Երկրաշարժը զգացիք ՞ 11.00-ի շրջանում ՞ Իսկ երբ է լինելու հոգիների շաբաթօրյակը...
Նոյ 04

Այսօր ՀԺ-ում տեսա այս հոդվածը ու ահագին “սըրփյազդ” եղա: Կարծում եմ, արժե ծանոթանալ:

ՄԱՀԱՓՈՐՁ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵ՞Մ

Այն սկանդալային տեղեկատվությունը, որ փոխանցվել է մեզ Արցախի պատերազմի մասնակից, “Սարդարապատ” նորաստեղծ կազմակերպության նախաձեռնող ֆրանսահայ Սարգիս Հացպանյանի կողմից, բոլոր փաստերով եւ աղբյուրներով հատուկ նկարահանված տեսագրությամբ եւ ձայնագրությամբ` թե՛ ձեռագիր, թե՛ սկավառակների (DVD, CD) տեսքով, հնգական օրինակով արդեն գտնվում է Ֆրանսիայում, Ջավախքում, ՀՀ-ում, ազատագրված տարածքներում ու Արցախում ապրող եւ Հացպանյանի վստահությունը վայելող 11 մարդու մոտ: Դրանք, ըստ Հացպանյանի, կարող են բացահայտվել միայն իր մահվանից հետո: 

- Պարոն Հացպանյան, դուք ասում եք, որ տիրապետում եք շատ կարեւոր փաստերի, ինչի՞ մասին է խոսքը:

- Օրերս հանդիպել եմ այժմ եվրոպական մի երկրի լրջագույն զինվորական ակադեմիայում անվտանգության ոլորտի նեղ մասնագիտություն դասավանդող մի հայրենակցի հետ, ումից լսած “սցենարից” վախվորած էլ, հիմնվելով ինձ համար շատ հստակ եւ անհերքելի մի շարք իրողությունների վրա, որոնց մեջ այժմ գտնվում է մեր պետությունը, հասկացել եմ մեզ հրամցվելու համար “եփվող ճաշի” իրական մեծ վտանգը: Ըստ “բարեկամիս”, շատ մոտ ժամանակներս Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է իրականացվելու: Դրա համար մշակված է մի քանի սցենար: Դա կարող է լինել ինչ-որ միջազգային ճանապարհորդության ընթացքում օդանավի անսարքության պատճառով տեղի ունեցող “ավիավթարի”, նախագահի աշխատակազմում գտնվող մի “նախկին դաշնակցական Նաիրի Հունանյան-2"-ի կամ էլ “ոչ մի թիզ հող թշնամուն” ասող արցախցի մի “քաջ ֆիդայու” միջոցով: Դրա իրականացման համար, ըստ իմ “բարեկամի” պատմածների, երկրում շահագրգռված երկու ուժ կա: Առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, իմա` ՀՅԴ եւ “Սիվիլիթաս” խմբի օտարահաճ սպասավորները ("Սիվիլիթասը" Օսկանյանի նորաստեղծ հիմնադրամն է, որի հետեւում կանգնած է Քոչարյանը-Լ.Բ.), իսկ երկրորդը, ինչքան էլ անհավատալի թվա, ոչ թե, այսպես կոչված, “դասական ընդդիմությունից” հիասթափված մի “նախկին տաք գլուխ ֆիդայի”, այլ վերստին “ոչ մի թիզ հող թշնամուն” մտքի իրոք ազնիվ կրող եւ նվիրյալ հետեւորդ հանդիսացող, օրինակ` իմ, Ժիրայր Սեֆիլյանի եւ Հայաստանում ապրող մեզ նման դեռ տասնյակ հազարներով մարդկանց շուրջը համախմբվելու պատրաստ հարյուր հազարավոր հայրենասիրական ուժերից մի ինչ-որ “իդեալիստ”: Եւ հենց այս վերջին “սցենարի” իրականացման համար հող նախապատրաստող “հայտնի ուժերի” աշխատելաոճից բավականին քաջատեղյակ “բարեկամիս” հորդորով էլ, շատ իրական այս վտանգից զերծ մնալու համար, ձեզ հիմա հարցազրույց եմ տալիս:

- Իսկ ըստ ձեզ, որո՞նք են այդ “հայտնի ուժերը” եւ ի՞նչ նպատակ են հետապնդում կամ ի՞նչ ծրագրեր ունեն:

- “Հայտնի ուժերի” մասին հարցը, ինձ թվում է, պետք է ՀՀ նախագահ մեծարգո պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանին տաք: Այդ առումով նա շատ ավելի ճիշտ հասցեատեր է, քան ես: Այս առթիվ, այնուամենայնիվ, փորձեմ ձեզ մի քանի տվյալներ հաղորդել: Սկսեմ նրանից, թե ո՞վ է այսօր Հայաստանում որոշումներ ընդունողը, կամ գոնե նման համակարգ ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ ոչ: Պատասխանը մեկն է` Քոչարյանը եւ իրեն հավատարմության երդում տված ՀՅԴ վերնախավի օտար ուժերին ծառայող ընդամենը շատ փոքրաթիվ մարդկանց մի խումբ, որոնք մեր պետականության խորտակման համար պատրաստ են ամեն տմարդության: Սա է, ցավոք, “հայտնի ուժերի” գոնե առերեւույթ տեսանելի հատվածը:

- Այսինքն, ըստ ձեզ, Սերժ Սարգսյանն այստեղ ոչ մի դերակատարություն չունի՞:

