ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մտահոգիչ հայտարարությունները F5 բլոգի երրորդ (եւ վերջին) ձեւավորումը
Հուն 13

Հայաստանյան յուրաքանչյուր ընտրությունից հետո սովորաբար ընդդիմական կուսակցությունները հանդես են գալիս տվյալ ընտրությունը կասկածի տակ վերցնող մի շարք գործողություններով՝ հարցազրույցներ, ասուսիլսներ, հայտարարություններ, հավաքներ, դիմում Սահմանադրական դատարան եւ այլն: Եւ բոլոր այս դեպքերում նրանք բողոքարկում են, որ ընտրությունները լեգիտիմ չէին, ԱԺ-ն լեգիտիմ չէ, ՀՀ նախագահը լեգիտիմ չէ եւ այլն: Երբեմն լեզվակռվի նմանվող այս երեւույթի մյուս կողմում դիրքավորված իշխանությունը ներկայացնող ուժերն էլ իրենց հերթին համոզված են ընտրական գործընթացների լեգիտիմության մեջ եւ հակառակվում են առաջիններին, թե՝ խախտումներ եղել են, սակայն դրանից ընտրությունների լեգիտիմությունը բնավ չի տուժել… ԼԵգիտիմությունը սկսվում է քննարկվել տարբեր մակարդակներում՝ սկսած ԶԼՄ-ներից, վերջացրած ընտանիքներով: Մեղմ ասած, գալիս է հետընտրական մի շրջան, երբ մարդկանց մեծ մասը, թողած իրենց բան ու գործը, անպայմանորեն իրենց դիրքորոշում են հայտնում ընտանիքի անդամին, հարեւանին, աշխատակցին կամ էլ փողոցներում հարցում անցկացնող հաճախ բարետես արտաքինով երիտասարդ աղջնակներին՝ կապված այս կամ այն գործընթացի լեգիտիմության մասին: «Ոչ, լեգիտիմ չէր...», «Դե, իհարկե, լեգիտիմ էր...», «Ասենք, թե ասեցի, թե լեգիտիմ չէր, ո՞վ է բանի տեղ դնողը...» եւ այլն: Իսկ այդ ակտիվ քննարկողներից որեւէ մեկին եթե հարցնես, թե ի՞նչ է լեգիտիմությունը, գուցեեւ չկարողանա բնորոշել մի քանի բառով:

Այսպիսով՝ ի՞նչ է լեգիտիմությունը:

Լեգիտիմության սկզբունքն իրենից ներկայացնում է այն իրողությունը, երբ որեւէ պետության քաղաքական իշխանությունը համապատասխանում է այն արժեքներին, որի վրա հիմնված է այդ իշխանությունը եւ որի գործունեությունը երաշխավորվում է հենց լեգիտիմության ապահովմամբ: Մ.Դյուվերժեն ավելացնում է նաեւ մեկ այլ բնութագրիչ՝ լեգիտիմ է ցանկացած իշխանություն, որի հետ համաձայն է ժողովուրդը, իմա՝ ժողովրդի մեծամասնությունը:

Մեր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ակնհայտորն խրված են ներկուսակցական խնդիրների մեջ եւ չեն կարողանում պատշաճ կերպով ղեկավարել անգամ իրենց իսկ կողմից ստեղծված կուսակցությունները, ելնելով այն բանից, որ իրենց գաղափարները կիսողները բացահայտ դեմ են իշխանություններին, եզրակացնում են, որ այդ իշխանությունները լեգիտիմ չեն: Նրանք մոռանում են, որ ժողովուրդը չի սահմանափակվում իրենց գաղափարական համակիրներով: Թող այդ ընդիմադիրները մի օր մտնեն նախարարություններ, պետական տարբեր հիմնարկություններ եւ հարցնեն, թե արդյո՞ք այդ կառույցների աշխատակիցները կողմ էին իրենց՝ իշխանության գալուն: «Քթները տրորվե՞ց» վերջին ընտրությունների ժամանակ, բա ի՞նչ էին ուրիշ սպասում: Զազրախոսելու փոխարեն թող ընտրական հանձնաժողովներում նշանակեին վստահելի կուսակիցներ, որ փաստեր հավաքեին: Թող տարբեր դիմումներով հեղեղեին դատախազությունը եւ ոստիկանությունը: Եթե իրենց կուսակցություններն ունակ չեն վերահսկելու, ապա ինչպե՞ս պետք վերահսկեին ամբողջ պետական ապարատը:

Ես չեմ ցանկանում դառնալ լեգիտիմության հարցը քննարկողների բազմահազար բանակի «մարտիկներից» մեկը: Սակայն մտովի պատկերացնում եմ, թե որքան կտխրեին ԱԺ տեղեր նվաճած մեր երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, եթե հանկարծ Սահմանադրական Դատարանը չեղյալ հայտարարեր այս ընտրությունները, եւ ինքստինքյան, կորչեին ԱԺ-ում մի քանի կոճակներ տնօրինելու իրավունքը: Համոզված եմ, որ կտխրեին, որովհետեւ իրենց դերասանությունը կհանգեցներ իրենց իսկ «աշխատատեղերի» կրճատմանը:

Եզրափակեմ. լեգիտիմության մասին տարբեր ամբիոններից ելույթներ ունեցողները թող մի հատ քաղաքական պայքարի ուսմունքը սովորեն, հասարակագիտություն սերտեն, մարդու եւ ժողովրդի հոգեբանությունը կարողանան կարդալ, ու ընդհանրապես, իմանան, թե ի՞նչ է լեգիտիմությունը եւ ինչպե՞ս պահպանել այն, նոր միայն հանդես գան իրենց հայտարարություններով: Եթե իրենց թվում է, որ «կարդացած» մարդուն այլեւս սովորել պետք չէ, սխալվում են: Եթե իրենց թվում է, թե ճանաչում են իրենց ժողովրդին՝ դարձյալ սխալվում են: Վերջապես, նույն ժողովուրդն օրինակների է կարոտ մնացել՝ ի՞նչ է տեսնում, որ ինչ հետեւություններ անի: Տեսնում է, որ ընդդիմությունը, դեռեւս իր պարտությունը չճանաչած եւ հետեւություններ չարած, պատրաստվում է հաջորդ պարտությանը: ՈՉ ՄԻ ՆՈՐՄԱԼ ՕՐԻՆԱԿ ՉԻ ՏԵՍԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Չի տեսել, որ լեգիտիմության խնդիրը կասկածի տակ դնող ընդդիմությունը լծվել է այդ լեգիտիմությունը ապահովելու եւ պահպանելու գործով: Նախարարության աշխատողը գիտի, որ եթե ինքը գնա եւ ընտրի իշխանության ներկայացուցչին, իր աշխատատեղը չի վտնագվի: Նա տեսնում է իր ընտրության ՌԵԱԼ ԱՐԴՅՈՒՆՔԸ: Իսկ ի՞նչ կարող է ակնկալել ընդդիմությանը ձայն տված նույն նախարարության աշխատողը կամ մեկ այլ անձ, կարո՞ղ եք ինձ ասել: Էդ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության մարդիկ միայն անազնիվ են ու կաշառակեր, իսկ ընդդիմության ներկայացուցիչնրը՝ անխտիր ազնիվ եւ լեգիտիմության համար մարտնչողներ:

Եվ լեգիտիմության մասին քննարկումներ ձեռնարկելուց առաջ, մի հատ թող ձեռքներն իրենց սրտերին դնեն, կանգնեն հայելու առջեւ, նայեն իրենց աչքերի մեջ եւ իրենց իրենց մի հարց տան, թե իրո՞ք իրենց վերջնական ցանկությունը ազատ ընտրությունների եւ լեգիտիմ իշխանության իրականացումն է (եթե այո, ապա այդ մարդիկ, կարծում եմ, տառապում են իրենց հեղինակության մասին պատկերացումների գերագնահատմամբ), թե՞ պարզապես իշխանության գալը (այս դեպքում էլ, նույն մարդիկ պարզապես անբարոյականությամբ են տոգորվել, եւ ուրիշ միջոց չունեն, քան թե կառչեն մի շարք հասկացություններից՝ ազատա ընտրություններ, լեգիտիմություն եւ այլն):

