Արդյոք հատուկ է Մելիք-Շահնազարյաններին հիստերիան՞ Abraham Saakian EXQUISITE ORIGINAL OIL PAINTING
Հուն 28

Մեր իսկ թուլությունը եւ անմեղսունակությունը մի կողմի վրա դրած՝ սպասում էինք, թե եվրոպացի քեռիները ի՞նչ գնահատական են տալու մեր ներկա վիճակին: Ով որ տեղյակ չէ, ասեմ, որ անմեղսունակությունը անմեղության հետ որեւէ կապ չունի: Անմեղսունակ՝ նշանակում է իր մեղքը չգիտակցող, չհասկացող, որի համար որեւէ պատասխանատվություն չի կրում: Օրինակ, անմեղսունակ կարող են ճանաչվել որեւէ հանցագործություն կատարած հոգեկան հիվանդները: Եվ ահա մենք, ըստ իս, ե՛ւ թույլ ենք՝ այնքան թույլ, որ մեր խնդիրների լուծումը տեսնում ենք դրսում, այն էլ այնպիսի խնդիրների, որոնք մենք ինքներս կարող էինք եւ պարտավոր էինք լուծել, ե՛վ անմեղսունակ ենք, որովհետեւ գրեթե չենք տարբերվում հոգեկան հիվանդներից (թող ներեն ինձ այդ մարդիկ, թեեւ, մյուս կողմից, կան հոգեկան հիվանդներ, որոնք շատ հեռու են դեբիլիզմից):

Վաղուց է չէի գրում, հիմա ժամանակ ունեմ մի քիչ բացվելու եւ արտահայտվելու որոշ մտքեր:

Նախ, ասեմ, որ ես ինքս մեկ-մեկ ինձ նմանեցնում եմ Եվրոպայի հետ: Չասեք, թե հոգեկան շեղում է: Նկատի ունեմ՝ փոխաբերական իմաստով: Երբ տղաս իրեն լավ չի պահում, փորձում եմ զրկել իր առօրյա որոշ գործերից, որի վրա որոշ իշխանություն ունեմ: Ասենք՝ համակարգիչը խառնել է իրար, ուղղում եմ ու վերջում էլ բարձր տոնով զգուշացնում՝ «Ա՛յ տղա ջան, մյուս անգամ՝ ծոծրակդ կտեսնես, որ կնստես համակարգչի դեմը… Վե՛րջ»: Ես ասում եմ, տղաս՝ տխրում է: Հետո, մի փոքր անց, ինքը խնդրում է...մեկ, երկու… ու փափկում եմ, ասում՝ «լա՜վ, սա լինի առաջին ու վերջին անգամը»՝ ինքս էլ հասկանալով, որ սա ո՛չ առաջին անգամն է, ոչ էլ վերջինն է լինելու:

Հիմա մեր Հայաստանն է հայտնվել երեխայի կարգավիճակում: Հա՛ ուզում են դաստիարակել, հա՛ չի ստացվում: Հա՛ մատ են թափ տալիս ու ասում՝ վե՛րջ, հետո էլ ասում՝ լավ, էս անգամ էլ ենք ներում, բայց՝ չկրկնվի՛, հաստատ իմանալով, որ հաստատ կրկնվելու է:

Մի հատ անեկտոդ՝ ըստ թերթ.ամ-ի ներկայացրած մեջբերման:

Ստրասբուրգում ավարտվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երկրորդ օրվա նիստի առաջին հատվածը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի զեկույցից հետո, ովքեր առաջարկեցին հետաձգել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը մինչև ապրիլյան նստաշրջան, այդ խնդրի շուրջ բանավեճ ծավալվեց, որի ընթացքում տարբեր կարծիքներ հնչեցին։

Մի շարք պատվիրակներ համաձայնեցին համազեկուցողների հետ՝ նշելով, որ Հայաստանին պետք է ոչ թե զրկել ձայնի իրավունքից, այլ օգնել վերադառնալ ժողովրդավարության ուղի։ Նրանք նշում էին, որ Հայաստանին՝ ձայնի իրավունքից զրկելուց հետո ժողովրդավարության վիճակը երկրում կտրուկ չի բարելավվելու, և դա ամենևին էլ լուծում չէ։ Մասնավորապես, Ռուսաստանի ներկայացուցիչ Վյաչելսավ Տիմչենկոն նշեց, որ ինքը կտրականապես դեմ է պատժամիջոցներ կիրառելուն, քանի որ վերջին շրջանում ավագունու և թաղապետերի ընտրությունները Հայաստանում ապացուցեցին, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն առավել մոտ են կանգնած ժողովրդին։ Նա նշեց նաև, որ այդ ամենը նա գիտի ոչ թե զեկույցներից, այլ այն պատճառով, որ իր աղջիկն ամուսնացած է հայի հետ, և տվյալ իրավիճակն իրեն հասանելի է բազամթիվ բարեկամներից, ովքեր ապրում են Հայաստանում։