- Սերժ Սարգսյանը, սկսած 2008թ. փետրվարի 20-ից, գրեթե ոչ մի դերակատարում չունի եւ, ցավոք, երբեք չի էլ ունեցել: Ասեմ ավելին, փետրվարի 19-ի նախագահական ընտրության իրական արդյունքներով խայտառակ ձեւով պարտվելով ՀՀ լեգիտիմ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` մի անգամ փետրվարի 21-ին, երկրորդ անգամ` փետրվարի 26-ին, իսկ վերջին անգամ էլ` մարտի 2-ին, կեսօրից հետո նա երեք անգամ իր իսկ ձեռքով հրաժարականի դիմում է գրել եւ փորձել դուրս գալ “հակահայկական ճամբարից”, ընդունել դառը իրականությունն ու ընդմիշտ գնալ հաստատվել Ռուսաստանում: Սակայն “հայտնի ուժերի” երեւացող հատվածի պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ վերոնշյալ վերնախավից երկու անձնավորություն (որից մեկը ոչ ՀՀ քաղաքացի է եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդից գողացած միլիարդավոր դոլարների հասնող գողոնն արտերկրներում լվանալով օրինականացնելու “բիզնես ներդրումների” մասնագետ-խորհրդատու ու հենց երեկ էլ կրկին նույն ապազգային առաքելությամբ Հայաստան է ժամանել) շանտաժի միջոցով Սերժ Սարգսյանին ստիպել են հաշտվել իր այժմյան կարգավիճակի հետ եւ հանցավոր փոխհամաձայնության գալ: Նրանք Սերժ Սարգսյանին սպառնացել են, որ հակառակ պարագայում կհրապարակայնացնեն իրենց իբր ունեցած ամոթալի կոմպրոմատները եւ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի հետ կապված “ցնցող” մի փաստ: Հիմա մի սկանդալային հայտարարություն անելով եւ ասածներիս պատասխանատվությունն անձամբ իմ վրա վերցնելով` ասում եմ, որ Սերժ Ազատի Սարգսյանը մարտի 1-2-ին Երեւանում կատարված պոգրոմի` հակահայկական սպանդի հետ թեկուզ 0,001 տոկոս անգամ առնչություն չի ունեցել եւ պատասխանատվություն չի կարող կրել: Ավելին, 2008թ. փետրվարի 24-ի` լույս 25-ի գիշերը Արցախից բերված եւ ՀՀ ԶՈւ երկու զորամասերում մինչեւ ապրիլի 14-ի` լույս 15-ի առավոտյան հանգրվանած X թվով (ամբողջ թիվը, հրամանատար կազմի չորս պատասխանատուների անուն, հայրանուն, ազգանուններն ու այլ տվյալները կարեւոր նկատառումներից ելնելով` չեմ ասում) եւ այդտեղի պետական կառույցին ենթակա պայմանական անունով “պատժիչ ջոկատների” Երեւանի փողոցներում մարդաորսի դուրս գալու հետ նա ոչ մի առնչություն չունի եւ չի ունեցել: Նա չգիտեր նաեւ մարտյան նույն երկու օրերին, հավանաբար ոստիկանական կամ զինվորական (դրանցից որն է` չգիտեմ) հագուստ հագած ու հայ ժողովրդի արդար ցասումը արյամբ խեղդելու նպատակով փողոցներում հայտնված ու ՀՅԴ վերնախավից միմիայն վերոնշյալ երկու հոգու հրահանգներն ի կատար ածելու պատրաստ հայատյացներին սպասարկող “դաշնակցական գորշ գայլերի” գոյության մասին: Դե, պատկերացրեք արդեն, թե այս ամենից հետո Սերժ Սարգսյանն ինչպիսի նախագահ է կամ ինչպիսի նախագահ կլինի, եւ ինքներդ էլ համապատասխան եզրակացությունն արեք: Իբրեւ վերջաբան ավելացնեմ միայն մեկ բան. Սերժ Ազատի Սարգսյանի դեմ նախապատրաստվող հրեշավոր ահաբեկչությունը հայոց պետականության դեմ երկրորդ “հոկտեմբերի 27” է: Սա մեզ ամբողջովին ծնկաչոք անելու համար հայությանը խորթ` “օտար ու մութ” սենյակներում ծրագրված հրեշություն է: Իսկ թե որ ուժերն են ցանկանում դա անել, արդեն նշեցի: Թե ինչ նպատակներով, կարելի է կռահել:

- Եւ հիմա ի՞նչ եք առաջարկում:

- Ելքը “Սարդարապատն” է. չկարծեք, թե մենք այսօր 1918 թվականի մայիսից տարբեր իրավիճակում ենք գտնվում: Համոզված եմ, որ հիմա շատ ավելի ծանր կացության ենք մատնված: Մեր պետականությունն այսօր, բառիս բուն իմաստով, շեքսպիրյան “լինել, թե չլինել” դիլեմայի առաջ է, եւ իմ խորին համոզմամբ` այսօր Սերժ Սարգսյանի կյանքը պաշտպանել` նշանակում է հայոց պետականությունը պաշտպանել: Կա՛մ ազգովի իրար ձեռք բռնած եւ միասնաբար մեզ պիտի հաջողվի Քոչարյանին հայ ազգի դեմ գործած հանցանքների համար Հաագայի դատարան ուղարկելով իր բոլոր հանցանքները մեկ առ մեկ խոստովանել տալ եւ հայազգի բոլոր մտավորականների հետ համահայկական “Սարդարապատ” շարժման նախաձեռնությունն իր հաջող ավարտին հասցնել եւ կա՛մ այս ամենը ձեր միջոցով իմ ժողովրդին հայտնած լինելու “աններելի” մեղքիս համար ինձ թիկունքից կրակելով սպանել ու, նորօրյա “սպիտակ թուրքերին” պարտվելով, մեր փոքրիկ Հայաստան աշխարհի թաղումն անել:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org