Սարե՞ն կուգաս Դարչինյանը պահպանեց չեմպիոնական տիտղոսները
Փետ 07

Այս վերջերս էլեկտրոնային մամուլում հանդիպեցի մի ուշագրավ եւ առաջին հայացքից հպարտություն հարուցող մի պաշտոնական տեղեկատվության, ըստ որի

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է 2009-ի իր պահուստային ֆոնդից 300 մլն դրամ հատկացրել Երևանի քաղաքապետարանին` Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակակնության հետ ...

պանորամա.ամ

Ինքս սիրում եմ լսել Ազնավուր եւ այս ֆրանսահայի հանդեպ ունեմ մեծ հարգանքի եւ հպարտության զգացում, սակայն, կարծում եմ, որ Կառավարության վերոնշյալ որոշումը անհիմն ճոխություն է, եւ ոչ ավելին: Ես ներկայացնեմ իմ տեսակետը, իսկ դուք, եթե գտնում եք, որ սխալ եմ մեկնաբանում, ասեք, թե որտեղ եւ ինչու:

1) Ամենաառաջին հարցը, որ իմ մոտ առաջացավ, այս էր՝ հո մեր շանսոնյեին բան չի՞ պատահել… Մինչեւ վերջերս իմ մոտ տպավորություն կար, որ, որեւէ գործիչի տուն-թանգարան հիմնադրում են նրա մահվանից հետո (թող ինձ ների մեծ շանսոնյեն): Գուցե խորհրդային տարիներին աճած եւ դաստիարակված մարդ եմ, եւ դա՞ պատճառը: Ինչ պատճառաբանություն էլ բերեք, էլի չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ պետք է ողջ-առողջ մարդու տուն-թանգարան կառուցվի:

Երեւի այս հարցը պարունակում է ինչ-որ թաքնված միտք. ի՞նչն է տուն-թանգարանի առաքելությունը: Որպեսզի ներկայացվի տվյալ գործչի կենցաղը, ստեղծագործությունները կամ կատարած աշխատանքները: Հիշում եմ Սարյանի, Թումանյանի տուն-թանգարանները: Շատ լավ հիշում եմ Սեւակի տուն-թանգարանը՝ Չանախչի գյուղում: Բոլոր դեպքերում էլ այդ թանգարանները առաջին հերթին եղել են այդ մարդկանց տները, որտեղ բնակվել են նրանք երկար տարիների ընթացքում կամ էլ նրանց բնակարանների տեսքին եւ կահավորանքին առավելագույնս նմանեցված մակետները: Եվ իմաստն էլ այն է, որ մուտք գործելով թանգարան, տեսնես եւ ծանոթանաս այն միջավայրին, որտեղ անմիջականորեն ապրել եւ ստեղծագործել է այդ մարդը, այն բաժակը, որով թեյ կամ սուրճ է խմել, այն սեղանը, որի դիմաց նստած ստեղծագործել է, կամ էլ այն գրիչը, որը ձեռքին տվյալ գործիչը ստեղծել է անտիպ էջեր: Սա իր հերթին այցելուի մոտ առաջացնում էր մի հետաքրքիր զգացողություն. այս կամ այն գործիչը մեր նման մարդ է եղել, մեր գրչից գուցե ավելի վատ գրիչով գրել, բայց՝ ստեղծել մի բան, որը նրան դարձրել է հռչակավոր, եւ, ինչու չէ, դաստիարակել հազարավոր մարդկանց: Թանգարանը այն է, որ մարդկանց հիշեցնում է անցյալի մասին:

Լավ, շատ խորացա: Հիմա անցնեմ Շարլի երեւանյան ապագա թանգարանին: Ի՞նչ, նրա փարիզյան տան արտապատկե՞րն է լինելու: Նրա սեղա՞նը, նրա դաշնամո՞ւրը… նրա աթո՞ռը, կամ այն գրասեղանը, որի շուրջ նստե՞լ է մեծ վարպետը: Թե՞ պարզապես սենյակ, որի պատերին լուսանկարներ են՝ Շարլը Քոչարյանի հետ, Շարլը Սարգսյան(ներ)ի հետ, Շարլը՝ Գյումրիում… Բայց սա եղավ տուն-թանգարա՞ն, սա առնվազն եղավ «Հին Էրիվան» ռեստորանի միջանցքը:

Իրոք չեմ հասկանում (խնդրում եմ՝ ապացուցեք հակառակը), թե մարդու կենդանության օրոք ինչպե՞ս կարելի է նրա տուն-թանգարանը կառուցել: Ի՞նչ է, վերադարձել ենք դեպի Ստալինի օրերը: Հուշարձանն էլ չեմ ընդունում: Հուշ եւ արձան: ՀՈՒՇ: Հուշ… կենդանի մարդու մասի՞ն: Բայց թանգարանը՝ «վերջն» է…

2) Ինչո՞ւ… ոչ ավել, ոչ պակաս, քան 300 մլն դրամ, որը նույն ավելի քան 977 հազար դոլարն է, կամ, ավելի պատկերավոր լինելու համար, մեկ միլիոն դոլլարից մի քիչ պակաս: Այս ի՞նչ ճոխություն է այն դեպքում, երբ նույն Շարլի բոյով-մեկ արձանը կրող Գյումրիում հազարավոր մարդիկ հազար դրամին «կակա» են ասում: Մենք ա՞յդ պետությունն ենք, որ նման բաներ ենք մեզ թույլ տալիս: Մի կողմից՝ ընկել դռնեդուռ փող ենք մուրում, ինչ-որ կապիկություններ անում՝ էլ ՀԴՄ-կտրոնների խաղարկություն, էլ եսիմ ինչ, էլ՝ Մեդվեդեւվ ջան, մի քանի կոպեկ տուր՝ յոլա գնանք, մյուս կողմից էլ պահուստային ֆոնդից միլիոն տանում:

Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ասել է Շարլի տուն-թանգարանը Երեւանում: Մի մարդու, ով ապրում է Ֆրանսիայում, տուն-թանգարանը կառուցել Երեւանում: Այդքան փող եք ծախսում, գոնե Փարիզում բացեք, որ այցելող լինի: Երեւանում՝ առաջին օրը մկրատը ձեռքը Սերժ Սարգսյանը կմտնի (ու կողքից էլ մի 50-100 հոգի)… ու մի տաս օր հետո որեւէ մեկը չի մտնի: Շատ պե՜տք է… Ուրիշ դարդ ու ցավ չունեն: Մի հարցնեղ եղե՞լ է, թե մյուս տուն-թանգարանները օրը քանի մարդ է այցելում: Երեւի՝ մի քանի դպրոցական, այն էլ, ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ՝ ուսուցիչների ուղեկցությամբ:

Երեւի նույն Շարլը ավելի ուրախ կլիներ, որ այդ մեկ միլիոնը մեկ այլ տեղ ծախսվեր: Ասենք՝ հիմնովին վերանորոգվեին Կոնսերվատորիան կամ երաժշտական ուսումնարանները… կամ մեկ այլ նախաձեռնություն…

3) Եվ վերջապես, ինչո՞ւ հենց հիմա, երբ աշխարհը ճկռում է ճգնաժամից, Բրիտանական ավիաուղիները իրենց աշխատակիցների աշխատավարձերն են սառեցնում, Ուորներ Թայմզն էլ իր ամենամեծ կորուստներն է գրանցում՝ տասնյակ միլիարդ դոլարների կարգի, եւ Հայաստանի առողջապահության աշխատակիցներին էլ հայտնում են, որ՝ ճիշտ է, պիտի աշխատավարձի բարձրացում լիներ, բայց փող չկա, կարող է մնա անփոփոխ, ու նաեւ աշխատավարձի ձգձգումներ են սկսվել, բռնել ու սենց քաղքենի որոշում կայացնել:

Նորից եմ կրկնում՝ այս հարցադրումներս ուղղված են ոչ թե Շարլին, այլ նրա արվեստը այսպես առատաձեռն գնահատող իշխանավորներին: Ի՞նչ է, մեկ միլիոն դոլար ծախսելով պետք է գնահատվի Շարլի արվեստը, հա՞: Իրականում այն անգին է՝ անկախ ծախսերի քանակի ու որակի…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org