F5-Բլոգ

Ազատության հրապարակի նստացույցը արդեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը չի ընդունվելու Հայաստանի երիտասարդության կողմից որպես նախագահ: Եվ գուցե հասարակության մյուս շերտերում էլ նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Ու, միգուցե, արդեն փաստ է, որ ժողովրդական շարժումը արդեն հաղթել է: Կեցցե՛ ժողովրդական շարժումը:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը և իր վարչախումը ամեն ինչ արեցին իշխանությունը պահելու ու ամրապնդելու համար: Ժողովուրդը դա տեսավ ու հիսաթափվեց, սակայն դրանից Սերժը չընկճվեց: Ու մի կարճ վայրկյան մտնելով նրա դրության մեջ` հասկանում եմ, որ նա ետ գնալու տարբերակ չունի: Սերժն ու իր հանցախումբը կանգնած են Հայաստանում իրականացվող տնտեսական ու քրեական ամենածանր հանցագործությունների թիկունքում, ու զիջել դիրքերը` կնշանակի դատապարտվել ցմահ բանտարկության: Պայծառ հեռանկար չէ անշուշտ: Ու մի հավելյալ խթան է` գնալու ամեն քայլի իր իշխանությունը պահելու համար:

Ստացվում է մի հակասական պատկեր. ժողովուրդը հաղթել է Լևոնի գլխավորությամբ, Սերժը հաղթել է հանցախմբի գլխավորությամբ: Ռոմանտիզմը ստիպում է վստահորեն գրանցել ժողովրդի հաղթանակը մի երկու շաբաթից կամ ամսից, իսկ դառը իրողության գիտակցումը ստիպում է ընդունել Սերժի ու իր շրջապատի բռնի հաղթանակը:
Այսօր (փետրվարի 27) ժամը 22.15 -ի սահմաններում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ահազանգ են ստացել, որ երեք երիտասարդներ Ազատության հրապարակից բռնությամբ տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Խմբակցության պատգամավորները` Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, շտապել են ոստիկանության բաժին, պարզելու երիտասարդներին բերման ենթարկելու հիմքերը: Սկզբում նրանց ներս են թողել, նրանք զրուցել են երիտասարդների հետ, սակայն երբ հարցրել են, թե ինչ է պատրաստվում անել ոստիկանությունը, պատգամավորներին պատասխանել են, որ «Մեհրաբյանը կգա` հետո կորոշենք»: Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի բաժին ժամանելուց հետո մոտ 20 հոգանոց խումբ` քաղաքացիական հագուստներով, հարձակվել են պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների վրա, բռնությամբ, ծեծի ենթարկելով նրանց վռնդել են ոստիկանության շենքից:

Ըստ Ստեփան Սաֆարյանի` Մեհրաբյանն այդպես էլ չի հետաքրքրվել` ովքեր են այդ երիտասարդները եւ ինչ գործ ունեն ոստիկանության շենքում` ակնհայտորեն ցույց տալով, որ գիտի նրանց ով լինելը:

Ոստիկանության երկրորդ հարկից դուրս են շպրտել «Ազատություն» ռադիոկայանի միկրոֆոնը` խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը: Դեպքի վայր են հրավիրվել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ դիտորդներ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ Կենտրոնի ոստիկանությունը հրաժարվել է հայտարարություն վերցնել Ստեփան Սաֆարյանից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշները` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», որոնք ստիպում են անվերապահ չլինել ԿԸՀ-ի կայքէջի տվյալների նկատմամբ:

Մանրամասնությունների համար խնդրում ենք այցելել այս էջը:
1988 թվականին փետրվարի 27-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգաիթ քաղաքում տեղի ունեցավ հերթական ոճրագործությունը Հայերի նկատմամբ…



Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել http://sumgait.info/sumgait/sumgait-1988.htm (տեղեկությունները ռուսերեն են):
Հարգելիներս,

Այսօր՝ փետրվարի 26-ին, երեքշաբթի, ժամը 15:00-ին Երեւանում տեղի կունենա միանգամից երկու հանրահավաք:

Առաջինը՝ Ազատության հրապարակում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով: Մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր սատարել եւ սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մասնակցությունը կամավոր է: Սակայն մասնակցողների ճանապարհները առավելագույնս փակվելու են ԳԱԻ-չնիկների կողմից, ինչպես նաեւ մասնակցությունը, մեղմ ասած, «չի խրախուսվելու» մասնակիցների ղեկավարների կողմից:

Երկրորդը՝ Հանրապետության հրապարակում, Սերժ Սարգսյանի հրամանով: Մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր սատարել եւ սատարում են Սերժ Սարգսյանին, եւ իհարկե՝ իրեց ղեկավարների հրահանգով եւ ավտոբուսներով հրապարակ «բերման ենթարկված» մայրաքաղաքացիները եւ մոտակա եւ հեռավոր շրջանների բնակչությունը: Մասնակցությունը պարտադիր է:

Այս հանրահավաքը «դիտվելու է» եվրոպացի եւ ԱՄՆ դիվանագետների եւ դիտորդներ, հեռուստաընկերությունների (CNN, BBC, Euronews), լրագրողների եւ տարբեր այլ որոշում կայացնողների կողմից: Ամենակարեւորը, այս հանրահավաքը իրենից ներկայացնելու է ուժերի իրական հարաբերակցությունը Լեւոնի եւ Սերժի միջեւ:

Պատկերավոր ասած՝ այս հանրահավաքը իրենից ներկայացնում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը:

Դիմում եւ Լեւոնին ընտրողներին: (Սերժի ընտրողներին դիմելու կարիք չկա, նրանք երեկ կամ այսօր առավոտյան կստանան հերթական հրամանը իրենց շեֆերի/պետերի կողմից)

Հարգելի հայրենակիցներ: Խնդրում եմ վաղը՝ Ազատության հրապարակում Ձեր ներկայությամբ ապացուցեք, թե ում եք իրականում ընտրել փետրվարի 19-ին: Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը մեզ կբերի 1 ձայն: Եկե՛ք Ձեր ամուսինների, կանանց, քույլրերի, եղբայրների եւ ծնողների, ընկերների ու մտերիմների հետ: Եկեք եւ ցույց տվեք Ձեր ձայնի իրական արժեքը:

Այսպիսով, կհանդիպենք 15:00-ին՝ Ազատության հրապակակում (Օպերա):

P.S. Խնդրում եմ հնարավորինս շուտ ներկայանալ Ազատության հրապարակ, քանի որ մինչեւ 15:00-ն հնարավոր են ճանապարհային խցանումներ, ավտոտրանսպորտն էլ, կարծում եմ, չի աշխատելու սովորականի պես նորմալ ռիթմով:
Հայրենակիցնե՜ր

2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական եւ ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել ե՜ւ ներքաղաքական, ե՜ւ սոցիալ-տնտեսական, ե՜ւ արտաքին մարտահրավերները: Այդպես չեղավ մի շարք պատճառներով. ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները:

Հասարակությունը արհեստականորեն երկփեղկվեց ու բեւեռացվեց: Մի կողմից ցանկացած եղանակով իշխանափոխություն իրականացնելու` նախկինների մոլեռանդությունն էր, մյուս կողմից` ամեն գնով սեփական դիրքերը պահպանելու` ներկաների ձգտումը:

ՀՅ Դաշնակցության թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի զարգացումը առողջ մթնոլորտում շարունակելու համար, սակայն այս մոտեցումը, ցավոք, լայն արձագանք չգտավ: Մեր թեկնածու Վահան Հովհաննեսյանը ընտրարշավի ողջ ընթացքում ցուցաբերեց սկզբունքային վարքագիծ ու դիրքորոշումներ եւ հարազատորեն ներկայացրեց ՀՅ Դաշնակցությունը:

Բուն ընտրությունները եւս ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով: Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկնածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, խախտումներով ընթացավ նաեւ քվեների հաշվարկման փուլը: Արդյունքում` ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, եւ այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է ետընտրական բեւեռացումը կանխելու եւ համերաշխության մթնոլորտը վերականգնելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք կամրջողի դեր ստանձնել:
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը ահազանգեր է ստանում ՀՀ տարբեր մարզերից, մասնավորաբար Լոռու մարզի Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներից, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, եւ պետական եւ մասնավոր կազմակերպությունների եւ հաստատությունների աշխատակիցներին իրենց կամքին հակառակ, ստիպողաբար բերվում են մայրաքաղաք՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի օգտին հանրահավաքին:

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը հայտարարում է, որ պատրաստ է պաշտպանել բոլոր քաղաքացիների իրավունքները: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են գրավոր բողոք ներկայացնել իրենց կամքի վրա բռնանալու փաստի վերաբերյալ, կարող են զանգահարել 080-080-804 հեռախոսահամարով:
Այս կոչն առաջին հերթին ուղղված է մեր սփյուռքահայերին եւ արտերկրում գտնվող այն հայրենակիցներիս, ովքեր, ուզած թե չուզած, հայաստանյան իրադարձությունների մասին տեղեկանում են արբանյակային Հ1-ով:

Հարգելի հայրենակիցներ,

Ցավոք, հանրային հեռուստատեսությունն ի դեմս Հ1-ի շարունակվում է մնալ ստի եւ ապատեղեկատվության «համակենտրոնացման օջախ», որը, իսկապես, մեծ դժբախտություն է բոլորիս համար: Հ1-ը, կուրացած Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին սատարելու ապաշնորհ գործով, արդեն սկսել է հրամցնել հիրավի ազգադավ եւ մեր թշնամիների սրտին սիրահոժար, հորինովի եւ բացարձակ սուտ հեքիաթներ (գոնե լիներ տեղեկատվություն):

Ինչո՞ւ եմ այս աստիճան վրդովված:
Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող անձինք զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:

Փետրվարի 23-ին, Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են: Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, որի ընթացքում ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գեւորգ Մալխասյանը, 3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը եւ դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջհանգիրյանը:

ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը:

Գագիկ Ջհանգիրյանի մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի մոտից` ՊՍՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն Հովհաննիսյանի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ փամփշտակալ` 8 փամփուշտով:

Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ զրահաբաճկոն:

Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը:
Մի 10-15 րոպե կա, որ վերադարձել եմ Ազատության հրապարակից: Մոտ մեկ ժամի չափ այնտեղ էի, եւ հասցրեցի զրուցել մի շարք մարդկանց եւ իմ ընկերներից Արսենի հետ:

Հրապարակի հարթակում տեսա ինչպես Լեւոնին, այնպես էլ Կարեն Դեմիրճյանին, Արարատ Զուրաբյանին եւ մյուսներին: Հարթակից ժողովրդին բաժանում էին թխվածքներ: Կար նաեւ թաք թեյ: Իմ ժամանելու պահին ժողովուրդը (մի քանի հազար մարդ) համակ ուշադրությամբ ունկնդրում էին «Ազատություն» ռադիոկայանի այսօրվա ձայնագրված ռեպորտաժը: Վրանները իրենց տեղում էին: Հարթակի դիմաց մարդկանց շարքերն ավելի խիտ էին, արձաններից այն կողմ՝ ավելի նոսր, ավելի շատ՝ խմբերով: Վառվում էին խարույկներ, եւ որոշ մասնակիցներ տաքացնում էին իրենց ձեռքները: Կայն ինչպես երիտասարդներ, կանայք, այնպես էլ չափահաս եւ մեծահասակ մարդիկ: Երկրապահներն առանձնանում էին իրենց համազգեստով: Ավելի հեռու կանգնած են ոստիկանները…

Հնչեց երաժշտության. սասանա պար: Մի խումբ երիտասարդներ օղակ բռնեցին եւ սկսեցին պարել: Կողքից ժողովուրդը ծափահարում է եւ ոգեւորում: Աստիճանաբար թափ հավաքեց «Լե-վոն, Լե-վոն» վարկանկումների ալիքը, որն էլ ավելի ուժգնացավ, երբ հարթակից առաջ եկավ Լեւոնը եւ ժողովրդին ողջունեց՝ գլխավերեւում թափահարելով ձեռքերը:

Եղանակը բավականին ցուրտ է: Մնացողներն էլ լավ տաք հագնված ու գլխարկներով: Նրանք կամ կանգնած զրուցում են խմբերով, կամ էլ քայլում հրապարակով մեկ (փորձեցի մի քանի րոպե կանգնած մնալ, զգացի, որ սառչում եմ):

Ինչ են խոսում հրապարակի մարդիկ

Ասում են, որ երկրապահները առեւանգել ու իրենց միության նկուղում պահում են Արեշի (Թոխմախի) Մհերն (Էրեբունու թաղապետին), իսկ Սերժենք էլ առեւանգել են Ջհանգիրյանին, իր եղբորը, օգնականին ու վարորդին… Լարված են բոլորը: Արսեն ասեց, որ, ենթադրվում է, որ այս գիշեր ուժայինները մի բան կձեռնարկեն՝ ցրելու ժողովրդին… Մի պրովոկացիա կհնարեն ու կանցնեն գործի: Կամ էլ առանց դրա

Աստված չանի, սա արդեն կլինի Սերժի ու Ռոբերտի հերթական սխալը:

Էջ 1/5 •  1 2 3 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page