Վաղը, կամ արդեն այսօր -Ծիծաղի օրն է Շաբաթօրյակ՝ հինգշաբթի օրը
Ապր 02

Չգիտեմ, երևի ավելի մեծահասակները դպրոցում պարտադիր ռուսական գրականության դասաժամերին անցած կլինեն ռուս գրող Մաքսիմ Գորկու ստեղծագործությունները: Ինքս, ինչ մեղքս թաքցնեմ, երբևէ չեմ կարդացել նրա գործերը:
Եվ ահա` երեկ “Միր” հեռուստատեսությամբ նրա մասին հաղորդում էր, որտեղ հանգամանալից անդրադարձ կար նրա կյանքին, գործունեությանը: Ի սկզբանե, ասեմ, որ հաղորդմանը, չնայած այն բանին, որ նրա ստեղծագործությունների մասին մանրամասն չխոսվեց, նրա մեծ գրող լինելու հանճարը որևիցե մեկը կասկածի տակ չդրեց: Հիմա բացատրեմ, թե ինչու միտք առաջացավ` այս ամենին անդրադառնալու

Գաղտնիք չէ, որ բոլորս էլ ունենք թերություններ, կյանքում սխալներ ենք գործում և այլն: Բացառություն չեն նաև հանճարեղ մարդիկ: Նրանցից շատերն ունենում են բազմաթիվ արատներ, թուլություններ, հաճախ հարբեցողներ են, թմրամոլներ, ամուսնական կյանքում ունենում են անհաջողություններ և այլն:

Լավ, անցնենք առաջ: Մաքսիմ Գորկին ծնվել է 1868 թ-ին: Այն ժամանակ և այժմ Նիժնի Նովգորոդ քաղաքում: 11 տարեկանում որբացել է: 16 տարեկանում մեկնել է Կազան` ուսանելու նպատակով, սակայն չի հաջողվել ընդունվել համալսարան: Այնուհետև սկսել ճանապարհորդել ողջ Ռուսաստանով մեկ, գրել, հրապարակել է բազմաթիվ ստեղծագործություններ, դարձել հանրահայտ: 1905 թ-ի չստացված հեղափոխությանը Գորկին մասնակցել է, որի անհաջողությունից հետո բանտարկվել է: Սակայն ազատ է արձակվել և 1906-ին մեկնել է ԱՄՆ:

Հետո վերադարձել է Ռուսաստան: Սերտորեն համագործակցել է բոլշևիկների հետ: 17 թ-ի դեպքերից հետո նրա ժողովրդականությունն ավելի ու ավելի սկսել ավելանալ: Գորկին դարձել է սովետական պրոպագանդայի հայրը, ծավալել է լայն հասարակական գործունեություն, մեծ մասնակցություն է ունեցել “մեծատառով սովետական քաղաքացիներ արտադրելու” պրոցեսին: Ստալինյան ռեպրեսիաների տարիներին մեծապես օգնել է Իոսիվ Վիսարիոնովիչին: Մտերմացել է նրա հետ: Եղել է այդ տարիների հիմնական պրոպագանդիստը: Գրել, հրապարակել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, որոնցում քիչ թե շատ ունևոր գյուղացիներին հեռակա դատապարտել է մահվան, ողջունել է ստալինյան ռեժիմի կողմից կատարվող բազմաթիվ թեկուզ այն ժամանակների համար բանականության մեջ չտեղավորվող գործողությունները, համագործակցել է “ՉեԿա”-ի հետ:

Միգուցե իր իսկ անվտագության համար` ունեցած հնարավորությունները խուսափել է օգտագործել` իր բազմաթիվ դատապարտված ընկեր-գրողներին, մտավորականներին օգնելու համար: Ինչևիցե, այդ տարիներին կատարված քաղաքականության մասին որևիցե բացասական խոսք չի ասել, ընդհակառակը` բազմաթիվ փաստեր, իրողություններ ներկայացրել է խեղաթյուրված, այնպես, ինչպես ձեռնտու է եղել ռեժիմին: Ձայն չի հանել անգամ այդ տարիներին հեղափոխության հաղթանակի համար ոչինչ չխնայած բոլշևիկյան բարձրաստիճան գործիչների սպանությունների, շինծու դատ ու դատաստանների ժամանակ:

Եղել է այն եզակիներից, ովքեր այդ տարիներին վարել են շքեղ կյանք: Ունեցել է առանձնատներ, ավտոմեքենաներ: Մեկ ամսվա նրա ու նրա ընտանիքի ծախսերի համար բյուջեից հատկացվել է 130000 ռուբլի, այն դեպքում, երբ բժշկի աշխատավարձը եղել է 300 ռուբլի: Իր կենդանության օրոք գրեթե “աստվածացվել” է, կանգնեցվել են բազմաթիվ արձաններ, մասնակցել է բոլոր զանգվածային միջոցառումներին, տրիբունայում կանգնել է սովետական վոժդերի հետ կողք կողքի:
Մահացել է 1936-ին թոքերի խիստ կասկածելի ախտահարման հետևանքով: Նրա ծննդավայրը` Ն. Նովգորոդը, նրա պատվին անվանվել է Գորկի:

Նա իրոք եղել է մեծ մտածող, մեծ գրող, ժողովրդի նիստուկացին, մտածելակերպին քաջատեղյակ, ժողովրդական մարդ:

Համեմատության համար հիշեցնեմ, որ հայ հանճարեղ գրող Եղիշե Չարենցը, որը հեղափոխության կողմնակից է եղել և այդ ամենն արտացոլել է իր ստեղծագործություններում, ստալինյան տարիներին տեղի ունեցածը չի հանդուրժել, սուր քննադատության է ենթարկել և դարձել այդ ողբերգական տարիների նահատակներից մեկը:

Այստեղ հարց է առաջանում: Ինչու՞ են նրանք` Գորկիի նմանները, ստեղծագործում: Ստեղծագործում են, որ սերունդները նրանց հիշե՞ն, թե՞ որ լավ կյանք վարեն` մոռանալով, որ այդ պահին միլիոնավոր համերկրացիներ շինծու մեղադրանքներով գնդակահարվում են, միլիոնավոր մարդիկ իրենց կանանց ու երեխաների հետ միասին աքսորվում են ցրտաշունչ երկրամասեր, որտեղ անգամ գոյատևելու համար տարրական պայմաններ չկան: Չգիտե՞ն, որ սերունդների կողմից ոչնչացվելու են:

Ինչևէ, ԽՍՀՄ փլուզումից հետո Գորկի քաղաքը կրկին վերանվանվեց Նիժնի Նովգորոդ, իսկ մեր Չարենցավանի անվանումը մնաց ՉԱՐԵՆՑավան:

Կներեք, որ երկար ստացվեց:


Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն

  1. Democrat

    Շնորհակալություն հետաքրքիր տեղեկությունների մասին: Գորկու մասին գիտեի, բայց ոչ այսպիսի մանրամասնությամբ: Փաստորեն, Գորկին եղել է պալատական գրող: Եթե մտածող էր, ապա դժվար թե գլխի չընկներ ստալինյան ռեժիմի բացասական կողմերի մասին: Ուրեմն՝ իր նվիրվածությունը բոլշևիկյան գործին կուրացրել է նրան, կամ էլ իմացել, սակայն համեստորեն լռել է: Երրորդ տարբերակն էլ կա. գիտակցել է, սակայն արտահայտվելու հնարավորություն չի ունեցել՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար ու տեսնելով, թե չենթարկվողների հետ ինչպես են վարվում:

    Չարենցինը լրիվ ուրիշ է: Ալկոհոլ գումարած խաբված լինելու խորը զգացում: Կամ էլ՝ խաբված լինելն է փորձել կոծկել ալկոհոլով:

    Չարենցը հանճար էր, իսկ Գորկին՝ գրող: Սրանք տարբեր բաներ են: Ու շատ լավ է, որ Չարենցավանի անունը չեն փոխել:

  2. Philosopher

    Անկեղծ որ ասեմ, չհասկացա հոդվածիդ իմաստն ու ենթատեքստը: Եթե բարդ չէ, կցանկանայի լսել քեզանից:

    Հիմա պալատական մտավոՌականության խիստ արդիկան ու բոլոր ժամանակներում ներկա լինելու հանգամանքի մասին: Սա անակնկալ երեւույթ դիտել չի կարելի ու պետք էլ չէ: Բոլոր ժամանակներում եղել են այնպիսի մարդիկ, որոնք սեփական անձը ավելի են դասել:

    Դեմոկրատը մի նրբություն առաջ քաշեց, որ նա՝ Գորկին, միգուցե վախեցել է իր ու իր ընտանիքի անդամների համար ու դրա համար էլ ծպտուն չի հանել: Սա ես ընկալում եմ լիապես, սակայն ի՞նչ կապ ունի յուր անձի համար վախենալը «Չեկա»-ի՝ Արտակարգ հանձնաժողովի հետ համագործակցելու հետ:

    Տեսեք մեր օրինակով: Ասում ենք Նաիրի Զարյանը՝ Հայաստան Եղիազարյանը, լավ գրող է, բայց նրա թելադրանքով ու անձնական շահագրգռությամբ Բակունց, Մահարի, Չարենց բռնեցին: Նույն Զարյանը կարող էր ձեռնպահ մնալ, նաեւ չգրեր «ընկե՛ր Ստալին, դու տականք ու հրեշ ես», բայց եւ չպախարակեր էլ մտքի հանճարներին ու արդար ու ազնիվ մարդկանց:

    Զարյանի, Գորկու, ներկա որոշ «գրողների»՝ Պ.Զեյթունցյան, «արվեստագետներ» Ս.Սարգսյան, Վ.Մսրյան և այլոց պես մարդկանց պետք է ոչ միայն արհամարհել ու ուշադրություն չդարձնել, այլեւ բացել նրանց իրական դեմքը հասարակության առջեւ, որ պարզ ու հստակ լինի: Եթե հիմա չարվի, հետագայում նոր սերունդը չի իմանա, թե, ասենք, ով է եղել Զեյթունցյանը իրականում:

    Այդ քողազերծումը պարտադիր է: Պարտադիր է հենց ապագայի համար, որ նմանը չծնվի…

    Մեր պատմությունը ահագին մութ տեղեր ունի, որի մասին շատերը չէ, որ խոսում են: Բայց ավելի լավ է ասել, թե ով է եղել իրականում Տրդատ 3-րդը, թե ով է եղել «մեծն լուսավորիչ» Գրիգորը, քան պարտակելով նրանց «այլադավությունները» սրբացնենք բազմաթիվ հայեր կոտորած, «սուրբ» վերակոչված հռոմեացի Սարգսին ու այլոց… Չպարտակենք, որ ապագայում նմանը չլինի… Ի դեպ, ներկա գարշանքը՝ մեր «մտավորականություն» կոչված, հենց սրա արդյունքն է:

  3. Marat

    Փաստորեն, Գորկին եղել է պալատական գրող:

    Կարծում եմ՝ այնուամենայնիվ, նա ավելին է եղել, Դեմոկրատ ջան…

    Կարմիր հրապարակում շքերթների, տոնահանդեսների ժամանակ նա կանգնած է եղել «ժողովուրդների հայրիկի» մոտ: Այս մասին կադրեր կան: Այդ տարիների մասին ասում են, որ եղել են երկու «վոժդ», որոնցից մեկը՝ Իոսիֆ Ստալինն ապահովել է գործնական կողմը, իսկ Մաքսիմ Գորկին՝ գաղափարական:

    Նրա «սովետական քաղաքացի դաստիարակելու» տեսությունը համեմատում են Նիցշեի «գերմարդ» ստանալու տեսության հետ:

    Գորկու ջանքերի շնորհիվ է ձևավորվել գրողների միությունը: Նա է եղել այդ տարիներին գրականության անհրաժեշտ հիմնական ուղղվածությունների կնքահայրը: Ունեցել է միջնորդական առաքելություն ժողովրդի և կոմկուսի միջև: Մեծ ներդրում ունի կրթական ծրագրերի, բնակչության անգրագիտության վերացման հետ կապված հարցերում: Նա ստալինյան տարիների ներքին քաղաքականության հարցերում լուրջ ներդրում ունի:

    Այսինքն՝ նրան համեմատել ինչ-որ պալատական գրողների հետ, որոնցով հիմա հայաստանյան իշխանությունների ուղիղ աղիքն էլ է լեփ-լեցուն, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ:

    Երրորդ տարբերակն էլ կա՝ գիտակցել է, սակայն արտահայտվելու հնարավորություն չի ունեցել՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար ու տեսնելով, թե չենթարկվողների հետ ինչպես են վարվում:

    :
    Վերը գրվածից բխում է, որ այս մի կետը նույնպես իրականին մոտ չէ:

    Մնացածի մասին, Փիլիսոփա ջան, հետո…

  4. Jojoba

    Նախ ասեմ, որ համաձայն չեմ ձեր բազմաթիվ պնդումների հետ:

    Չարենցը հանճար էր, իսկ Գորկին՝ գրող

    Գորկին եղել է պալատական գրող

    Եթե առաջինը ուղղակիորեն չի համապատասխանում իրականությանը (էլ չասեմ սուբյեկտիվության եւ ազգասիրական բնույթի թերությունների մասին), ապա 2-րդի վերաբերյալ ես անձամբ հակառակ տեղեկություներ ունեմ…

    Պատմությունը ձզվելի բան է. տարիներ անց այն կարող է մեկնաբանվել միակողմանի եւ խեղաթյուրել իրականությունը:

    Ամեն դեպքում, չէի ուզենա դատարկ վիճաբանել ձեզ հետ այս թեմայով մի պարզ պատճառով, որ ես պետք է մեջբերեմ իմ աղբյուրները, դուք՝ ձերը: Իսկ քանի որ ես պատմությունից էլ հեռու մարդ եմ, ապա առավել եւս սա ոչ մի արդյունքի չի բերի.

    Ուղղակի կարելի է ավելացնել, որ ես անձամբ վատ եմ զգում, երբ աստվածացնում են նահատակված «ազգի հերոսներին»՝ համեստորեն լռելով նրանց մեղմ ասած «կասկածելի անցյալի» դրվագների մասին:

    Օրինակներն շատ են՝ Կ. Դեմիրճյան, Վ. Սարգսյան, նախկին վարչապետ, Վազգեն Առաջին… Սա միայն քաղաքական գործիչների մասին:

    Գրող, նկարիչ, դերասաններին հանգիստ թողնենք, քանի որ նրանց առաջին հերթին պետք է գնահատել իրենց մասնագիտական արժանիքների համար:

    Անկեղծ որ ասեմ, չհասկացա հոդվածիդ իմաստն ու ենթատեքստը: Եթե բարդ չէ, կցանկանայի լսել քեզանից:

    Կյանքումս 2-րդ անգամ է, որ համաձայն եմ Փիլիսոփայի հետ. ես նույնպես չհասկացա հոդվածի ենթաթեքտը …-)

  5. Jojoba

    Պատմության «թերությունների» մասին մեկ պարզ օրինակ.