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…


Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն

  1. FRIEND

    Մի բան կասեմ մենակ, որ լեգիտիմ իշխանությունը պիտի նորմալ ձեւով գա իշխանության, որ հետո այլ խոսակցություններ չառաջանան

  2. arcadi

    Ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՞նց կարող է Հայաստանում նորմալ ընտրություն գնա, դա անհնար է: Մենք դեռ նորմալ չենք ըմբռնում ինչ ասել է պետություն, մեր տներից էն կողմ ու մեր հայցքներին դեմ ոչ մեկին ու ոչ մի բան չենք ընդունում, եւ էսքանից հետո ուզում ենք զարգացած երկրների հատուկ արժեքները միանգամից իրականացնենք Հայաստանում: Ժամանակ է պետք, ու ավելի լավ կլինի, որ մտածենք էդ ժամանակը կրճատելու մասին, եւ ոչ թե սրան-նրան փնովենք:

  3. Bloger

    Ֆեոդալիզմից կտրուկ անցանք սոցիալիզմի, որը կարգին “հորով-մորով” չարած, հիմի էլ կապիտալիզմ ենք խաղացնում, այն էլ՝ զուտ հայկական տարբերակով: Այնպես որ, զարմանալի չէ առկա դեպքերի նման զարգացումը:

  4. Քաղաքացի

    Բարև հայ ժողովուրդ,

    Հատուկ եմ ասում հայ ժողովուրդ, քանզի գրառումը և մեկնաբանությունները կարդալուց հետո իմ մոտ տպավորություն ստեղծվեց, թե հեղինակները հայ ժողովրդի մասին կա´մ “3-րդ դեմքով են խոսում” կա´մ էլ տարանջատում են իրենց` իրենց իսկ ժողովրդից:

    Հիմա հերթով անցենք…

    Հարգելի Democrat, ճիշտն ասած ձեր գրառումից, ոչ մի դեմոկրատիայի հոտ չի գալիս, այլ ընդհակառակը` խորը տոտալիտարիզմի (միգուցե ձեր ծածկանունը փոխեք…և դարձնեք Totalitar): Միգուցե և ես կհամաձայնվեմ ձեր հետ, որ լեգիտիմություն տերմինը շատ է “չարաշահվում” կամ անտեղի օգտագործվում: Բայց մի՞թե դա ըստ էության ինչ որ բան փոխում է…: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե լեգիտումություն ասելիս այս կամ այն քաղ.գործիչը կամ անհատը հիմնականում ինչ ի նկատի ունի: Նրանք բոլորն էլ այդ տերմինը օգտագործելիս մեծամասամբ ի նկատի ունեն որ, իշխանությունը չի ձևավորվել ժողովրդի կամքով և ներկայացուցչական չէ, այսինքն չի արտահայտում ժողովրդի մեծամասնության իրական կամքը

    Մ.Դյուվերժեն ավելացնում է նաեւ մեկ այլ բնութագրիչ՝ լեգիտիմ է ցանկացած իշխանություն, որի հետ համաձայն է ժողովուրդը, իմա՝ ժողովրդի մեծամասնությունը

    : Խնդրում եմ վերջին միտքս չմեկնաբանել, քանի որ այն ակնհայտ ճիշտ է, և նույնիսկ Ահարոն Ադիբեկյանի նման ազգադավաճան կերպարների կողմից հրապարակված թյուր ու ստահոդ տվյալներն անզոր են դա հերքելու:

    Ինչ վերաբերում է «Քթները տրորվե՞ց» արտահայտությանը, միթե դա վայել է իրական դեմոկրատական արժեքներ ունեցող անձնավորությանը: Ես անձամբ այդպես չեմ կարծում: Մի կողմ թողնելով իշխանությունը զավթածների և իշխանությանը ձգտողների ուժերի և հնարավորությունների անհավասարության փաստերը, ասեմ որ ցանկացած մրցույթում էլ լինում եմ հաղթողներ և պարտվողներ: Եվ երբ մարդիկ պարտվում են, նրանց չեն ասում, որ «Քթները տրորվե՞ց»:
    Հիմա վերադառնամ ուժերի և հնարավորությունների հավասարության հիմնախնդրին: Իսկ դուք որտեղից գիտեք, որ ընդդիմությունը չի հեղեղել ոստիկանությունը և դատախազությունը դիմումներով: Ես անձամբ ականատես եմ եղել դրանցից շատերին, որոնց մինչ օրս էլ ընթացք չի տրվել… ու չի էլ տրվի, քանի դեռ մենք միամտաբար մտածում ենք, որ ոստիկանություն դիմում դրելով, ինչ որ բան փոխելու ենք… Հուսով տեղյակ եք վերջի զարգացումներին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դատարանի միջոցով միայն կարողացավ ստիպել ՀՀ Դատախազությանը քր. գործ հարուցել Ժառանգություն Կուսակցության գրասենյակ ապօրինաբար մուտք գործելու և համակարգչից տվյալներ գողանալու դեպքի կապակցությամբ: Չնայած ինչու եմ զարմանում, որ դուք այդ դեպքերի մասին կարող է և տեղյակ չլինեք: Եթե միայն հեռուստաեթերին հետևեք, ապա ոչ մի նման բովանդակությամբ նյութ չեք էլ տեսնի…

  5. Քաղաքացի

    Շարունակություն…
    Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից ընտրությունները չեղյալ համարելուն, ապա այդ հարցը չպետք է լուծվի ինչ որ մեկի կամ մի քանիսի տրամադրությունով այլ միմիայն փաստերի հիման վրա, որոնք ավելի քան բավական էին (կրկին ասեմ, որ դրանք չեն հեռարձակվել նուրբ ասած իշխանահաճո եթերով):

    Սակայն մտովի պատկերացնում եմ, թե որքան կտխրեին ԱԺ տեղեր նվաճած մեր երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, եթե հանկարծ Սահմանադրական Դատարանը չեղյալ հայտարարեր այս ընտրությունները, եւ ինքստինքյան, կորչեին ԱԺ-ում մի քանի կոճակներ տնօրինելու իրավունքը: Համոզված եմ, որ կտխրեին, որովհետեւ իրենց դերասանությունը կհանգեցներ իրենց իսկ «աշխատատեղերի» կրճատմանը:

    Ինչ վերաբերում է ընդդիմությանը ընդհանրապես, որպես քաղաքական կատեգորիա, ապա ես կարծում եմ, որ այո այն մաքրվելու կարիք ունի, և մեզ առաջին հերթին ընդդիմադիր ուժերի փոփոխություն է պետք, և դա կլինի, ես համոզված եմ դրանում. ու պոպուլիստ Գեղամյաններ ու իշխանասեր ՕԵԿ-ներ այլևս չեն լինի:

    Հարգելի դեմոկրատ ինչ է նշանակում

    Նախարարության աշխատողը գիտի, որ եթե ինքը գնա եւ ընտրի իշխանության ներկայացուցչին, իր աշխատատեղը չի վտնագվի: Նա տեսնում է իր ընտրության ՌԵԱԼ ԱՐԴՅՈՒՆՔԸ: Իսկ ի՞նչ կարող է ակնկալել ընդդիմությանը ձայն տված նույն նախարարության աշխատողը կամ մեկ այլ անձ, կարո՞ղ եք ինձ ասել:

    Միթե ընտրության ՌԵԱԼ ԱՐԴՅՈՒՆՔԸ սոսկ իր ստացած աշխատավարձն է կամ էլ այն քնձռոտ պաշտոնը, որը բանի պետք չի և այսօր կա իսկ վաղը աստված գիտի… Դա պարզապես ծիծաղելի է…Ինչ է ձեր կարծիքով ընդդիմությունն էլ պետք է ընտրակաշառք բաժաներ… Ու ով շատ փող տար նա էլ հաղթեր և լիներ ԼԵԳԻՏԻՄ…
    Կարծում եմ, որ պետք չէ լինել այդքան կարճատես, քաղաքականապես և գաղափարապես կարճատես…
    Եվ պետք չի կարծել թե Հայաստանում միայն ձեր կողմից նկարագրված 2 տիպի մարդիկ են ապրում: Ես անձամբ խորը համոզված եմ, որ ընդդիմության և ՀՀ քաղաքացիների մի մասը ուզում է գալ իշխանության և/կամ սատարում է որևէ քաղաքական ուժի մի մասը նեղ անձնական, իսկ մյուս մասը ազգային շահից ելնելով` ինչքան էլ դա ձեր համար անհավատալի է: Եվ մեր ազգի ամենաբաղձալի բանը կլինի այն, որ երկրորդ տիպի մարդիկ շատանան և ոչ թե Յիրայր Սեֆիլյանի նման հայտնվեն ԱԱԾ-ում:

  6. Քաղաքացի

    Շարունակություն 2…

    Ինչ վերաբերում է մեկնաբանությունեերին:

    Հարգելի arcadi,

    Իսկ դու ինքդ ըմբռնել ես, թե ինչ ասել է պետություն, ու ձեր տնից դուրս ինչ որ բան ընդունում ես ու քո հայացքներին դեմ: Կարծում եմ, որ դու չափազանցնում ես: Այո ժամանակ է պետք փոփոխության համար: Ու մի բան լավ հիշեք ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԻՋԻՑ Է ԳԱԼԻՍ: Չկա փոփոխություն դրսում, եթե չկա փոփոխություն մեր մեջ: Ու ավելի լավ է մեզ ոգևորենք ու ասենք, որ մենք կարող ենք փոխվել և պիտի փոխվենք, ամեն օր ու ամեն ժամ, և ոչ թե սովետական ոգով փնովենք ու պախարակենք մեզ, ասելով, որ մենք վատն ենք ու ոչինչ էլ չենք կարող: Մենք ամեն ինչ էլ կարող ենք` քրտնաջան և հետևողական գործողությունների շնորհիվ:

    Հարգելի Bloger, ինձ թվում է ոչինչ էլ չենք խաղացնում այլ պարզապես գոյատևում ենք…: Իսկ զարմանալին գիտեք որն է, որ ձեր համար զարմանալի չէ, որ ձեր իսկ սեփական ազգը պարզապես ինչ որ բաներ է խաղացնում: Է դուք էդ ազգից չեք? Է եկեք չխաղացնենք, եկեք կառուցենք, եկեք աշխատենք, և ոչ թե զարմանանք կամ էլ չէ… Դա ոչինչ մեզ չի տա… Փաստել մի բան ու կողքի քաշվել… Դա կործանման կբերի…

  7. arcadi

    Հարգելի քաղաքացի, խնդրում եմ մի վրդավվեք իմ խոսքերից, ես ընդամենը արձանագրում եմ պատմական այն իրողությունը, որ ոչինչ եւ ոչ մի բան ոչնչից չի առաջանում: Կարծեմ, բոլոր բնագավառներում էլ սա գործում է՝ ֆիզիկա, քիմիա, բիոլոգիա եւ այլն: Ես համոզված եմ, որ ուզում ես ներսից արա, ուզում ես դրսից, ինչպես ասում են Կարգին Տղաները, միեւնույն է՝ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ: Ձեր նշած ներսիցն էլ է ժամանակ պահանջում: Մի ամբողջ սերունդ փող հաշվելուց (հատկապես՝ ուրիշինը) բացի ուրիշ ոչ մի նախասիրություն չունի: Ասում եք՝ պախարակել պետք չի, բայց փաստորեն մեր մտքերը լավ էլ պախարակեցիք:

    Համաձայն չե՞ք, որ ամբողջ ազգը կարճատես է, քանի որ կազմված է առանձին կարճատեսներից: Համաձայն չե՞ք, որ մտնում ես Հայ ընտանիքները՝ ամեն ինչ փայլում է, իսկ տան տիկինների ՄԵԾ ՄԱՍԸ իրենց տան աղբը թափում են շենքի մուտքում, շենքի դեմը, բակում՝ որտեղ իրենց իսկ երեխաներն են խաղում, նույնիսկ որտեղ աղբարկղ կա, թափում են այդ աղբարկղի կողքը, բայց ոչ՝ մեջը: Եւ ուզում եք, որ այս ազգը զարթո՞նք ապրի: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի զարթոնք կապրի: Վուլգարների եւ գռեհիկների զարթո՞նք եք ցանկանում:

    Ասում եք՝ քանի-քանիսն են ընդդիմությունից դիմում եւ բողոք ներկայացրել: Հավատացեք, որ մի 10 էդքանն էլ ծախվել են՝ փողով, վախով կամ էլ եսիմ ինչով: Ու քանի դեռ ազգի ուշքն ու միտքը ծախվելն ու դիմացինից կախման մեջ լինելն է, ապա ինչպե՞ս կարող եք նման հասարակությունում ազատամիտ գաղափարներ սերմանել:

    Ես մնում եմ իմ մտքին՝ ժամանակ է պետք: Ձեր խոսքի հետ լրիվ համաձայն եմ, թեեւ որոշ դրվագներ մի քիչ շատ են փիլիսոփայական հնչում:

    Ասում եք՝ քաշվելը մի կողմ կործանման կբերի: ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ իր պետին չի ասում “լսի, այ ..., գնա քո պետի գործերն արա, ու չփորձես հանկարծ քո խոստումները փաթաթել մեր վզին”, ուրեմն ամեն ինչ արհեստական կստացվի: Կստացվի այնպես, ինչպես СССР-ի ժամանակներն էին:

  8. Քաղաքացի

    Հարգելի arcadi, շնորհակալություն մեկնաբանության համար: Կներեք եթե մի փոքր էմոցիոնալ և կոշտ էր ստացվել իմ գրառումը:

    Ես լրիվ համաձայն եմ ձեր հետ, որ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ, բայց կարծում եմ, որ մենք ժամանակ (ոչ մի վայրկյան) չունենք սպասելու թե երբ է գալու այդ ժամանակը, որ էդ պահից դառնանք լավը.

    Մենք պետք է այո մեր պետերին ու մնացած բոլորին լավ օրինակ ցույց տանք մեր վարքով, մեր համոզմունքներով, մեր սկզբունքներվ, և ինչու չէ տեղը տեղը եկած դեպքում էլ “դաս տալ”, որպեսզի իմանան, որ այլևս ամեն ինչ չեն կարող անել, այլ պետք է հաշվի նստեն մյուսների հետ:

    Ես գիտեմ, որ ընդդիմությունից շատ ծախվողներ են եղել` սկսած նրանց առաջնորդներից և վերջացրած վստահված անձնանցով և դա ցավալի է: Մենք պետք է իրենց համար էլ օրինակ ծառայենք ու երբեք ու ոչ մի պարագայում ՉԾԱԽՎԵՆՔ, որ իրենք տեսնեն, թե որն է ճիշտ վարքագիծը:

    Ու եկեք այդ ժամանակը ի օգուտ մեզ օգտագործենք և ոչ թե ի վնաս: Եկեք այսօր ամենքս մի հոգու ասենք, ինչու ես աղբը աղբամանի կողքը կամ էլ ոչ աղբանոցում թափում: Ասենք ինչու ու սպասենք պատասխանի, լավ կամ վատ դա կարևոր չի: Մեզ կարող է նույնիսկ կոպտեն, բայց մենք չպետք է վարանենք ասելուց և էլի կրկնենք ինչու? Այնքան ժամանակ պիտի ասենք, որ թափողը հասկանա, որ…

