաստարկված, եւ խոսենք մտքերի եւ հայացքների, եւ ոչ թե այդ մտքերը եւ հայացքները կրողների վերաբերյալ:

    Հմո չե՞ս smile

  5. Ազիան

    Հարգարժան Ադմին, անկախ իմ ցանկությունից (չէի ուզում գրել), թույլ տվեք դիմել Հարգելի Phenomen-ին:

    Հարգելի Phenomen: Քո «ի գիտություն» ընդունելը, այնքան էլ ի գիտություն չէր, դա, իհարկե, քո գործն է, սահմանադրությամբ քեզ այդ իրավունքը վերապահվում է: Մի՞թե իմ մտածողության մեջ ոչ մի դրական կամ օգտակար կենսական տարր չգտար, կամ, ասենք, «սերմ», որ հնարավոր լիներ աճեցնել խոսքը, նպատակաուղղել համակարծության և ոչ պառակտելուն:

    Եթե նույն նյութը, որ ցուցանող առակ ես համարել ու սպառնացել պարսավանքներով, տպագրեր «Առավոտը», ուրեմն լա՞վ կնայվեր քո կողմից, եթե «Ազգը» ուրեմն՝ «կե՞ղտ են բռնում» քաղաքացիական-հասարակական շարժման վրա:  Բա եղա՞վ, «մարդու տեսակներ» ես ման գալիս պարսավելու համար, մենք հո թշնամի չե՞նք, ի՞նչ պարտադիր է մտածենք ինկուբատորային միանման մեթոդներով:

    Մոռանում ե՞ս, որ հասարակությունը անհատներն են ձևավորում, ասենք՝ քաղաքական ու հասարակական ցածր գիտակցություն ունեցող (քո կարծիքով) մի մասսան քո աչքին թշնամի է երևում: Հոպպա, ֆոկուս- մոկուս: Դուրս եկավ,որ մի մասսան առաջադեմ է (դու և «քո պես»-ները՝ «ով մեզ հետ չէ մեր դեմ է» սկզբունքով), իսկ մյուսը՝ ...մասսա ,որը վիրավորում է ոչ թե Լևոնին ու նրա համախոհ քաղաքական դեմքերին ու քաղաքացիական-հասարակական առաջադեմ շարժումը: Խե՜ղճ քաղաքական ու հասարակական ցածր գիտակցություն ունեցող մասսա, կորար (Phenomen, ինձ, «Ազգ» թերթին ու իմ տեսակի մարդկանց գցել է այդ մասսայի մեջ, հավատացեք ինքս չեմ ուզել: -Ծ.Հ)

    Բայց դե, Phenomen, մասսաներին հարգել է պետք, մերոնք են, հայեր, հո չե՞նք պատերազմելու մեկս մյուսի դեմ:

    Գոնե լավ էր, մխիթարություն էր քո համար, որ, անկախ Ադմինի կամ Ամատունու(իմ) ցանկությունից, կար այս բլոգի ընձեռնված եզակի հնարավորությունը՝ հասարակական ցածր գիտակցություն ունեցող մարդու «մեր տեսակիներին» անարգանքի սյունին գամելու համար:

    Հ.Գ. Հա, էն թափթփուկ գեներալի էջում նպատակահարմար գտա ևս 1 մեկնաբանություն թողնել:

  6. Phenomen

    Լավ ժողովուրդ, քանի որ դուք կարծում եք, որ ինչ-որ բան ես անձնականացրել եմ /չեմ գտնում, ցույց տվեք/, ապա ձեր համաձայնությամբ փակենք բանավեճը այս հարցի շուրջ: Եթե համարում եք, որ “կան անհատներ, բայց չկա զանգված” արտահայտությունը անձնականացնելու դրսևորում է՝ ձեր գործն է, ես այդպես չեմ համարում: Ես համենայն դեպս դուրս եմ գալիս բանավեճից, քանի-որ շարունակելու դեպքում իմ տերմինաբանությունը չի փոխվելու՝ “հանցակազմի բացակայության պատճառով”, և դա անտեղի լարվածություն է ստեղծելու:

