ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑ Նախընտրական զվարճանք
Փետ 14

Ողջույն բոլորիդ: Մինչեւ խոսքս սկսելը (այսօր այն բավականին բառաշատ է լինելու) ցանկանում եմ մեկնաբանել այլ գրառումներում հնչած մտքերին եւ տեղեկացնել իմ սեփական կարծիքները:

Նախ, Jojoba-ին տեղեկացնեմ, որ վերադառնալու եմ Հայաստան 18-ին, այնպես որ ընտրությունների օրը եւ այդ օրվան հաջորդող օրերին կլինեմ Հայաստանում: Սա հատուկ նշում եմ անվտանգության աշխատակիցների համար: Եթե իմ հետ մի բան կատարվի, ուրեմն մեղքը Բելավիայինն է ու Զվարթնոցի տեխանվտանգության ծառայության աշխատակիցներին (Արթուր Բաղդասարյանի ոճով): Կատակը մի կողմ, իհարկե, ցավալի զգացումներ ունեցա՝ տեղեկանալով ավիավթարի մասին:

Դարձյալ Jojoba-ին պատասխանեմ՝ տեղեկացնելով, որ ես մենակ չեմ աշխատում այս բլոգում, եւ ուղղումները հաճախ կատարվում են F5 team-ի այլ անդամների կողմից:

Անցնելով Phenomen-ին, ցանկանում եմ հիշեցնել, որ «սոցհարցում» բառի առաջին արմատը «սոցիում»-ն է, այն է՝ «հասարակություն»: Դուք հարցում եք անցկացրել Ձեր ծանոթ-բարեկամների շրջանում, իսկ այդ շրջանակի կարծիքը քիչ կարող է տարբերվել Ձեր մասնավոր կարծիքից: Ուզո՞ւմ եք կոնկրետ շենք ասեմ, գնաք, տեսնեք, թե ինչպես են միահամուռ բոլորը Սերժին ընտրելու: Ի միջիայլոց, այդ շենքի բնակիչների 70%-ը ղարաբաղցիներ կամ նախկին ադրբեջանաբնակներ են: Մի բան էլ ասեմ. ղարաբաղցիները, ի տարբերություն մյուսների, շատ լավ ընկալում են «մոտալուտ վտանգը» եւ շատ հաջող «համախմբվում»: Ամեն դեպքում՝ ուրախ եմ խիստ, որ Ձեր մտերիմների շրջանում Սերժին, Արտաշին, Արամին, Տիգրանին, Արմանին ընտրող չկա: Սա արդեն ձեռքբերում է, որի մեջ, ելնելով Ձեր կրքոտ գրառումներից, կա նաեւ Ձեր անձնական ներդրումը (ժամանակ եւ էներգիա):

Ես ինքս Հայաստանից բացակայում եմ (Ավստրիայում եմ), ուստի եւ նախընտրական այս թեժ օրերին կարողանում եմ հետեւել միայն էլեկտրոնային աղբյուրներից, հիմնականում՝ A1plus.am -ից: Օրը 2 անգամ էլ տուն եմ զանգում՝ իմանալու որոշ բաներ, որոնք այսօր քննարկվում է ընտանիքներում, սակայն տեղ չի գտնում էլ. նորություններում: Այսինքն, տեղյակ եմ, որ Լեւոնին միացավ նաեւ Արամ Կարապետյանի գլխավորած Նոր Ժամանակները, Արթուր Բաղդասարյանը նախընտրեց միայնակ գրավել 1-ին տեղը եւ Հեղինե Բիշարյանի միջոցով հակադարձեց Լեւոնի այն համոզմունքը, որ Արթուրի նման քայլն առնվազն ժողովրդին դավաճանել է, Ավետիք Իշխանյանն ինքը պատասխան չունի, թե ինչ կարելի է անել ստեղծված անօրեն իրավիճակից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն էլ հերթական անգամ զեկուցել են ընտրարշավի մեղմ ու կոպիտ թերությունների մասին… Մի խոսքով, կարծես թե մոտենում է Finita la Comedia (եթե, իհարկե, այս ամենը կարելի է անվանել կատակերգություն. ըստ իս, ավելի շուտ կարելի է ասել՝ Viva Tragedia):