Այ քեզ գործնական քննարկումներ: Պատկերացնում եմ հայ ներկայացուցիչների դեմքի բավարարված արտահայտությունը:

Իմ ու Եվրոպայի միջեւ տարբերությունը թերեւս այն է, որ իմ դեպքում դիմացինս իմ տղան է, իսկ Եվորպայի դեպքում… իսկ իրոք, ի՞նչ է Եվրոպայի դիմաց գտնվում՝ ի դեմս մեր պետության, որը վաղը (ավելի ճիշտ՝ այսօր) նշելու է բանակի օրը:

Հայաստան… Ի՞նչ երկիր ունենք մենք: Ըստ իս՝ թույլ ու անճար: Բանակի օրն է, սակայն մեկը լիներ, մեզ տեր կանգներ: Ախր շա՜տ անմեղսունակ ենք, է՜… մենք կարիք ունենք ամենօրյա հոգատարության, խնամքի, տակաշոր փոխելու: Ինչո՞ւ ենք թույլ՝ իսկ ո՞վ է իրականում մտածում իր պետության մասին, որ թույլ չլինենք: Ոչ մեկը: Մի քիչ բացարձակացնում եմ, բայց թե… Հասարակություն ունենք՝ աշխարհը չունի: Հասարակություն ունենք, որին երբ բռնաբարում են, ասում է՝ սուս մնամ, չղժժամ, ու երեւի թե ճիշտն այն է, որ հաճույք ստանամ: Ինչպես մենք ենք հաճույք ստանում սերիալներից:

Ես մարդասեր եմ, բայց, մեղմ ասած, չեմ հիանում մեր հասարակությամբ, որը կազմված է առանձին մարդկանցից: Լավ, էլ ի՞նչ պիտի լինի, որ մարդկանց այս խումբը, որը հանգրվանել է մեր երկրի սահմաններից ներս, հասկանա, որ ինքը մարդ է: Մարդ է՝ իր իրավունքներով, իր առավելություններով եւ իր թուլություններով: Քոչարյանը գնաց՝ մոռացան Ռոբերտի անունը: Զգո՞ւմ եք, թե ինչքան կարճամիտ ենք մենք: Հետո մի հատ ծիկ կանի՝ բոլոր լրագրողները կսկսեն դեմը տրնգի պարել: Թորոսյանը լքեց իր ղզիկ աթոռը՝ մոռացանք նրան: Մոռացանք նրա ղժղժոցը՝ Ազգային Ժողովում: Ի միջի այլոց, նույն կերպ ժամանակին մոռացանք նաեւ ներկայիս քաղբանտարկյալների մի ստվար մասին՝ սկսած Ջհանգիրյանից վերջացրած փախած Սուքիասյաններով: Ի՞նչ՝ սխալ եմ ասո՞ւմ՝ բա փախնելս ո՞րն է: Արի՝ միացիր ընկերներիդ: Հասկացանք, խոնավ է խցում, բայց կարո՞ղ է մյուսների համար տաք է: Նույն էլ՝ Նիկոլին է վերաբերվում: Բայց առաջ խոսում էինք, չէ՞, նրանց մասին, բանբասում, տրաքում… ու տենց: Չգիտեմ, գուցե սխալ եմ մտածում… չի բացառվում:

Բա սա անմեղսունակին վայել վարք չէ՞: Հեսա, այս մարտի մեկն էլ կանցնի, այդ զոհերին էլ կամաց-կամաց կմոռանանք: Սա այն դեպքը չի, որ ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը: Սա այն է, որ՝ քանի դեռ մեղավորը չի պատժվում, մեղավորներ հա էլ բազմանալու են ու բարգավաճեն:

Էլ իշխանությունների մասին չխոսեմ: Իրենք իրենց էնքան լավ են ներկայացնում, որ մեկնաբանություններն ավելորդ են: Ասենք՝ սսկված Արթուրը, որի տեղակալ Հեղինեին լրագրողները ֆիքսեցին մի քանի կոճակ սեղմելուց, բայց էդքանից հետո էլի կկանգնի, ինչ-որ ամպագորգոռ հայրենասիրական ելույթներ կունենա ու կուրծքը կծեծի իր շեֆի համար: Նույն հանրապետականներ կոչեցյալները, ովքեր, երբ տեսնում են, որ էլ իրենց անունը չեն տալիս, Գալուստին ասում են՝ գնա մի հիմարություն ասա, թող սաղ մեզնից խոսեն: Դե, բարգավաճի մասին էլ չասեմ՝ մի ամիս խոսակցություն էին բացել, թե Գագոն ուզում է վարչապետ դառնա: Հետո էլ վերջինս մեծահոգաբար ասում է՝ չէ՛, որ ուզենամ, ինձնից կլսեք այդ մասին: Պատկերացնո՞ւմ եք՝ բա որ ուզենա՛ր: Ափոսոս, չուզեց, մեր հասարակությունը լիարժեք արժանի էր նրան: Գոնե մարդ-մուրդ որ մեռներ, մի արկղ օղի կուղարկեր… Դաշնակներն էլ՝ ինչպես միշտ, անհասկանալի, ինչ-որ տափուկ հայրենասիրություն են խաղում: Մտնելու նոր՝ այլընտրանքային ձեւ են գտել երեւի, դրա համար չեն երեւում… Ընդդիմադիրներն էլ՝ ընկճված, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Եվրոպան մի կողմից է խաբում, Ամերիկան՝ մյուս կողմից:

Հա, մի անեկտոդ էլ պատմեմ:Պարզվում է, մեր պետության նամակը Մոսկվա է տանում Արամ Կարապետյանը:«Արամ ջան, ո՞ւ ես գնում, Մոսկվա՞, ապեր, մի հատ նամակ կա, փլիզ ձեռի հետ էս էլ տար...« Նա էլ իրենից գոհ տանում է, մի կես տարի սպասում պատասխանին, որ հետը բերի Երեւան: Բա սա անմեղսունակություն չի՞: Արամ ջան, էն ջարդող-փշրող ճառերիդ հավատա՞մ, թե՞ փոստատարությանդ…

Ո՞ւմ հավատաս՝ փոխնախարար Շավարշի՞ն, ձենը կտրած Արշակի՞ն, թե hidden file դարձած Վազգենին: Կարծեմ երեքն էլ մի ժամանակ ԱԺՄ էին, չէ՞:

Ժողովուրդն էլ՝ անդարդ, առավոտից իրիկում բթանում է անորակ սերալներով: Սերիալներ, որտեղ կարատիստը չգիտեմ ինչու դերասանություն է անում: Լավ, ոչ մեկ Գոռին չի ասե՞լ՝ ապեր, լավ ես կռվում, բայց դու դերասան չես ու ավելին՝ չես էլ կարող դառնալ: Հայկոն ու Մկոն, ու մյուս հայկոներն ու մկոները կամ պլան-կանեփից են խոսում, կամ էլ աղջիկ ու սեքսից: Սա էլ մեր հումորը: Փառք Աստծո, էս վերջերս Դավիդով է ինչ է, դրան մոռացել են: Շանթով էլ խեղճ Արտյոմը հա պատասխան է տալու այն բանի համար, թե ինչու Գյումրիում գելերը կերել են 4 հատ ոչխար: Հետո գալիս է կրիմինալնայա խրոնիկան… Մյուս ալիքով էլ մենակ Գերմանիայում ծնված ու Ավստիրայում երաժշտական կրթություն ստացած ավտոների մասին են խոսում… Մյուս ալիքով էլ՝ տկլոր պարեր ու նեգրական մուզոն… Աչքներս լույս, Ալֆրեդն է իր սենյակով գալու: Այ սենց հիպնոսային վիճակ: Աղբն էլ ոտ առել, եկել-մտել է մեր մուտքերն ու մեր տները…

Հիմա պատկերացնում եմ վաղվա թերթերի գրածը՝ մի մասը գրելու է՝ Եվրոպան դաժաճանեց ինքն իրեն, մյուս մասը գրելու է՝ մեր սուրը փառքով դրեցինք պատյան: Ու ոչ մեկ չի գրելու՝ ողբամ զ՛քեզ, իմ հայ ժողովուրդ: Ի՜նչ եք կորցրել ու ինչի հետեւից եք գնում:

Մի խոսքով… շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր զինվոր են կամ սպա, ովքեր սահմանների են կամ թաքնված կրկեսի պատերից ներս: Մեզ՝ խաղաղ երկինք:

Հ.Գ. կներեք թափթփված մտքերիս համար: Ինչպես միշտ, ես ու Սոկրատը ժամանակ չունենք, որ կարճ գրենք…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org