  9. Democrat

    Հայ Քաղաքացի ջան, չհասկացա, թե ինչու ես զարմանում կամ երեւի նույնիսկ զայրանում այլ կարծիքների հանդիպելիս: Ինչո՞ւ դեմոկրատիայի հոտ չի գալիս իմ լոգինից, դա էլ ինձ է զարմացնում (սակայն չի զայրացնում): Դեմոկրատիան հո միայն իշխանությանը կպնելը չի՞: Դեմոկրատիան նաեւ իրեն ընդդիմություն հռչակած ու իրենց քաղաքական ուժի պիտակ սոսնձած մարդկանց սխալները մատնացույց անելու մեջ է: Դեմոկրատիան նաեւ, եթե հարկ է, իշխանությանը գովելու մեջ է: Ինչպե՞ս չգովես մեր իշխանություններին, որոնք ընտրություններից առաջ մի մարդու պես իրար գլխի հավաքվեցին, իսկ 1+1+… ը չի կարողանում 100 հոգու իրար կողքի հավաքի: Ինչ ես կարծում, իշխանությունը հատ-հատ մտել է մարդկանց տներն ու ասել՝ չգնա՞ք միտինգի:

    Ասելիքս այն էր պարզապես, որ չի կարելի ընտրությունից հետո քնել եւ զարթնել լեգիտիմության գաղափարով տոգորված, այլ ընդամենը մինչեւ ընտրությունները եւ ընտրությունների ընթացքում հասնել նրան, որ ամեն ինչ լինի նորմալ: Նաեւ զայրացած եմ ընդդիմության վրա այն բանի համար, որ մենակ պոռոտախոսել գիտեն, իսկ գործնական կյանքում կարծես մտածում են միայն օրը 3 անգամ լավ սնվելու եւ այլ մանր-մունր բաների մասին, սակայն ոչ՝ պետության կամ հայրենիքի մասին:

    Ո՞ր հարցում եմ ես սխալ, խնդում եմ մանրամասնել:

  10. Քաղաքացի

    Դեմոկրատ ջան,

    Ես դեմ չեմ քննադատությանը, այն էլ առողջ քննադատությանը: Ես չեմ էլ փորձում արդարացնել ընդդիմությանը: Ու իմ համար դա ինքնանպատակ չի, պարզապես պետք է աչքներս փակ չդատենք: Այ օրինակ.

    Ինչ ես կարծում, իշխանությունը հատ-հատ մտել է մարդկանց տներն ու ասել՝ չգնա՞ք միտինգի:

    Իշխանությունները ոչ միայն հատ-հատ մտել են մարդկանց տները և ասել չգնաք միտինգի, այլ ավելին. մտնում են ամեն օր, ամեն ժամ ու բթացնում` Հայլուրով, ու TEMPUS-ով ու իրենց տաբեր տեղեր մտնող հաղորդավարներով. Մտնում են ու ասում չգնաք միտինգի, քանի որ միտինգ չկա (ըստ իրենց չկա, իրականում լավ էլ կա), կամ եթե լինում է, ասում են 100 հոգի մարդ կար: Այո երբեմն 100-ով էլ է եղել, բայց հաստատ գիտեմ, որ էդ 100-ից յուրաքանչյուր ոք, էդ Հ1-ի, Հ2-ի, Արմենիայի բոլոր վիժվածք ազգի դավաճան <<լրագրողներից>> ավելի ազգասեր են ու պատասխանատու: Ու սա ընդամենը մի դրվագն է մեր բթացման ու նվաստացման, բա վախը… Մարդկանց են ձերբակալում, դարանակալում, վրա տալիս ԿԳԲ-ի մոտ: Բա էդ <<միտինգի չգնաս>> չի? Բա էդ ինչ ա: Բա որ քաղաքապետարանի չինովնիկները չեն արտոնում հանրահավաքները ու ասում են, գիտեք հանրահավաքից մի օր հետո մի 3 փողոց այն կողմ երգի փառատոն է լինելու ու դրա համար ձեր հանրահավաքը չենք արտոնում: Բա Էդ ինչ ա?

    Ի միջի այլոց, իշխանությունը մի մարդու պես չի իրար գլխի հավաքվել այլ 2, քանի որ իշխանությունը դա 2 հոգի են, իսկ էն մնացածը մանր մունր շուն ու գել, որ որ պահին կապերը պետք է թողնում են, որ պահին էլ պետք չի ձգում են:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org