Մեզ լրիվ հիմարի տեղ են դրել Հայաստան-Լեհաստան 1:0
Հուն 06

Առաջին հայացքից ժողովրդավարությունը (դեմոկրատիա) շատերիս, համոզված եմ, նաեւ F5 բլոգի այցելուների համար թվում է պարզից էլ պարզ արտահայտություն, սակայն համոզված եմ նաեւ, որ ոչ բոլորն են հասկանում այս տերմինը այնպես, ինչպես որ հարկն է: Որոշ գրառումներ էլ ընթերցելով, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ բլոգի անդամներից ոմանք (այդ թվում նաեւ F5-admin-ը) «ժողովրդավարության» ներքո առաջին հերթին մտաբերում են մեր մշակույթին ոչ հատուկ սեռական ազատության հիմնահարցերը եւ այլ մանրամասնություններ՝ «մոռանալով» հիմնական սկզբունքները: Ուստի ես հարկ եմ համարում բոլորիս մեկ անգամ էլ վերհիշել, թե ինչ ասել է «ժողովրդավարություն»: Ես կօգտվեմ մի շարք հիմնարար, հիմնականում՝ անգլալեզու աղբյուրներից:

Բառարաններում «ժողովրդավարություը» բնորոշվում է որպես «ժողովրդի իշխանություն, երբ իշխանությունը բացառապես պատկանում է ժողովրդին եւ այդ իշխանությունը կյանքի է կոչվում կամ ուղղակիորեն նրա միջոցով, կամ էլ ազատ ընտրական համակարգի օգնությամբ՝ այդ ժողովրդից ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Աբրահամ Լինկոլնի դիպուկ է խոսքերով, ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, որն իրականացվում է ժողովրդի կողմից՝ ժողովրդի համար (of the people, by the people, and for the people):

«Ազատությունը» եւ «ժողովրդավարությունը» հաճախ օգտագործվում են որպես իրար փոխարինող հասկացություններ, սակայն իրականում այս երկու տերմինները հոմանիշներ չեն: «ժողովրդավարությունն», իհարկե, ազատության վերաբերյալ գաղափարների եւ սկզբունքների ամբողջական մի համակարգ է, որն իր մեջ նաեւ ներառում է նաեւ երկարատեւ տարիների ընթացքում հղկված գործառնություններ եւ միջոցառումներ: Այլ կերպ ասած, «ժողովրդավարությունը» համակարգված (ինստիտուցիոնալիզացված) «ազատությունն» է: Այս իմաստով, կարելի է առանձնացնել պատմական ժամանակագրությամբ ապացուցված ժողովրդավարության հիմնարար սկզբունքները՝ սահմանադրական իշխանություն, մարդու իրավունքներ եւ հավասարություն:

Վերոհիշյալ սահմանումից բխում է, որ գոյություն ունի ժողովրդավարության երկու հիմնական տարբերակ՝ ուղղակի եւ ներկայացուցչական: Առաջինը բնորոշ է Հին Հունաստանին, երբ ժողովուրդն անմիջականորեն մասնակցում էր հանրային որոշումների կայացմանը: Սակայն պատմությունը ցույց տվեց, որ ժողովուրդը բառիս լայն իմաստով չի կարող մշտապես ուղղակիորեն մասնակից դառնալ պետական որոշումների կայացմանը: Ժամանակակից ժողովրդավարությունը բնութագրվում է իշխանության ձեւավորման եւ իրականացման մեջ ժողովրդի միջնորդավորված կամ ներկայացուցչական մասնակցությամբ: Սա նշանալում է, որ ժողովուրդն իր միջից ընտրում է մարդկանց՝ ներկայացուցիչների, որոնց էլ լիազորում է կայացնելու քաղաքական որոշումներ, ձեւակերպել օրենքներ եւ ղեկավարել ու իրականացնել ծրագրեր՝ հանուն նույն ժողովրդի բարօրության: Ինչպիսի՞ն պետք է լինեն ժողովրդի ներկայացուցիչների ընտրությունները. ամենատարբեր՝ կախված այդ ընտրութուննների նպատակից, «շառավիղից» եւ նշանակությունից: 

Ժողովրդավար հասարակությունը բնորոշվում է նաեւ «մեծամասնության օրենքների» եւ «փոքրամասնության իրավունքների» պահպանմամբ: Սա նշանակում է, որ ընդունված ցանկացած որոշում կամ օրենք պետք է արտահայտի ժողովրդի մեծ մասի կամքը, ցանկությունները եւ շահերը (բնական է, որ 100%-ով բավարարել բոլորի պահանջը նույնիսկ տեսականորեն է անհնար): Միեւնույն ժամանակ, այդ որոշումները եւ օրենքները պետք է արտացոլեն նաեւ փոքրամասնության իրավունքները: Այսինքն, իսկական ժողովրդավարական հասարակությունում պետք է պաշտպանված լինեն բոլոր անդամների իրավունքները:

Սակայն ժողովրդավարությունը միայն իշխանության իրականացման վերաբերյալ սահմանադրական օրենքների եւ միջոցառումների հավաքածու չէ: Ժողովրդավար համակարգերում իշանությունը հանրային դերակատարներից մեկն է միայն. որոշիչ նշանակություն ունեն նաեւ տարբեր կառույցները, քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունները, միությունները եւ այլն: Դերակատարների նման բազմազանությունը կոչվում է բազմակարծություն (պլուրալիզմ), երբ հասարակության տարբեր կազմակերպված խմբերն իրենց գոյության եւ գործունեության իմաստով կախված չեն իշխանությունից եւ կարող են արտահայտել տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ: Որոշ իմաստով, նման կազմակերպությունները միջնորդավորում են անհատների եւ հասարակական եւ իշխանական կառուցվածների միջեւ բարդ եւ բազմազան փոխհարաբերությունները: Օրինակ, հասարակական կազմակերպությունը կարող է իշխանությունների եւ հանրության այլ խմբերի առջեւ բարձրացնել որեւէ «թիրախ»-խմբի (ասենք, ծնողազուրկ երեխաների) իրավունքների պաշտպանության կամ սոցիալական բնույթի ամենատարբեր հարցեր: Ժողովրդավար պետությունում իշխանության իրավունքները եւ պարտականությունները սահմանված են հնարավորիս հստակ, որը եւ հանդիսանում է վերոնշյալ կազմակերպությունների ազատ գործունեության երախշիքը:

Կարծում եմ, սկզբի համար այսքանը բավական է:

Հ.Գ. F5 բլոգի հարգելի ադմին եւ խմբագիրներ, խնդրում եմ հնարավորինս ուղղել սխալներս: Նախապես շնորհակալ եմ: F5 բլոգի մյուս անդամներ, խնդրում եմ օգտնել ինձ եւ տարմադրել այլ նյութեր եւ link-եր:

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. arcadi

    Ըստ Ձեր տեքստի (որը շատ օգտակար էր) ամերիկայի ժողովուրդը, որն ընտրել է իր սենատորներին, կոգրեսականների ու Բուշին, ցանկանո՞ւմ էր, որ ամերիկացիները հարձակվեին Ավղանստանի ու Իրաքի վրա, ես ճի՞շտ հասկացա

  2. Քաղաքացի

    Հարգելի Դեմոկրատ,

    Բավականին հետաքրքիր բացատրություններ և մեկնաբանություններ եք տվել դեմոկրտիայի վերաբերյալ: Դեռ ավելին՝ դրանք ուսանելի են:

    Լիովին համաձայն եմ ձեր բերած բոլոր ձևակերպումների հետ:

    Ես անձամբ ամենից շատ դեմոկրատիայի մեջ կարևորում եմ տվյալ երկրի քաղաքացիների ներգրավվածությունն իրենց իսկ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, և ոչ միայն պարզապես այս կամ այն ընտրություններին մասնակցելը: Ցանկացած երկրում էլ ընտրությունները տեղի են ունենում որոշակի պարբերականությամբ, և եթե միջընտրական ժամանակաշրջաններում ժողովուրդը (քաղաքացիները) անտարբեր գտնվեն, ապա ցանկացած իշխանություն ուշ թե շուտ կայլասերվի: Հակառակ դեպքում ցանկացած այլասերված իշխանությունը ուշ թե շուտ կդառնա այնպիսին, ինչպիսին կցնականային տեսնել քաղաքացիները (իհարկե, փոփոխության տեմպերը մեծապես կախված են տվյալ երկրի քաղաքացիների ակտիվությունից):

    Մի քանի խոսք Արկադիի մեկնաբանության վերաբերյալ:

    Ես ձեր տված հարցին միանշանակորեն չեմ կարող պատասխանել, բայց մի բան իմ համար ակնհայտ է` ԱՄՆ-ն իմ համար դեմոկրատիայի չափանիշ չէ (և կարծում եմ ու հուսով եմ` ոչ միայն իմ համար): Ավելին կասեմ, ինձ համար դեմոկրատիայի չափանիշ հանդիսացող երկրներ որպես այդպիսիք չկան: Ես չեմ ուզում, որ մենք նմանվենք մյուսներին: Եվ ես համոզված եմ, որ հենց չնմանվելու մեջ է նաև մեր ուժը. մենք պետք է ստեղծենք մերը և միմիայն մերը: Մերը, որը բխում է մեզնից և մեզ համար է (խնդրում եմ սխալ չհասկանաք, ես ազգայնամոլություն չեն քարոզում), որը բխում է մեր իրական շահերից` համաժողովրդական և համերկրային, և ոչ թե ինչ որ մեկի, ինչ որ երկուսի, կամ էլ ինչ որ հազարի շահերից: Եվ եթե հաշվի առնենք, որ իմ ու քո և նյույորքցի Բոբի ու Ջեքի շահերը նույնը չեն և չեն էլ կարող լինել, ուրեմն գումարային մեր երկու ազգերի ու պետությունների շահերն էլ նույնը չեն և չեն էլ կարող լինել: Այսինքն մեր դեմոկրատիաներն էլ նույնը չեն կարող լինել և պետք էլ չի որ լինեն:

    Դրանում է նաև դեմոկրատիայի հզորությունը` այն անկրկնելի է:

    Կոնկրետ ԱՄՆ-ի դեպքում ես քննադատում եմ նրանց քիչ թե շատ ագրեսիվ արտաքին քաղաքականությունը և ուզում եմ փաստել, որ ԱՄՆ իր այդ քայլերով էլ ավելի է հեռանում դեմոկրատիայից:

  3. Democrat

    Իրո՞ք այդպես եք կարծում, որ դեմոկրատիայի հզորությունը վերջինիս անկրկնելիության մեջ է, թե՞ ուղղակի մեջբերել եք որեւէ մտածողի կամ քաղաքական գործչի խոսքը: Մի քիչ կասկածում եմ, որ ամեն մի երկիր պետք է ստեղծի իրեն բնորոշ ժողովրդավարությունը: Կարծում եմ, հիմքերը բոլոր տեղերը նույնն են՝ ազատ ընտրահամակարգ, մարդու իրավունքնրի անձեռնամխելիություն եւ այլն: Հնարավոր է, որ ելնելով տվյալ երկրի սոցիալ-տնտեսական եւ մշակույթային առանձնահատկություններից, որոշակի դետալներ փոփոխվեն, բայց գաղափարախոսությունը դրանից չի փոխվի:

    Այս իմաստով, ես չեմ կարող համաձայնվել Ձեր այն մտքին, որ մենք պետք է ստեղծենք մեր՝ հայկական ժողովրդավարությունը:Ինչպե՞ս կարող ենք չնմանվել, եթե մենք պետք է վերցնենք եւ մեր հանրապետության համար հարմարեցնենք միջազգային փորձը: Հո նոր հեծանիվ չե՞նք հորինելու, հատկապես, եթե այդ հեծանիվն արդեն վաղուց ստեղծված եւ փորձարկված է տարբեր ճանապարհների եւ կիլոմետրաժների համար: Եթե այդ հեծանիվի վրա մի քանի բան փոխենք, ու նաեւ մի քանի բանի անվանումները փոխենք, ասենք, “պեդալին” ասենք “ոտնակ”, դրանից հեծանիվի նշանակությունը եւ էությունը չի փոխվի, չէ՞:

  4. Քաղաքացի

    Անկրկնելիությունը ես ոչ մեկից չեմ վերցրել, ես դա իմ համար դուրս եմ բերել:
    Ինչ վերաբերում է դեմոկրատիայի հիմնարար սկզբունքներին, ապա ես միանշանակ կարծում եմ, որ նրանք պետք է լինեն բոլոր դեմոկրատ երկրներում: Ես բացարձակ կողմնակից չեմ ինչ որ կերպ պիտակավորված դեմոկրատիաներ ստեղծելուն (լինի դա հայկական, թե վրացական):

    Ես պարզապես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք առանց ջանասիրաբար փորձելու հասկանալ թե ինչ է դեմոկրատիան և որոնք են նրա առավելությունները և թերությունները, պարզապես սկսում են ինչ որ համեմատություններ անել այլ պետությունների հետ ու իրենց համար եզրակացնել, որ դա իրենց պետք չէ, օր. ԱՄՆ-ի դեպքը: Ու ամենավատը այն է, որ իրենց իսկ արած այդ եզրակացությունը ի չիք դնելով, վեր են կենում ու գնում ԱՄՆ:

    Ես ցանկանում եմ, որ մեր ազգը ավելի խորիմաստ գտնվի քան թե ինչ որ տեսակի համակարգեր քննադատելն է կամ մեկ ուրիշները փառաբանելը: Իմ կարծիքով այս երկու մոտեցումներն էլ տանում են դեպի ճահիճ:

    Այո հեծանիվ պետք չէ հորինել և այո պետք է միջազգային փորձը կիրառել Հայաստանում: Բայց առավել կարևոր է այդ ամենը գիտակցված անելը, քանի որ եթե չես գիտակցում թե ինչ լավ բան ես ներդնում, ապա այն կորցնում է իր ամբողջ արժեքը և ուշ թե շուտ մոռացության մատնվում:

    Հետևաբար ես չեմ ուզում ապրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Շվեդիայում, ես ուզում եմ ապրել մեր հայրենիք Հայաստանում, որտեղ որ մարդու բոլոր հիմնարար իրավունքները և ազատությունները լիովին և ամբողջովին պաշտպանված են:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org