Հոր արտաքինի նշանակությունը աղջիկների որոշումներում F5 բլոգը գրառումների եւ մեկնաբանությունների կայք է...
Հուլ 05
metro

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեջբերում «Առավոտ»-ի «Մետրոյից օգտվելը վտանգավոր է» հոդվածից…

Գնացքավարներն ահազանգում են, որ մետրոն կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել, քանի որ գնացքներն անսարք են, ռելսերը՝ մաշված:

«Այսօր Երեւանում մետրոյով երթեւեկելը խիստ վտանգավոր է: Ամեն պահի սպասվող անկանխատեսելի վթարը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ կարող է դառնալ»,- «Առավոտին» այսպես ներկայացրին առաջին հայացքից անվտանգ թվացող Երեւանի մետրոպոլիտենի վիճակը մետրոյի 59 մեքենավարները: Պարզվում է, մետրոյով երթեւեկելն այնքան վտանգավոր է, որ աշխատակիցները խոստովանում են. «Մենք մեր հարազատներին արգելել ենք մետրոյից օգտվել, հո մենք մեր թշնամին չե՞նք: Ամեն հերթափոխից առաջ խաչակնքվում ենք, որ այդ օրն էլ ողջ-առողջ մեր ծառայությունն ավարտեցինք»: Մեքենավարների ներկայացմամբ, գնացքներն ու ռելսերն այնքան վաղուց չեն վերանորոգվել, որ դրանց շահագործումն արդեն անհնար է դարձել: Աշխատակիցները հավաստում են, որ այս պահին մետրոպոլիտենում աշխատող բոլոր 10 գնացքներն էլ վերանորոգման խիստ կարիք ունեն. «Տասնյակ դեպքեր են եղել, երբ ընթացքի ժամանակ գնացքի շատ կարեւոր դետալ է կոտրվել ու վթարից մի կերպ փրկվել ենք: Բայց մի օր արդեն անհնար կլինի շարքից դուրս եկած գնացքները ղեկավարելը»: 

Մասնագետների հավաստմամբ, մեր մետրոպոլիտենի գնացքները նախատեսված են առավելագույնը 230 հազար կմ վազքի համար, որից հետո դրանք պետք է հիմնովին վերանորոգվեն: Սակայն, ինչպես մեքենավարներն են փաստում, մետրոյի գնացքներն առանց լուրջ տեխզննման՝ 300 հազար կիլոմետրից էլ ավելի են շահագործվել: Նրանք պնդում են, որ ամեն օր իրենց եւ հազարավոր ուղեւորների կյանքը վտանգի տակ է. «Գնացքներից շատ ավելի վտանգավոր ու վթարային վիճակում են ռելսերը, քանի որ դրանց մաշվածությունն արդեն վաղուց անցնում է շահագործման համար թույլատրելի սահմանը, հատկապես ամռանը վթարների հավանականությունը մեծանում է. ջերմությունից ռելսերը լայնանում են: Բացի այդ, թունելների խոնավությունից գնացքի գծերն այնքան են փտել ու ժանգոտել, որ անգամ վերանորոգման համար պիտանի չեն»: Մեքենավարներից մեկի խոսքերով, նախորդ տարի, մաշված ռելսերի պատճառով, ընթացքի ժամանակ գնացքը դուրս է եկել գծերից եւ միայն 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող վարորդի հմտության շնորհիվ են հարյուրավոր մարդիկ փրկվել: Չնայած մետրոպոլիտենի մեքենավարներն այս բոլոր խնդիրներին քաջատեղյակ են, այդուհանդերձ, ստիպված են լինում հերթափոխից առաջ ստորագրել փաստաթղթի տակ, որ գնացքը տեխնիկապես անթերի վիճակում է, այսինքն՝ մի բան պատահելու դեպքում պատասխանատու են վարողները. «Բավական չէ՝ մեր գործը խիստ ծանր է ու վարորդների 70%-ի առողջական վիճակն այս պայմաններում աշխատելու հետեւանքով կտրուկ վատացել է, դեռ մի բան էլ պատասխանատվություն ենք կրում ուղեւորների անվտանգության համար: Բացի աշխատավարձից, մեզ վարձատրում են նաեւ վտանգավոր պայմաններում աշխատելու համար, բայց հո ամեն ինչ գումարո՞վ չի որոշվում»: Նշենք, որ մի քանի տարի առաջ մեքենավարների աշխատավարձը բարձրացվեց՝ նրանց կազմակերպած գործադուլներից հետո միայն: Ու թեւ վերջիններիս զգուշացրել են, որ որպես կարեւոր ռազմավարական օբյեկտի աշխատակիցներ՝ նրանք գործադուլ անելու իրավունք չունեն, սակայն, ըստ մեքենավարների՝ «Այդ զգուշացումները մեզ չեն հետաքրքրում, մեր փորձից գիտենք, մինչեւ ղալմաղալ չենք անում՝ բանի տեղ չեն դնում»:

Մետրոպոլիտենի 59 մեքենավարներն իրենց եւ ուղեւորների անվտանգությունն ապահովելու պահանջով դեռ նախորդ տարի են դիմել ՀՀ կառավարություն, որտեղից էլ նամակն ուղարկվել է քաղաքապետարան: Այստեղ էլ որոշել են, որ դա մետրոպոլիտենի գլխավոր վարչության խնդիրն է, ու նամակը 3 ամիս անց նորից հայտնվել է մետրոպոլիտենում: Մեքենավարները նույնաբովանդակ նամակով պատրաստվում են դիմել նոր կառավարությանը՝ վստահեցնելով. «Եթե դարձյալ ձգձգեն կամ անհեթեթ պատասխան տան, նորից գործադուլ կանենք»:

Իսկ թե ինչ կիսախարխուլ վիճակում է Չարբախում գտնվող գնացքների հավաքակայանը, որտեղ նաեւ գիշերային հերթափոխի հանգստյան սենյակն է, մեքենավարները սարսափով են պատմում. «Գնացքները կանգնեցնում ենք առանց ծածկի հավաքակայանում՝ անձրեւի ու ձյան տակ, խոնավությունից փտում են: Իսկ հանգստի սենյակներում անտանելի պայմաններ են: Ամեն օր քնելուց առաջ ստուգում ենք, որ անկողնում կարիճներ ու սարդեր չլինեն, իսկ եթե գիշերն անձրեւ է գալիս, ստիպված չենք քնում՝ կաթող առաստաղի տակ ինչպե՞ս քնես: Արդեն կարելի է պատկերացնել, թե անքուն մեքենավարն ինչպես կարող է առավոտյան ժամը 6-ին նորից գնացքի ղեկին նստել ու անսարք վագոնների ու մաշված ռելսերի պարագայում անվտանգ աշխատել»:

Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Արուսյակ Գեւորգյանին, սակայն նա խոչընդոտեց մետրոպոլիտենի տնօրենից պարզաբանումներ ստանալուն եւ առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել, ինչը եւ անում ենք՝ տպագրելով վերոհիշյալ հոդվածը:

Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, եթե մետրոյի ամեն կանգառում LCD հեռուստացույցներ տեղադրելու փոխարեն մտածեին մարդկանց անվտանգության մասին… Ես ինքս այս ամենը կարդալուց հետո, միանգամայն կհրաժարվեմ օգտվել տվյալ փոխադրամիջոցից… Համոզված եմ, որ ոչ մի ուղեվոր էլ չեր ցանկանա, որ մետրոյում դիտեր գովազդ եւ զվարճալի մանրապատումներ՝ գիտակցելով, որ միեւնույն ժամանակ ինչ ռիսկի է դիմում մուտք գործելով հենց այդ մետրոյի կայարանը…

ՎաՎա-ի ստորագրությունը



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org