Կուսակցապետ ունեմ՝ աշխարհը չունի Սերժանտական իշխանության` հենարանները
Մայ 04

Քանի դեռ չի ճանաչվել ցեղասպանությունը

Հայ–թուրքական սահմանի բացումը դեռևս քննարկվում էր ամսվա սկզբից, սակայն, երբ արդեն ի հայտ եկան մի քանի դրական գործոններ, լուրերը սկսեցին պարբերաբար շրջանառվել հայաստանյան մամուլում և արդեն լուրջ քննարկման տեղիք տվեցին, երկու կողմերից էլ հնչեցին տարբեր տեսակի քննդատական և դատապարտական հայտարարություններ: 

Իմ կարծիքով Հայ-թուրքական սահմանի բացումը մի որոգայթ է, թուրքական դիվանագիտական խաղ և այդ դիվանագիտական խաղում թուրքիայի հաղթանակը նրան հնարավորություն կտա անդամակցել եվրոպական ընտանիքին: Ինչքան ես հասցրել եմ հասկանալ, դիվանագիտությունը բարդ գիտություն է, և դիվանագիտության առումով թուրքերը աշխարհում առաջիններից են, եթե ոչ առաջինը: Հայաստանի իշխանությունները, լավ ծանոթ լինելով թուրքական դիվանագիտությանը, միանգամից գնում են նրանց առաջարկած տարբերակը քննարկելու: Այս առումով Թուրքիան մեզ տվեց դիվանգիտական ապտակ`մեր իսկ նախաձեռնությամբ:

Ընդհանրապես, երբ որեւէ պետություն ճանաչում է ցեղասպանությունը, հայերը սկսում են ուրախանալ. իհարկե, դա շատ լավ է, որ ևս մեկ պետություն միացավ այն պետությունների շարքին, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն ես գտնում եմ, որ ինձ համար, մի գուցե նաև շատ-շատերի համար կարևոր չէ, թե քանի պետություն կճանաչի հայոց ցեղասպանությունը, հնարավոր է, որ նաև ամբողջ աշխարհը ճանաչի մեծ եղեռնը, սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, որ ինձ համար կարևոր է, որ հենց Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը: Այդ ժամանակ էլ հայերը կսկսեն նորմալ հարաբերություններ, ինչու չէ, նաև բարեկամական հարաբերություններ ստեղծել թուրքերի հետ` արդեն բաց սահմանով:

Հետևաբար, չի կարելի թույլ տալ, որպեսզի այս իշխանությունները սկսեն բարեկամական կապեր ստեղծել թուրքերի հետ` ունենալով փակ սահման, և, ընդհանրապես, եկեք օրակարգում տեսնենք մեկ հարց` հայ-թուրքական սահմանի բացումը և ցեղասպանության ճանաչումը: Վերջ: Այլ հարցերի շուրջ, համենայնդեպս, հիմա, մեր իշխանությունները չպետք է բանակցեն թուրքերի հետ:

Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր իշխանությունները սկսեն ոչ հայանպաստ քայլեր ձեռնարկել` սերտացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ, օրինակ, պատմաբանների հանձնաժողով ստեղծելը, սխալ չհասկանաք, եթե այդ հանձնաչողովը ստեղծվելու է նորանոր փաստեր ի հայտ բերելու ցեղասպանության մասին, ապա ես դեմ չեմ, իսկ եթե դա ստեղծվելու է կասկածի տակ դնելու հայոց ցեղասպանության պատմական փաստը, ապա մեր ժողովուրդը ամեն կերպ պետք թույլ չտա այդ տարբերակի իրականացումը:

Սմբատ Ղահրամանյան


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. F5-admin

    Իմ կարծիքով Հայ-թուրքական սահմանի բացումը մի որոգայթ է, թուրքական դիվանագիտական խաղ և այդ դիվանագիտական խաղում թուրքիայի հաղթանակը նրան հնարավորություն կտա անդամակցել եվրոպական ընտանիքին:

    Ինչո՞ւ, կարո՞ղ ես պարզաբանել: Հոդվածումդ շատ կարծիքներ ես հայտնում, բայց չես բացատրում կամ հիմնավորում, թե ինչու:

    ...եկեք օրակարգում տեսնենք մեկ հարց` հայ-թուրքական սահմանի բացումը և ցեղասպանության ճանաչումը:

    Եկեք, բայց օրակարգը մենք չենք սահմանում, չէ՞…

  2. Marat

    օրինակ, պատմաբանների հանձնաժողով ստեղծելը, սխալ չհասկանաք, եթե այդ հանձնաչողովը ստեղծվելու է նորանոր փաստեր ի հայտ բերելու ցեղասպանության մասին, ապա ես դեմ չեմ, իսկ եթե դա ստեղծվելու է կասկածի տակ դնելու հայոց ցեղասպանության պատմական փաստը, ապա մեր ժողովուրդը ամեն կերպ պետք թույլ չտա այդ տարբերակի իրականացումը:

    Սմբատ, ինչ է, կարծում ես թուրքերը պեղումներ են կատարելու Դեր-Զորում ու այն վայրերում, որտեղ հայերի զանգվածային սպանություններ են իրականացվե՞լ:

    Պետք չէ լինել այդքան միամիտ:

    Ի տարբերություն մեզ, թուրքերն առաջ են նայում: Ճիշտ ես, նրանց պետք է դառնալ եւրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Իսկ ցեղասպանության փաստի ուսումնասիրությանն ուղղված պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը (եթե դա իրոք գոյություն ունի), մեզ համար կարելի է խայտառակ որակել:

  3. F5-admin

    Լավ, երեւի պատասխան չլինելն ինքնին պատասխան է: Այնուամենայնիվ, սենց մի նուրբ հարց շոշափեմ.

    Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր իշխանությունները սկսեն ոչ հայանպաստ քայլեր ձեռնարկել` սերտացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ, օրինակ, պատմաբանների հանձնաժողով ստեղծելը, սխալ չհասկանաք, եթե այդ հանձնաչողովը ստեղծվելու է նորանոր փաստեր ի հայտ բերելու ցեղասպանության մասին, ապա ես դեմ չեմ, իսկ եթե դա ստեղծվելու է կասկածի տակ դնելու հայոց ցեղասպանության պատմական փաստը, ապա մեր ժողովուրդը ամեն կերպ պետք թույլ չտա այդ տարբերակի իրականացումը:

    Եթե մենք գիտենք, որ Ցեղասպանություն եղել է, ու ունենք փաստեր ու հիմնավորումներ այս մասին, էլ ինչի՞ց ենք վախենում: Թող ստեղծեն, իրենք էլ համոզվեն:

    Մի օրինակ: Դու վիճում ես ինչ-որ մեկի հետ: Ու մի ահագին մարդ կողքից հետեւում է ձեր «բազարին»: Էդ կողքից նայողներից մի քսան-քսանհինգ հոգի քեզ «պադերժկա» է անում, մյուսները ասում են, թե` լավ, ասենք թե դու ճիշտ ես, բայց դու հազար տարվա բազար ես քանդել՝ արժի՞ որ…

    Ու հիմա բանը հասել է նրան, որ դու ու քո հակառակորդը պետք է ամեն մեկդ ապացուցեք ձեր ճիշտը: Եթե վերցնենք, թե՝ ով շատ լացեց, նա էլ կհաղթի, որը գործնականում անկապություն է, ապա հայերը հաղթած են: Եթե վերցվի, թե՝ ով ավելի ուժեղ մյուսի վրա գոռաց, նա էլ կհաղթի, որը գործնականում առկա է, ապա դու կկրվես: Ու հիմա, այդպես է կա:

    Իսկ հարցը լուծում է պահանջում: Նշանակում է, որ դու պիտի դնես բոլորի մոտ ապացուցես քո ճիշտ լինելը, ինչքան էլ ներքուստ համոզված լինես քո իսկ ճիշտ լինելու մեջ: Ու, եթե պետք է, որպես վկա դիմես կողքից քեզ նայող մարդկանց: Օրինակ, ասես՝ գերմանացի ջան, հլը մի հատ քո գրադարանի էն գիրքը հանի ու մեր թուրք ախպորը ցույց տուր, թե քո մեծ հորեղբայրն ինչ է գրել էս բազարի մասին: Կամ էլ ֆրանսիացուն ասես՝ քո էն ննջարանի պատի նկարը վերցրու բեր ու բոլորին ցույց տուր, որ տեսնեն, թե ինչեր են կատարվել այդ օրերին:

    Մի քիչ պրիմիտիվ էր, բայց, հուսով եմ, տեղին: Այնպես որ, ոչ էլ պետք է վախենալ նման հանձնաժողովի ստեղծումից: Բա թանգարան ունենք, ինստիտուտներ ունենք, ինչի՞ համար են, թող լացելու ու փող ստանալու հետ միասին նաեւ տվյալներ ներկայացնեն…

  4. Philosopher

    Եթե մենք գիտենք, որ Ցեղասպանություն եղել է, ու ունենք փաստեր ու հիմնավորումներ այս մասին, էլ ինչի՞ց ենք վախենում:

    Եթե ուզում ես ճիշտն իմանալ, ապա մենք վախենալու բաներ ունենք… Ոչ թե այն տեսակետից, թե՝ արդյոք եղել է, կամ չի եղել: Այլ այն, որ պարզենք մեր իսկ մեղավորությունը այս խնդրում, իսկ հավատացեք, որ թուրքի դիվանագիտական հզորությունը թույլ կտա հային մեղավոր հանել, առավել եւս այն պարագայում, որ դա այնքան էլ զուրկ չէ իրատեսական նրբերանգներից…

    Եվ, վերջապես, 100-ից ավելի երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԽ-ն ընդունել են ու դատապարտել, ու հիմա Հայաստանը կասկածի տակ է դնում դա… Իրատեսականոթւյուն կա՞ սրա մեջ… Իսկ հանձնաժողով ստեղծելը ինքնին կասկածի տակ է դնում…

    Համ էլ շատերիդ սիրած Լենին պապիկն էն ասում, որ եթե «ուզում ես տապալել մի բան, ուրեմն ստեղծիր հանձնաժողով»: Հանձնաժողով ստեղծելը խայտառակություն է, պետական դավաճանություն, ուրիշ՝ ոչինչ…

  5. F5-admin

    Եվ, վերջապես, 100-ից ավելի երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԽ-ն ընդունել են ու դատապարտել, ու հիմա Հայաստանը կասկածի տակ է դնում դա… Իրատեսականոթւյուն կա՞ սրա մեջ… Իսկ հանձնաժողով ստեղծելը ինքնին կասկածի տակ է դնում…

    Հաստա՞տ… 100-ից ավել երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությո՞ւնը: ՄԱԿ-ն էլ ու ԵԱՀԽ-ն ել վրադի՞ր: Ինչ-որ չեմ հիշում, կներես:

    Կարո՞ղ է «ցեղասպանությունը» դատապարտող կոնվենցիայի մասին է խոսքդ: Թեեւ, դու սխալվողը չես smile

  6. Philosopher

    Թեեւ, դու սխալվողը չես smile

    Այ էմ սորրի, բայց էս անգամ սխալվեցի:

    Ոչ թե 100 երկիր, այլ սոսկ 20-22 երկիր-կազակերպություն՝ միասին վերցրած:

    Ես, ճիշտն ասած, Ցեղասպանության ճանաչմամբ այդքան էլ չեմ խորացել(ում), ուստի ձեզ տվեցի չճշտված տեղեկություն (հավանաբար ուզում էի, որ շատերը ճանաչած լինեին, բայց դե...)

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org