    Հուսով եմ, որ լսել եք Հոլոխոստի մասին եւ ունեք գոնե ընդանուր տեղեկություն սրա մասին:

    Կհամաձայնեք, որ դեպքն ավելի պատկերավոր եւ մասսայական է, հետեւաբար ավելի տեսանելի, քանց թե Գորկու ով կամ ինչ լինելն:

    Դե ուրեմն՝ վերջին 10-5 տարիներին մեծ խումբ պատմաբաններ, լրագրողներ, գիտնականներ համառորեն վիճում են, թե 6 մլն հրեաների մահվան փաստը իրակա՞ն է, թե՞ ուռճացված ամենաքիչն մոտ 10 անգամ: Վերջինս պնդողները այնպիսի պատմական, գիտական (նույնսիկ ֆիզիկայի եվ թերմոդինամիկայի հիմնական օրենքներից) փաստարկներ են բերում, որ մեղադրել նրանց պատմությունը խեղաթյուրելու կամ անտիսիմիտիզմի մեջ առնվազն հիմարություն կլինի:

    Լավ, ներող, որ շեղվեցի, խոստանում եմ, որ կբարձրացնեմ այս թեման մեկ ուրիշ հոդվածում, եթե իհարկե հետաքրքիր է:

  6. Marat

    Փաստը մեկն է: Ստալինյան տարիներին հարյուր հազարավոր անմեղ մարդիկ են գնդակահարվել, միլիոնավոր անմեղներ աքսորվել են, միլիոնավոր ընտանիքներ սովի են մատնվել սովետական իշխանությունների անհեռատես, հիմար քաղաքականության հետևանքով: Տուժվել են հիմնականում «լավերը», այն մարդիկ, ովքեր լուսավորյալ եւ գիտակից են եղել, եղել են սկզբունքային, իրենցից ներկայացրել են արժեք:

    Սա փաստ է եւ այս ամենը կասկածի տակ դնել անհնար է: Այն ժամանակ, երբ Կարմիր հրապարակով քսաներորդ լուսավոր դարում միլիոնանոց շքերթի մասնակիցները տանում էին Ստալինի մեկ հեկտար մակերես ունեցող եւ կուսակցական մյուս լիդերների տաս անգամ փոքր չափսեր ունեցող նկարները (որը համաձայնվեք՝ ծիծաղելի է), գիտակից ու սկզբունքային մարդիկ ծիծաղում էին, քննադատում, համարում խելքից հեռու, ոմանք էլ, գիտակցելով իրենց գլխի գալիքը, տխուր ու մտահոգ լռում էին, որոշ մտավորականներ ողջունում էին, ծափահարում:

    Զարմանալի չէ՞: Անգամ անգրագետ ռամիկը գիտի, որ այդպիսի քաղաքականությունը լացելու աստիճանի ծիծաղելի է: Մեծ մտածողներն ու գրողները չգիտեի՞ն: Հիշենք այդ տարիների սովետական գրողների վարքագիծը: Հիմնական մասը ոչ թե բարձրաձայն քննադատում էր, այլ բանաստեղծություններում, վեպերում հայտնում էին թաքնված մտքեր՝ այդ ժամանակվա քաղաքականության, կենսակերպի, մարդկային փոխհարաբերությունների, կուռքերի մասին:

    Հետաքրքիրն այն է, որ այս ամենը շատ, անչափ շատ նման է մեր հայաստանյան իրականությանը: Շա՜տ նման է…

    Չերկարացնեմ: Գորկու մասին ասեմ իմ կարծիքը: Նա կամ պարզապես անսկզբուքային ու անբարոյական անձնավորություն է եղել, որոնց պակասն այդ ժամանակներում չի եղել, կամ էլ՝ եղել է «ստալինական»::-D Երկրորդը քիչ հավանական է թվում:

  7. Philosopher

    Մարատ ջան, ես ինձ անհասկացող չէի որակի, բայց որ չեմ հասկանում, թե ինչին ես խփում, դա փաստ է: Խնդրում եմ ասես, թե ի՞նչ նպատակ ունեիր սույն տեքստը գրելով ու ինչ էիր մտածում մինչ գրելդ: Ամեն ինչ չէ, որ հանձնում ենք հրապարակայնությանը նյութ գրելիս, եւ մութը շատ է: Տվյալ պարագայում՝ կրկնակի:

    Ես չեմ ընկալում, թե ի՞նչ էիր ուզում ասել սույն գրառմամբ:

    Հարցս ճիշտ ընկալիր. նյութդ ի՞նչ «կցուցանե»: Մեկ անգամ էլ կարդա քո հրապարակումը ու կտեսնես, որ վերջաբանի տեղը դատարկ է: Հանգուցալուծումը չկա:

    Հետաքրքիրն այն է, որ այս ամենը շատ, անչափ շատ նման է մեր հայաստանյան իրականությանը: Շա՜տ նման է…

    Ո՛չ, Մարատ: Ոչ թե նման է, այլ նույնն է: Ինչո՞վ էր բացատրում «ժողովուրդների պապն» իր իրականացրած բռնությունները: Ասում էր հետեւյալը. «Ինչքան որ մոտենում ենք սոցիալիզմի հաղթանակին, այնքն սրվում է դասակարգային պայքարը, ու թշնամու (ակա՝ «հակահեղափոխականների») դիմադրությւոնը դառնում է ավելի կատաղի»:

    Ի՞նչ է ասում ներկա իշխանությունը: Ասում է, որ «ՀՀՇ»-ն կրկին գալիս է ավերելու: Ասում է, որ մեզ մոտ «քանց Շվեյցարիա» է: Ասում է, որ «արեւմտյան լրտեսները» ( Ստալինը սա շատ էր օգտագործում (քիչ ներքեւում)) ցանկանում են հեղափոխություն անել: Սա տեսությունն է, որը ինչպես Ստալինի դատարկաբանությունները ռեալ իրականության հետ կապը այնքանով է, որքանով որ էշ կենդանու և գրականության միջեւ:

    Ի դեպ, Ստալինը Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանի սպանության առթիվ հղած նամակում (1937 սեպ. 8) նշում է, թե ԽՍՀՄ ժողկոմխորհը (Ժողկոմխորհի նախագահն էլ ինքն էր) չի կարող հանգիստ ընդունել այն, որ հայ ժողովրդի «թշնամիները» ազատ թրեւ են գալիս փողոցներում ու «խանգարում» տնտեսության աճը և «կեղեքում» բանվորներին ու գյուղացիներին: Սա էլ այն պարագայում, որ բանվորների աշխատավարձը չնչին էր (իբր երկիր էին ինդուստրացնում), գյուղացուն շան պես բերում «գցում» էին կոլտնտեսության մեջ (ակա՝ «կուլտուրական հեղափոխություն» էին անում), իսկ վերնախավը զբաղված էր հղփանալով:

    Այսինքն՝ ռեպրեսիան բացատրում էին մի հեքիաթով, որը ոչ մի ընդհանուր եզր չուներ: Տեսեք, նույն Ջհանգիրյանի գործը: Ամբողջ ՀՀ-ն գիտի, որ Ջհանգիրյաին բերել են, ծեծել են: Ու հիմա դատում են նույն Ջհանգիրյանին նրա համար, որ ինքն է բռնություն «գործադրել» իրականում իրեն իսկ ծեծած ոստիկանի հանդեպ: Եթե նույնը չի, ապա ի՞նչ է…

    Ի դեպ, Ստալինը բռնություններից հետո բարբաջում էր, թե այդ ամեն ինչի մեղավորները «արևմտյան տերությունների հետախուզությունների լրտեսների» ու «ներքին գործերի ժողկոմ խցկված ժողովրդի թշնամիներն» են: Նույնիսկ 1938 թվականի դեկտեմբերի 1-ին մի էդպիսի օրենք ընդունել տվեց ու պատժեց նրանց, ովքեր Ստալինի հրամով բազմաթիվ մարդկանց են ոչնչացրել, Սիբիր ու Ալթայ աքսորել…

    վատ եմ ձգում երբ աստվածացնում են նահատակված «ազգի հերոսներին»՝ համեստորեն լռելով նրանց մեղմ ասած «կասկածելի անցյալի» դրվագները.