    Այս բլոգում շատ եմ հանդիպել թերթերից ու ինտերնետային պարբերականներից պատճենված հոդվածներ կամ նրանց հատվածներ, հիմնականում ինֆորմացիոն բնույթի, սակայն, այ Ամատունի ջան, այս հոդվածը այստեղ ներկայացնելով ի՞նչ արձագանք կամ մեկնաբանություն էիր ակնկալում: Մի՞թե սա այն հոդվածն է, որի շուրջ կարող էր առողջ մեկնաբանություն ծավալվել: Ինձ համար համենայն դեպս սա իմաստից զուրկ թեմա էր, որի վառ ապացույցն էլ հանդիսացել է այն, որ Ադմինը այն տեղադրել է - не рыба, не мясо - “Առօրյա” կոչվող բաժնում: Սակայն ամեն մեկի իրավունքն է գրել այն, ինչ կարող է և ցանկանում է գրել:

    Վերջում ուզում եմ անդրադառնալ համակիր / հակակիր պարադոքսին: Իրոք, այսօր իրար կողքից ենք նայում, վաղը միգուցե դեմ դիմացից, կյանքն է այդպիսին: Սակայն ուզում եմ նաև այս կայքում բերել իմ սկզբունքների “փաթեթը”:

    Տարբեր ինտերնետային ֆորումներում գրել եմ. ես Սերժական չեմ, ես Լևոնական չեմ, ես հայ մարդ եմ՝ մտահոգված Հայաստանի ապագայով, քանի որ ոչ հեռու ապագայում վերադառնալու եմ Հայաստան: Ես կողմ եմ այն ղեկավարությանը, որը 1. Հայաստանից կվերացնի կոռուպցիան, 2. խոշոր գործարարներին կբերի հարկային ու մաքսային դաշտ, 3. կլինի պրոֆեսիոնալների ղեկավարություն: Եթե վաղը Ամատունին ինձ երաշխիքներ ցույց տա, որ կապահովի այս 3 կետը, ամբողջ էներգիայով կլծվեմ Ամատունու անձի պրոպագանդային, կհավաքեմ համախոհների բանակ, նստացույց հացադուլ դասադուլ - ամեն ինչ կանեմ՝ Ամատունուն Հայաստանի ղեկավար տեսնելու համար: Խորին համոզմունք ունեմ, որ այսօրվա ղեկավարությունը իմ երազանքի 3 կետերի լրիվ հակառակ քաղաքականությունն է տանում: Վստահ եմ, ու ինքս էլ տվել եմ հնարավոր լծակների մեխանիզմներ, որ Լևոնը իր թե քաղաքական կամքով, թե շրջահայացությամբ, կապահովեր նշված կետերից գոնե մեկը:
    Շնորհակալ կլինեի, եթե Ամատունին նույնպես ներկայացներ իր հայացքները: Այ դա կլիներ նորմալ բանավիճելու և քննարկելու թեմա:

  7. Քաղաքացի

    Ամատունի ջան ի տարբերություն Ազգի, գոնե ՀԺ-ն ամբողջությամբ տպել էր այն ինչ եղել է: Իսկ ազգը կրկնօրինակել է Հայլուրին այո` մեջբերելով հատվածներ Նիկոլի խոսքից:

    Ես քեզ մի անձնական խորհուրդ տամ, եթե դեմ չես:

    - Վեչլուծություններդ հիմնի փաստերի և ոչ թե այլոց կողմից արված վերլուծությունների վրա: Այս մտքի հեղինակը ես չեմ, բայց այն ավելի քան արդիական է: Երբ որ դու վերլուծում ես Հայլուրի կամ թեկուղ ՀԺ-ի վերլուծությունների հիման վրա ապա իրականությունից շատ հեռու բան է ստացվում:
    - Փորձիր վերլուծական շրջանակդ անկողմնակալ պահել, այսինքն նախատրամադրվածություններից ձերբազատվի:

    Հիմա մի երկու բառով էդ տխրահռչակ հոդվածի մասին:

    Մի հարց քեզ: Եթե քեզ մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում ծեծեին, դու Ֆրանսիայի դեսպանատան մոտ էլ թույլ կտաիր, որ քեզ ծեծեին? ԹԵ դու էլ, որոշ նուրբ ասած անմարդասերների նման կարծում ես, որ եթե “հայրենի” ոստիկանությունդ քեզ ծեծում է, ուրեմն ճիշտ է անում ու դու իրավունք չունես պաշտպանվելու: Եթե դու այդպես ես կարծում, միանգամից ասա, որ քեզ իմանանք ում հետ գործ ունենք:

    Երեկ ու այսօր մոտ 80 քաղաքացի մերման է ենթարկվել ոստիկանություն Հյուսիսային պողոտայում զբոսնելու համար: Հիմա ով է պառակոտւմ “ազգը”? Ես? Մենք? Թե ոստիկանություն, որը կատարում է գիտես թե ում հրամանը? Ազգը միշտ պառակտել երկու հոգի իրենց ծառաներով` ստրուկներով, Ազգի, Հայլուրի ու Հայոց Աշխարհի նման: Ու մտցրել են որոշների ուղեղը, որ ազատության համար պայքարը դա պառակտում մտցնել է ու նաև մեր դիրքերը թուլացնելը հարևանների նկատմամբ: Պարզապես այդպես կարծողները էնքան տխմար են, որ չեն հասկանում, որ եթե ներսում պաշտպանված չեն մարդու իրավունքները, ապա այդ երկիրը աարզապես չի կարող զարգանալ ու գոյատևել, էլ ուր մնաց հարևանների նկատմամբ առավելություններ ունենալ:

  8. Ազիան

    Մի երկու նկատառում Phenomen-ի սույն տեղում գրված թիվ 6 մեկնաբանման:
    Այնքան էլ չի երևում Phenome,որ ,,դուրս ես գալիս բանավեճից,, : Կրկին ու կրկին քո ցանկությանը հակադրել ես ծավալուն մեկնաբանությունդ’ ինչ որ բան լսելու ու բանավիճելու ակնկալիքով: Ի հիասթափություն քեզ ու քո 3 կետերի, ես քեզ ոչ մի երաշխիք էլ չեմ տա,քանի որ չեմ ուզում իմ անձը պրոպագանդես ինձ Հայաստանի ղեկավար տեսնելու համար, Թե ի՞նչ է քաղաքականությունը ես միանշանակ պատասխանել եմ:
    Ինչ վերաբերվում է քո ներկայացվող քաղաքական հայացքներին:Ես էլ եմ մտահոգված Հայաստանի ապագայով ու կիսում եմ 3 կետիդ դրույթները,ավելին
    ,,հիվանդի,, ապաքինումը գտնում եմ պետք է սկսել մարմնից,ամրացնել համայնքային ստորին օղակները ապահովելով ժողովրդավարությունը:Ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքն է իր իրավունքի տերը,առաջինը ինքը պահանջի, որ հարևանը հարկ մուծի:
    Կոպիտ սխալ է հարցերի լուծումը փնտրել անձնական հարթության մեջ,եթե գտնում ես թե Լևոնը իր քաղաքական կամքով, շրջահայացությամբ, կապահովեր հաջողություն,չարաչար սխալվում ես:Ո՞վ է առաջինը
    սկսել ծծել ժողովրդի արյունը, ամենից առաջինը: Նա խոսքի ասպետ է’ բայց ոչ գործի:
    Պատասխանատվությունը պետք է բաշխել հավասարապես ժողովրդին:ԱՄՆ պետության համար նախագահը ամենը չէ, բա մե՞ր բաժինը՞...Սկզբից կարգավորենք,ո՞վ է տունը ղեկավարում,փողոցը,թաղը, համայնքը,քաղաքը....
    ընտրենք այդ ղեկավարին ,հաջորդ քայլը ‘ սովորենք հարգել պետությունն ու նախագահին,ենթարկվել պետության օրենքներին հանենք ներսի թշնամուն մեր մեջից ...բոլորով մեղադրում ենք 2-ին,էդ մենք ու մնացածները անմեղ էի՞ն...3 հոգով 5 երգ ենք երգում,80 կուսակցություն ստեղծում: Այսօր դեռ ձևավորված չէ այն ուժը, որ կարողանա ազդել, փոխել ժողովրդի մենթալիտետը:ՓՈԽՎԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱՐԳԸ,ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ Է ՄՆԱՑԵԼ: Ահա պետք է գտնվի այն ուժը որ արմատապես կարողանա ազդել մասսաների ինքնագիտակցության վրա:Այնուամենայնիվ ամեն բան վերջացած չէ’
    առողջ ու սթափ ուժեր դեռ կան…
    Սա էլ Phenomen,համառոտ հայացք:
    Այժմ ,,Ազգի,, հրատարակած նյութի շուրջ:Գրել ես.,,..Այս բլոգում շատ եմ հանդիպել թերթերից ու ինտերնետային պարբերականներից պատճենված հոդվածներ կամ նրանց հատվածներ, հիմնականում ինֆորմացիոն բնույթի, սակայն, այ Ամատունի ջան, այս հոդվածը այստեղ ներկայացնելով ի՞նչ արձագանք կամ մեկնաբանություն էիր ակնկալում:’’
    Եթե ինձ ես հարցրել պատասխանեմ ադմինի բառերով,ապա իմ. ,,Հարգելի Phenomen, Ամատունու առակը ոչ մի բան էլ չի ցուցանում: Սա պարզապես մեջբերում է այսօրվա «Ազգ» թերթից: ,,
    Ոչինչ էլ չեմ ակնկալել,այլ ներկայացրել եմ,որպես մեր իրականությանը բնորոշ առօրյա երևույթ: Հա, Ի ԴԵՊ գրել ես. ,,...վառ ապացույցն էլ հանդիսացել է այն, որ Ադմինը այն տեղադրել է - не рыба, не мясо - “Առօրյա” կոչվող բաժնում,,:
    Կրկին քեզ հիասթափեցնեմ. Ադմինը տեղյակ էլ չէ, ինքն անձամբ չի արել,այլ ինչպես ասացի ներկայացրել եմ,որպես մեր իրականությանը բնորոշ առօրյա երևույթ’ ինքս զետեղելով նյութի բաժինը :
    Հետո չի կարելի չստուգված լուրեր տարածել:

  9. Քաղաքացի

    Ամատունի,

    Էս քննարկումների մեջ մենք երևի իար լավ չենք հասկանում: Եկ եթե ուզում ես ավելի կոնստրուկտիվ լինենք այս կերպ կառուցենք մեր բանավեճը: Ես հիմա կգրեմ մի միտք քո վերևի մեկնաբանությունից ու մենք էդ միտքը փորձենք զարգացնել` աշխատելով չծեղվել դրանից:

    Սկզբից կարգավորենք,ո՞վ է տունը ղեկավարում,փողոցը,թաղը, համայնքը,քաղաքը....

    Հիմա դու ինձ խնդրում եմ ասա, թե ինչպես ես պատկերացնում այս մտքի իրագործումը` փորձելով չշեղվել հայկական իրականությունից: Ես կփորձեմ քեզ օրինակներով հակադարձել, որոնք իրականում տեղի են ունեցել Հայաստանում, որ հանկարծ չասես թե փիլիսոփայում եմ:

    Հ.Գ. դու իմ մի հարցի այդպես էլ չպատասխանեցիր Եթե գաղտնիք չի դու Վազգեն Մանուկյանին ես ընտրել, թե Վահան Հովհաննիսյանին ու մեկ էլ արդյոք սպասում էիր նրանցից այսպիսի հետընտրական վարքագիծ ու արդյոք դա համարում ես համարժեք երկրում ստեղծված իրավիճակին:

  10. Phenomen

    Առաջինը, “Ազգի” անմիտ հոդվածի բանավեճից եմ դուրս եկել, մնացած խելամիտ բաների համար բաց եմ:
    ,,հիվանդի,, ապաքինումը գտնում եմ պետք է սկսել մարմնից,ամրացնել համայնքային ստորին օղակները ապահովելով ժողովրդավարությունը:Ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքն է իր իրավունքի տերը,առաջինը ինքը պահանջի, որ հարևանը հարկ մուծի: Սրանք դասագրքային, դեռ ավելին՝ կոնսպեկտած դասագրքային մտքեր են: Դոդի Գագոյի հարևան ոմն Ամատունի եթե պահանջի նրան հարկ ու մաքս մուծել, հաջորդ որը նրան կգտնեն մի առվում կամ աղբանոցում՝ սպանված: Եթե Ամատունու հարևան ոմն Phenomen ասի՝ Ամատունուն Գագիկն ա սպանել, նրան էլ նույն օրը երեկոյան կգտնեն սպանված: Եթե բոլորը հերթով ասեն՝ սպանեցին, սպանեցին, բոլորին հերթով կսպանեն, ու չեն պատժվի: Ելքը մեկն է, ոչ թե հերթով անել, այլ միասին: Արվեց, Ազատության հրապարակում, վերջը՝ 8 կամ ավելի զոհ: Կրկին Դոդի Գագոյի /պայմանական եմ գրում, կարող է և Լֆիկը կամ Նեմեցը լինել/ ձեռքով: Ամատունի, հասկացի, որ դատարկ տեղը ժողովրդի գիտակցություն պահանջելով բան չի ստացվի, դա դեմագոգիա է:

    Կոպիտ սխալ է հարցերի լուծումը փնտրել անձնական հարթության մեջ,եթե գտնում ես թե Լևոնը իր քաղաքական կամքով, շրջահայացությամբ, կապահովեր հաջողություն,չարաչար սխալվում ես:Ո՞վ է առաջինը սկսել ծծել ժողովրդի արյունը, ամենից առաջինը: Եթե Լևոնին արնախում ես անվանում ու փաստարկներ ունես, ներկայացիր դատախազություն. կարծում եմ ապացույցներ ներկայացնելով մի տաս օր կլինես Հայլուրի ու հայլուրիկների ամենասիրելի հյուրը: Ամատունի, ուշադիր կարդա հետևյալը. չկա Լևոնի վրա այնպիսի կեղտ, որ նրան մեկ շաբաթից ավելի վարչական տույժի ենթարկեն: Իմ աչքի լույսը չի, բայց մաքուր է: Կարող էս 96 թվի ընտրությունները բերել, սակայն դա էլ անհիմն է: Լևոնի միակ “դեֆեկտը” Վանոն է: Իմ անձնական, միգուցե սուբյեկտիվ կարծիքն է:

    Պատասխանատվությունը պետք է բաշխել հավասարապես ժողովրդին: Ամատունի, սա նույնպես Հայաստանի պայմաններում մարազմ է: Մի մարդ, որը կրում է հոկտեմբերի 27-ի սպանության պատասխանատվությունը /Ազգային Անվտանգության նախարար լինելու մասին է խոսքս/, այսօր “ընտրվել է” հանրապետության նախագահ: Ի՞նչ պատասխանատվության բաշխման մասին է խոսքը: Նա իր պատասխանատվությունը եթե մոլորակի բոլոր բնակիչների վրա էլ բաշխի՝ էլի աշխարհի ամենամեծ հանցագործն է:

    բոլորով մեղադրում ենք 2-ին,էդ մենք ու մնացածները անմեղ էի՞ն ի սեր Աստծո, մնացածներս անմեղ չենք, բայց որ մի պարբերություն վերև կարդաս, դա էլ արդեն բավական է: Բավական չէ՞ քեզ համար: Դե ուրեմն սպանությունները հանգիստ թողնենք, դրանք Լևոնի օրոք էլ քիչ չէին: Ասեմ արտաքին քաղաքականության վերջին անհաջողությունների մասին, ասեմ Ա1պլյուսի մասին, ասեմ Սեդրակի բջջայինի բիզնեսի մասին, ասեմ Բելլայի փայաբաժինների մասին տարբեր հիվանդանոցներում: Նաև ասեմ, որ կաշառակերությունը, որը ի դեպ առաջին ու ամենամեծ չարիքն է, ճյուղավորվել է այս 2-ի օրոք, ու եթե նրանք Լևոնին մեղադրում են կաշառակերությունը սերմանելու հարցում, ապա իրենք կարող էին կամք ունենալ ու վերացնել այն, սակայն՝ 4-րդ դասարանի երեխայի վաստակած 5-ն էլ դասատուն փողով է դնում /գիտեմ ընտանիքիս ու ընկերներիս փորձից/:

    Այսօր դեռ ձևավորված չէ այն ուժը, որ կարողանա ազդել, փոխել ժողովրդի մենթալիտետը:ՓՈԽՎԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱՐԳԸ,ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ Է ՄՆԱՑԵԼ: Ամատունի, մենթալիտետը փոխելը ցանկացած ֆրանսիական կամ հոկտեմբերյան հեղափոխությունից ավելի հզոր սթրես և ցնցումներ է ծնում: Եթե սիրուն մտքեր գրելու սիրահար էս, ջանք մի խնայիր՝ մի քիչ էլ մտածիր գրածներիդ վրա: Մենթալիտետ փոխելու 3 օրինակ բեր մարդկության պատմության վերջին 1000 տարում: Հետո գրում էս՝ համակարգ է փոխվել, բացատրի խնդրում եմ, չհասկացա ե՞րբ է համակարգը փոխվել, ու ո՞ր համակարգն է փոխվել:

    Վերջում խնդրում եմ գրես, թե ինչքան ժամանակ առաջ էս Հայաստանից հեռացել:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org