Մարդկանց կրքերը բեւեռացել են 2 կետում՝ կամ Սերժ, կամ Լեւոն: Դե Արթուրականներին չեմ ասում, որովհետեւ էն գլխից նրանք կենտրոնացել էին Սերժի՝ իրենց արարչի վրա: Եկեք չմոռանանք, թե ո՞վ ՕԵԿ-ի վրա շունչ փչեց ու դարձրեց «կուսակցություն»: Եվ ո՞վ ՕԵԿ-ը լցրեց տարբեր փողատերերով: Օրինակ՝ մեր թաղապետ այժմ հանրապետական Դավիթը (Նոր Նորքում) թաղապետ դարձավ ՕԵԿ-ի հովանավորությամբ: Եվ եկեք հիշենք, թե ո՞վ ասեց՝ «տղա՛ս, դու արդեն սկսել ես ջահելություն անել» ու ՕԵԿ-ից մնաց մենակ անունը: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդն էնքան հավես ու ժամանակ ուներ, որ ԱԺ ընտրություններից առաջ (2007) ու հետո՝ մինչեւ մեր օրերը, ասեր՝ «Արթուր ջան, Սերժը քո հետ չի, բայց մենք քո հետ ենք...»: Էլ չեմ ասում, որ կոնկրետ խոսակցություններ կային, որ ԱԺ-2007 ընտրությունների ժամանակ որոշ տեղեր հանրապետականները իրենց գործը թողած, աշխատում էին ՕԵԿ-ի համար: Անգամ խոսակցություններ են պտտվում, որ Արթուրի վերջին բազմամարդ միտինգը դարձյալ ապահովվել է ոչ-ՕԵԿ-ական ուժերի մասնակցությամբ: Իհարկե, սա կարող է կատարվել 2 պատճառով՝ կամ հանրապետականները ցանկանում էին ի դեմս Արթուրի Լեւոնին ցույց տալ, որ մենակ ինքը չէ, որ կարող է այդքան մարդ հավաքել, կամ էլ հանրապետականները ցանկանում էին Արթուրին հասկացնել, որ, եթե ցանկանան, նրա ընտրազանգվածը կարող են ոչ միայն նվազեցնել, այլ նաեւ՝ բազմապատկել: Ասում են՝ Հայլուրով ու մնացած ալիքներով ահագին ժամանակ են հատկացրել Արթուրի հանրահավաքի լուսաբանմանը: Այս դեպքում երեք պատճառ կարող եմ տեսնել՝ կամ Արթուրը Սերժի հետ է, կամ Արթուրին շուտ-շուտ ցույց էին տալիս՝ երրորդ բեեւռ ձեւավորելու համար, կամ էլ պարզապես ժողովրդին խաբելու, որ Արթուրն իրենց մարդն է (այս դեպքում ընդունում ենք, որ Արթուրն իրականում իրենցը չէ):

Այն, որ այս բլոգում A.S.-ն գրեց մեծ խանդավառությամբ, որ ՕԵԿ-ը ցանկանում է միանալ Լեւոնին, Jojoba-ն շատ դիպուկ պատասխանեց՝ ավել վատ Լեւոնի համար: Հարգելի A.S., հավատա, որ տխրել բացարձակապես պետք չէ (նկատի ունեմ Արթուրի չմիանալը): Ի վերջո, դուք 67%-ոց ճշտությամբ կանխատեսում էիք արել՝ 3 գումարելիներից 2-ին (Լեւոն եւ Րաֆֆի) ճիշտ էիք ընտրել: Թող ինձ ներեն «Ժառանգության» անդամները, որ մի ամբողջ կուսակցության անվան փոխարեն գրում եմ՝ Րաֆֆի, ուղղակի, որպես հայ, ամեն ինչ անձնավորելու վատ սովորություն ունեմ:

Այսպիսով, զգո՞ւմ եք ինչ է կատարվում: Հիմա բոլորովս Արտաշին թողած՝ պիտի կպնենք Արթուրին: Ահա թե որտեղ է մեր թուլությունը (դե, թերություն լավ չի հնչում): Չմիացավ, ինքը գիտի, գուցեեւ լուրջ պատճառներ ուներ: Պատճառներից մեկն այն է, որ ասում եք՝ ական է ընդդիմության դաշտում, իսկ ես ասում եմ՝ ականի խնդիր չկա, պարզապես գործի է դրվել լավ պլանավորված նախընտրական ռազմավարություն: Եթե Հայաստանի հավաքականի խաղացողներից մեկը պորտուգալացուն խաբս է տալիս, ուրախանում ենք, եթե Արթուրն է խաբս տալիս, դարձնում ենք դավաճան: Այդպես չի, ինչքան որ բոլորս ենք մտածում մեր երեխաների մասին, ոչ պակաս էլ իրենց երեխաների մասին հոգ են տանում ՕԵԿ-ի վարչության անդամները: Հնարավոր չէ՞: Կամ, ինչքան դուք եք Լեւոնին ասում՝ հայրենասեր է, նույնքան էլ Արթուրն է Սերժին կարծում հայրենասեր: Էլի՞ հնարավոր չէ: Կամ էլ՝ դուք (ու ես) իրար ենք խառնվել ապագայի համար, նույնքան էլ ՕԵԿ-ը կարող է իրար խառնվել կուսակցության ապագայի մասին (աչքը տեսածից է վախենում): Կամ էլ, Արթուրը լավ էլ ազնիվ խաղացող է, ու հիմա էլ իր հերթն է Սերժին ցույց տալու, թե՝ իզուր իմ հետ այսպես վարվեցիր: Դարձյալ հնարավոր տարբերակ (որին, անկեղծ լինեմ, ամենաքիչն եմ հավատում): Բոլոր դեպքերում, Արթուրն իր խաղն է խաղում (մենակ կամ այլոց օգնությմաբ՝ դա արդեն կարեւոր չէ) եւ իր նկրտումներն ունի:

Այնպես որ՝ սառը դատեք ու կտեսնեք, թե ինչքան լավ է ամեն ինչ հալած յուղի պես սիրուն հոսում: Ես թեեւ պաշտպանում եմ Լեւոնին, սակայն կարծում եմ, որ Սերժի ու Ռոբերտի գծած սխեման հետեւյալն է. 2-րդ փուլ են անցում Սերժը եւ Արթուրը, ընդ որում ոչ թե Արթուրի, այլ Սերժի ավելի շատ ձայներով, որովհետեւ Արթուրը երբեմն համը հանում է իր «ժողովրդասիրությամբ»: Իսկ երկրորդ փուլում հաղթում է Սերժը: Արթուրը, որպես պարտված թեկնածու սեղմում է Սերժի ձեռքը (ուշադրություն դարձրեք՝ Հարավային Կովկասի պետությունների նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ պարտված թեկնածուն սեղմում է հաղթածի ձեռքը, ինչպիսի՜ առաջընթաց), ԵԱՀԿ-ն փնթփնթալով արձանագրում է 1 քայլ առաջ (հնարավոր լիներ, տեսնեին ոչ թե ձեռքսեղմումները, այլ պաչ-պռոշտիները) եւ… առաջ դեպի Հայաստան:

Ահա այն, թե, ըստ իս, ինչ է սպասվում Հայաստանին 19-ին ու դրանից հետո, եթե… Լեւոնը «կոտրվի»: Կոտրվի ու ասի՝ դե դուք էլ, Ձեր «Մոնտե-Կարլո» երկրին էլ: Չհավատացիք ինձ՝ դե գնացեք ու ապրեք Ձեր երկնիշ աճով:

Սերժն ու Ռոբերտը հեշտությամբ իշխանություն տվող չեն: Մոռանանք դա մեկընդմիշտ: Եթե Լեւոնը պարտադրված էր նահանջել իր նախագահ եղած ժամանակ (ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ՝ բարոյապես), ապա ներկա խաները չեն նահանջելու եւ ոչ մի քայլ: Նահանջելն իրենց համար Սովետաշեն է: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, մաքսային Արմեն Ավետիսյանն արդեն 5-10 հազարանոց կոնյակ չի խմում, այլ դրա փոխարեն խմում է… բերդի չեֆիր: Կամ էլ՝ Արմեն Պուրտոյանը ոչ թե աճուրդի ժամանակ 05-005 ավտոհամարի գինը բարձրացնում է մինչեւ 300,000 դոլարի, այլ 5000 դրամ է տալիս կլյուչնիկին, որ իր «տուլիկը» բարձրացնեն «կամեր»: Սերժը ղումար է խաղում՝ որպես կոն դնելով լուցկու հատիկներ: Քոչարյանը դահուկ է քշում երազում: Աշոտյանն էլ ստիպված է լինում հերթապահել հիվանդանոցում (ու հիվանդից փող ուզում, որ երեխայի սեպտեմբերի 1-ին 12 թերթանի լուսացքով միտողանի տետր առնի...)