    Բնականաբար, եթե պատմություն սիրեիր ու ուսումնասիրեիր, ապա կտեսնեիր, որ դեմքերի մոտ 90 տոկոսը սրբացված են, իսկ իրադարձությունները՝ ուռճացված:

    Չեմ խոսում նշածդ մարդկանց մասին, միայն ասեմ, որ հատկապես Վ.Սարգսյանի ծննդյան օրը այնպիսի բաներ էի լսում նրա մասին, որ ակամայից շփոթվում էի. արդյոք դա իմ իմացած Վազգենի մասին են պատմում, թե՞, այնուամենայնիվ, մի այլ մարդու մասին, որը չի ունեցել եւ ոչ մի թերություն:

    Պատմությունը ձզվելի բան է. տարիներ անց այն կարող է մեկնաբանվել միակողմանի եւ խեղաթյուրել իրականությունը.

    Չէ, Ժոժոբա… Բնավ զզվելի չէ: Պատմությունը նախեւառաջ շատ արժեքավոր է ապագան տեսնելու համար: Ինչը դեռ չի իրականանում: Մենք բազում կորուստներ ունեցանք հենց դրան չհետևելու համար:

    Այ, ուրիշ հարց է այն, որ խեղաթյուրում են: Համաձայն եմ. դա է դարձնում «Պատմությունը» զզվելի:

    Եթե գրում ես պատմություն, ապա չպիտի օգտագործես անձնական նախասիրություններդ:

    Վերջերս ուսումնասիրում էի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրներն ու հայերը» բարձրարժեք աշխատությունը ու շատ կարևոր ու էական բան նկատեցի: Հեղինակը ներկայացնում է պատմական իրադարձությունը ու բերում է տվյալ դեպքի մասին բոլոր պատմիչների վկայությունները. մեկը այս անհատի կողմն է, մյուսը՝ այն: Ու այստեղ, համադրելով երկու կողմի կածիքն էլ, հասկանում ես ու ճիշտ ընկալում տվյալ դեպքը՝ իր ողջ առեղծվածով: Շատ հետաքրքիր էր հատկապես դա, որ մի աղբյուր չէ, որ ուսումնասիրված էր, այլ՝ մի քանի…

    Լավ, ներող որ շեղվեցի, խոստանում եմ, որ կբարձրացնեմ այս թեման մեկ ուրիշ հոդվածում, եթե իհարկե հետաքրքիր է

    Այո, հետքրքիր կլինի: Ամբողջապես հետաքրքրված եմ, գրիր ու ներկայացրու… Այդ թեման, ի դեպ, իր շրջանակներով շատ բազմազան է, ու ենթատեքստեր կան, որոնք քննարկամն կարծում եմ արժանի կլինեն....

  8. Marat

    Անկեղծ որ ասեմ, չհասկացա հոդվածիդ իմաստն ու ենթատեքստը: Եթե բարդ չէ, կցանկանայի լսել քեզանից:

    Կյանքումս 2-րդ անգամ է, որ համաձայն եմ Փիլիսոփայի հետ. ես նույնպես չհասկացա հոդվածի ենթաթեքտը …-)

    Բայց ի՞նչ կա այդտեղ չհասկանալու: Ռուս մեծ գրող Գորկու ապրած կյանքի մութ կողմերի հետ եմ ծանոթացնում: grin
    Ասում են (բամբասեմ grin), որ Գորկիի առաջին կնոջից ծնված, որդին(ով, ի դեպ, կրկին մահացել է շատ կասկածելի մահով հոր մահից քիչ առաջ) ունեցել է գեղեցկուհի կին, ով ամուսնու աչքի առաջ «ֆռֆռալիս» է եղել «ՉեԿա»- ի այն ժամանակվա շեֆերից մեկի՝ հայր Գորկու շատ մտերիմ ընկերոջ հետ, ինչպես նաև՝ ռուս ֆանտաստ գրող Ալեքսեյ Տոլստոյի հետ: Գորկու որդին անբանուգործի մեկն է եղել: Պարզից էլ պարզ է` սրանք այն ժամանակվա նոր ձևավորվող իբր սոցիալիստական համակարգի անբարոյական մտավորականների էլիտայի ներկայացուցիչներն են եղել:

    Մեր օլիգարխների ականջ կանչի: Գորկին ունեցել է նաև «օխռանա»:
    Ասում են նաև, որ հետագայում այդ չեկիստ ընկերը (նաև` իր որդու բաջանաղը կամ իր փեսան) դատարանում իր վրա է վերցրել Գորկու սպանությունը՝ չնայած նրան, որ Գորկին մահացել էր թոքերի ախտահարումից: Խառը բաներ… smile

    Իրականում, հարգելի բարեկամներ, անպայման նման հոդված գրելու միտք առաջացավ՝ նշված հաղորդումը դիտելիս: Ախր այնքա՜ն է նման մեր իրականությանը: Մարդիկ, որոնց ստեղծագործություններով դաստիարակվում են սերունդներ, որոնք դասվում են համաշխարհային դեմքերի դասին տարիներ, անգամ դարեր շարունակ, հաճախ իրենցից ներկայացնում են անխիղճ, անսկզբունքային, հղփացած էականեր:

    Ճիշտ հասկացեք:
    Հարբեցողությունը, թմրամոլությունը, ամուսնական դավաճանությունները, անկանոն, անբարո կենսակերպը և բազմաթիվ այլ այսպիսի հատկանիշներ բնորոշ են շատերին: Սրանք հատականիշներ են, որոնց ժողովուրդը, կարելի է ասել՝ ուշադրություն չի դարձնում և չի դադարում մեծարել որոշակի «թուլություններ» ունեցող իր հանճարներին: Նրանք շարունակում են սիրված մնալ հանրության կողմից ու հիշվում են նաև սերունդների կողմից:

    Այլ է, երբ մարդը հանճարեղ է, բայց հետն էլ անխիղճ, դաժան, անսկզբունքային, շահամոլ, ագահ: Սրանք արդեն անհանդուրժելի արատներ են և մի օր՝ վաղ թե ուշ, բոլորն իմանում են:

    Իրոք, շատ է նման մեր իրականությանը: Միթե՞ մեր մեծերը՝ դերասանները, երաժիշտները, նկարիչները, գրողները այդքանը չեն գիտակցում: Նրանցից շատերն ապրել են իրենց կյանքը: Կարելի է ասել՝ նրանք կյանքից ստացել են ամեն ինչ: Հիմա ի՞նչ են ուզում: Գոնե՝ լռեն, ձայն-ծպտուն չհանեն, չլծվեն ժողովրդին հարստահարելու գործին, կողքից չօգնեն անօրեն, անգրագետ, անբարոյական, պատեհապաշտ մարդկանց: Ոչինչ, թող չքննադատեն, բայց թող՝ ձայն էլ չհանեն, չիջնեն չարչիի մակարդակին:

    Վերջերս Սոս Սարգսյանն ասում էր, որ մեր հասարակությունը երկպառակտված է: Իսկ մի հարցնող լինի՝ ի՞նչ արեցիք Դուք, որպեսզի հասարակությունում առկա խնդիրները գոնե որոշ չափով մեղմվեն: Ախր Դուք լավ էլ գիտակցում եք, որ հասարակության գերակշիռ մասի մտահոգությունն ու պահանջն արդարացի է: Հանրային Պալա՞տ, հայ գրոսմայստերների հետ շախմա՞տ… Ուրի՞շ…

    Մերոնք հիմա տաք են, չեն զգում: Հետո՝ որոշ ժամանակ անց, հանրության կողմից ռացիոնալ գնահատական կտրվի բոլորին, ինչպես՝ գնահատական տրվեց ռուս մեծագույն գրողներից մեկին՝ Մաքսիմ Գորկուն: Մեկ է, հասարակությունն դատապարտված է հաղթանակի: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ, անբնական է:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org