Հացադուլները շարունակվում են Ապրիլի մեկ...
Ապր 01

«Առավոտի» այսօրվա համարից տեղեկացա, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը Հայաստանյան հերթական այցի ընթացքում, այցելելով «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպելով հետընտրական ժամանակահատվածում ձերբակալված մի շարք անձանց հետ, մեր պաշտոնյաներին «դիտողություն» է արել այն հարցի վերաբերյալ, որ ձերբակալվածները զրկված են իրենց հարազատների հետ շփման հնարավորությունից:

ՀՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին Սյորգենին հավաստիացրել է, թե խնդիրը կլուծվի եւ ձերբակալվածներին հնարավորություն կտրվի շփվել իրենց հարազատների հետ:

Այժմ անցնեմ բուն գրառմանս: Ճիշտը որ ասեմ, այս տողերը գրելիս մտմտում էի, թե ի՞նչ բաժնում տեղադրել այն: Ցավով տեսա, որ «բացասական» վերնագրերից ունենք միայն «Քաղաքական սողուններ» բաժինը, իսկ ներկայիս նախարարին չճանաչելով, չէի ցանկանա հենց այնպես նրան տալ նման որակում: Սակայն, չեմ կարծում, որ ինչ-որ կցանկանայի գրել, կտրուկ կտարբերվի վերեւի որակումից:

Այսպիսով. ի՞նչ է դուրս գալիս, ո՜վ իմ հազարամյա քրիստոնեա ժողովուրդ: Ստացվում է, որ հարգարժան պարոն Սյորգենը (որին, այլ համատեքստում, կարելի էր անվանել՝ «ինչ-որ մի եվրոպացի») եկել է Հայաստան ու մեզ սովորեցնում է… մարդ մնալ: Պատկերացնո՞ւմ եք, այլազգին եկել է մեր տուն ու մեզ ասում է. «Տղե՛րք, դուք հա՛յ եք, նո՛ւյն ազգից եք, բա չե՞ք ամաչում, մարդկանց շաբաթներով պահում եք ու նույնիսկ թույլ չեք տալիս, որ նրանց կանայք, մայրերը եւ հարազատները գոնե տեսնեն-համոզվեն, որ իրենց տղան ողջ ու առողջ է: Կարոտ կա, բան-կա»:

Ու սովորեցնում են մեր Մեծն Արդարադատին (որի քաջարի արարքների ու ասուլիսների մասին շուտով բոլորս էլ բախտ կունենանք ծանոթանալու), թե ինչպես է պետք վերաբերվել մարդու հետ՝ անկախ այն հանգամանքից, թե նա ազատությա՞ն մեջ է, թե՞՝ անազատության:

Ու մեր Մեծն Արդարադատն էլ երկուս ստացած երեխայի նման գլուխը կախում է ու ասում՝ «դե լավ, եվրոպացի ջան, որ դու ես ասում, ես մի պահ կվերհիշեմ, որ ազատազրկվածներն էլ «մերոնք» են, ու թույլ կտանք, որ իրենց հարազատներին տեսնեն»:

Իսկական մանկապարտեզ… ու վրդովմունքի աստիճան հասցնող անմեղսունակ պաշտոնյաներ… (դեռ կանդրադառնանք շատերին...)

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org