Ինչու են պատժում պատերազմի հերոսին Նոր բաժին - «Բաց նամակներ»
Հուն 02

Ստորև բերված հոդվածը կարդացի Պայքար ընդհատակյան թերթում ու մտքովս անցավ, որ հունիսի 20-ը քննարկելու լավ թեմա կարող է լինել` մանավանդ, որ այս բլոգի մասին արդեն հայլուրցիք գիտեն smile

ԴԱՎԻԹ Կ.. ՀՈւՆԻՍԻ 20-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հաճելիորեն կերպարանափոխվում է ներկա հանցավոր վարչախումբը: Թվում է, թե այն փորձում է ձերբազատվել ավազակապետ Քոչարյանի տխուր ժառանգությունից: Սակայն, իրականում, ի՞նչ դրական քայլեր են անում այս ապօրինի եւ այսքան ահաբեկված իշխանությունները:

Երկխոսության պատրանք է ստեղծվում` Հանրային խորհրդի ձեւավորման միջոցով: Սակայն դա սադոյան արշակների եւ քոչարյան շավարշների դատարկախոսության ամբիոնի է վերածվելու: Ընդդիմության մասին նոր օրենքի նախագիծ է մշակվում, սակայն դա նախատեսված է պալատական ջերմոցներում աճեցրած «հաճախորդ» ընդդիմադիրների համար: Իսկ ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացելու մասին օրենքում միջազգային ճնշումների ներքո կատարվելիք առանց այդ էլ կոսմետիկ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն աշնանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կրկին անցնում են խախտումներով եւ ընտրակաշառքներով: Կանխամտավծված կերպով հետաձգվում են Երեւանի քաղաքապետի ընտրությունները:

Իշխանությունները ցույց են տալիս, որ քաղբանտարկյալների նկատմամբ ավելի մեղմ են վերաբերում: Մինչդեռ, արագացված դատերով մահակավոր ոստիկանին անզեն դիմադրելու համար մի ողջ ազգ ուզում են մեղավոր ճանաչել: Իսկ խափանման միջոցը փոխում են միայն կալանավորվածի մահամերձ վիճակում հայտնվելու պարագայում: Այս «նրբանկատ ու քեն չպահող» իշխանությունները չեն խորշում նաեւ ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու սեւեռուն գաղափարից եւ շարունակաբար փորձում հասնել այս նպատակին: Իսկ Նիկոլը հետախուզվում է: Հետախուզման մեջ են շատ-շատ այլ հայրենասերներ:

Սարկիսով Գրիշան ազատման դիմում է ներկայացնում: Սակայն դա մեր իշխանավորների կողմից այդքան սիրված շախմատում կոչվում է զինվորի զոհաբերություն: Դրանով նաեւ փորձ է արվում ազատել պատասխանատվությունից մարտիմեկյան դեպքերի գլխավոր դերակատարներից մեկին: Ժամանակավորապես հանում են ասպարեզից` վերստին բերելու ակնկալիքով:

Լիսկաների վրա ցուցադրաբար մատ են թափ տալիս, իսկ այդ նույն ժամանակ օլիգարխերն ու պաշտոնավորները, ինչպես նաեւ նրանց անզուգական զավակները նույնքան անպատիժ մոլեգնում են երեւանյան փողոցներում եւ պուրակներում: Ձեռքի հետ էլ, սրանք կամ սրանց վարձկանները մահափորձ են կատարում շարժման երիտասարդ ակտիվիստների վրա:

Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական բանավեճի տարրեր են ներմուծվում: Մասնավոր եւ պատասխանատու հեռուստաալիքներում նույն վիճակն է. Պետրոսն ու Նվերը խոսքի ազատություն են խաղում: Այդ նույն ժամանակ, օրը ցերեկով վայրագաբար հարձակում են գործում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի նախագահի վրա; Մինչ Ազատության հրապարակը պաշարված է եւ անհասու հասարակ ժողովրդի համար, վարչախմբի պարագլուխները երեկոյան անկաշկանդ զվարճանում են Ազատության հրապարակին հարող տարբեր էլիտար սրճարաններում եւ ռեստորաններում:

Միեւնույն ժամանակ, փորձում են ինչ որ սիրուշոների կամ Սարդարապատում կազմակերպված կերուխումի միջոցով ստեղծել համախմբված ազգի կերպար: Տեսեք. երկիրն ու ժողովուրդը միասնական են: Եվ մենք խնջույք ենք անում ժանտախտին հակառակ:

Սարգսյան Տիգրան վարչապետ ունենք, որը, սակայն, խորհրդարանական կուլիսներում ծաղրուծանակի առարկա է: Նրանից միայն պահանջվում է խելոք մտքեր արտահայտել եւ մեջբերումներ կատարել հայ պատմիչներից: Իսկ մնացած հարցերը կլուծի Արմենչիկը: Անպատիժ Քոչարյանն էլ նախապատրաստվում է զբաղեցնել նոր պաշտոներ` վարչապետի կամ գոնե քաղաքապետի:

Թուլացնել ժողովրդի զգոնությունը` ահա սա է այս ամենի նպատակը: Վերջին 10 տարվա խանական Հայաստանի պատմությունը դա բազմիցս ապացուցում է: Զուգահեռների համար պետք չէ հեռու գնալ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, Քոչարյանը նույնիսկ իր մտերիմ զինակցին` Սերժ Սարգսյանին ազատեց ազգային անվտանգության նախարարի պաշտոնից: Եվ ինչքա՞ն դա տեւեց: Այնքան, որքան պետք էր ժողովրդական ցասումը մեղմելու եւ ռեժիմի դիրքերը վերականգնելու համար: Արդյունքում, ամեն ինչ վերադարձավ իր հին վիճակին, բայց ավելի զազրելի տեսքով:

Նույնը փորձում են կրկնել այսօր:
Ժամանակ շահել եւ հուսալ, որ անելանելիությունից եւ հիասթափությունից դրդված, աշխարհը կհամակերպվի հայկական մենթալիտետին, կմոռանա մեր խնդիրների մասին, նույնիսկ, միգուցե, ընդհանրապես կմոռանա Հայաստանի գոյության մասին: Ժամանակ շահել եւ հուսալ, որ հայ ժողովուրդը կմոռանա մարտիմեկյան զոհերին, կտքնի օրեցօր ծանրացող սոցիալական բեռի տակ, կհոգնի, կբթանա, կանզգայանա, կխաբնվի ... ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ:

Հունիսի 20-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ցույց կտա, թե ով է այս երկրի իրական տերը եւ կվերահաստատի իր ազատատենչ վճռականությունը պայքարելու մինչեւ հաղթանակ: Պատմության անիվը հնարավոր չէ շրջել:

Պայքար, պայքար մինչեւ վերջ:

Աղբյուր

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org