Ես, իհարկե, ընտրելու եմ Լեւոնին, ամեն ինչը մի կողմ դրած, թեկուզ այն բանի համար, որ եթե Սերժը դառնա նախագահ, ինձ մեղավոր չհամարեմ: Գոնե ինձ չեմ մեղադրի: Իսկ ինքնամեղադրումը ահավոր երեւույթ է (նույնիսկ կան որոշ հոգեկան հիվանդություններ, որոնց հիմնական նշանը հենց ինքն իրեն պարսավելն ու մեղադրելն է): Գոնե չեմ ասի՝ ձեռքս կոտրվեր, ու չկարողանայի թերթիկում նշում անել… Մի բժիշկ ընկեր ունեմ, ասում է՝ լավ, ինչո՞ւ ես ընկել անցյալների հորձանուտներում ու ինչո՞ւ ես պատրասվում վերակենդանացնել ինչ-որ մեկին, ավելի լավ չէ՞ ընտրել նոր մարդու (ինքը Արթուրին է ընտրելու): Հետաքրքիր նմանություն. հիշեցի տղերքիս (ու, ընդհանուր առմամբ, բոլոր երեխաներին), որոնք մինչեւ նոր խաղալիքը չեն ջարդում, չեն սկսում այդ խաղալիքով խաղալ…

Սակայն Լեւոնը սուրբ չէ, այլ՝ եղած 9-ին ամենահարմարը (ըստ իս): Սխալներ գործել է, ու բնավ՝ ոչ քիչ: Իսկ եթե ընտրենք մեկին, ենթադրորեն, ով սխալ չի գործել, արդյո՞ք դա երաշխավորում է, որ նա սխալ չի գործելու: Ուզո՞ւմ եք մի քանի «թարմ» սխալներ էլ ես ասեմ՝ իր մամլո խոսնակին ընտրելը (ով չի կարողանում լրագրողների ներկայությամբ մտքերը ճիշտ ձեւակերպել), շատ է իրեն թեթեւացնում (կասեի նաեւ՝ ընկել է Նիկոլի ջրերը), հակադարձում է ամեն ինչին, թեեւ չէր խանգարի երբեմն էլ լռելը կամ մեծահոգություն ցուցաբերելը (նույն Արթուրի պահով, կարող էր, չէ՞, ասել, որ՝ «չմիացավ, ի՞նչ է պատահել, սակայն միանալու դեպքում մենք ավելի հեշտ կհաղթեինք» կամ նման մի բան, իսկ ինքը անմիջապես այրում է բոլոր կամուրջները, իսկ որ ինձ մնա, պետք էլ չէր ընդհանրապես այդ կամուրջներից խոսելը), հայտարարություններ է անում, ու այդ հայտարությունների թեման չի մեկնաբանում լրագրողների միջոցով: Չէ՞ որ մարդիկ կան, ովքեր DVD չունեն կամ չեն դիտել ու չեն կարողացել հանրահավաքներին մասնակցել, սակայն կարոտել են նրա խոսքին: Էլ չեմ ասում այն մասին, որ levonpresident.am -ը թարմացվում է ընդամենը ամիսը մի քանի անգամ (այլ ոչ թե օրը մի քանի անգամ):

Հիմա կասեք՝ համ Լեւոնին ընտրում ես, համ էլ՝ քննադատում: Դե, իմ պատկերացմամբ, որեւէ թեկնածուի պաշտպանել, դեռ չի նշանակում ասել, որ նրա մոտ ամեն ինչ իդեալական է, իսկ մյուսների մոտ՝ ամեին ինչ գլխիվայր շրջված: Համեմատության մեջ է երեւում, թե ով ինչ առավելություն կամ թերություն ունի: Ահա այսպիսի մի համեմատություն էլ արել եմ ես իմ համար ու այս եղանակով եմ գտել իմ թեկնածուին: Իմ անձնական կյանքը շատ չի տուժի նրանից, որ հանկարծ հաղթի Սերժը: Ոչ էլ կշահեմ, եթե ընտրվի Լեւոնը: Քավ լիցի:

Այս տողերը գրելիս արդեն փետրվարի 15-ն է… ուրբաթ: Շաբաթ օրը Լեւոնի հանրահավաքն է: Չգիտեմ՝ երթ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Հանրահավաքի մասնակիցների թիվը շատ բան է որոշելու: Հանրահավաքում ու դրանից հետո «Լե-վոն նա-խա-գահ» կանչողների ձայնի միացյալ ուժն է որոշելու՝ արդյո՞ք ժողովրդի մնացած հատվածը կհավատա Լեւոնի առաքելությանը, թե՞ ոչ: Լեւոնը իր հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ եթե մտել է ջուրը, ուրեմն թրջվելուց վախեցողը չէ, եւ առանց աջ ու ձախ նայելու գնալու է մինչեւ վերջ: Ես հավատում եմ նրա այդ կոչին: Ես հավատում եմ, որ այս անգամ եթե փորձեն կեղծել ընտրությունները, դա կլինի մեր վերջին հնարավորության կորուստը՝ երկրում փոխել ինչ-որ մի բան դեպի լավը:

Աստված տա, որ բանը չհասնի բռնություններին (շատ մեծ հարցական է ինձ համար): Ու թող կատարվի այն, ինչ բարի է…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org