Մահախոսական Ինդիվիդուալիզմի, ազգային գաղափարախոսության, բումերանգի, ընդդիմության և էլի նոր էլիտայի մասին
Հուլ 05

Հայկ Խանումյան'-ի ավատարը

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ներքին սպառնալիքների թվում նշված է նաև ուրբանիզացումը:

«Ուրբանիզացումը.Դեռևս ԽՍՀՄ կազմում գտնվելու ժամանակաշրջանում Հայաստանում բարձր էր ուրբանիզացման մակարդակը: Այս գործընթացը շարունակվեց նաև անկախացումից հետո: Դրա հիմնական պատճառը գյուղական շրջանների և քաղաքների` հատկապես մայրաքաղաքի միջև աշխատանքի շուկայի, կրթական հնարավորությունների, կյանքի որակի անհամաչափությունն է: Հայաստանի հետագա ուրբանիզացումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար: Դա կապված է սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցման, գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման, սահմանամերձ գյուղերի ամայացման վտանգների հետ»/տես, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն, http://www.mil.am/:

Ուրբանիզացում բառը շատ հեշտությամբ կարելի է փոխարինել երևանիզացիա կամ երևանականացում բառով: ՀՀ բնակչության կեսը ապրում է մայրաքաղաքում կամ երևանամերձ քաղաքներում /Աբովյան, Աշտարակ, Էջմիածին, Արմավիր, Արտաշատ,Արարատ ինչպես նաև այլ փոքր քաղաքներ/, 1/3-ը` Արարատյան դաշտում: Հեռու մնալով Հայաստանի անհամաչափ զարգացման, բնակչության անհամաչափ տեղաբաշխման մեջ սովետական Հայաստանի իշխանություններին քննադատելուց /նամանավանդ, որ նրանցից ոմանք մեր օրերում որոշակի շրջանակների կողմից սրբացվում են/, այնուամենայնիվ հարկավոր է նշել, որ Երևանը Հայաստանի համար դարձել է հրեշ: 

Այստեղ է կենտրոնացած ՀՀ գիտական և հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունների առյուծի բաժինը: Հայաստանի տարբեր մարզերից ուսանելու եկած երիտասարդներն այնուհետև նախընտրում են մնալ և աշխատել մայրաքաղաքում: Այսպես. Մեղրիի Լեհվազ գյուղից անասնաբույժ դառնալու նպատակով Երևանը եկած երիտասարդը դառնում է բարմեն երևանյան սրճարաններից մեկում. արդյունքում` Լեհվազը և շրջակա գյուղերը չեն ստանում իրենց այնքան անհրաժեշտ անասնաբույժը, գյուղը կորցնում է մեկ պոտենցիալ երիտասարդ ընտանիք, Երևանում ավելանում է մեկ ընտանիք ևս, երիտասարդի Մեղրիի ակցենտով խոսալը հաճախ առաջացնում է ոչ միանշանակ վերաբերմունք երևանցիների մոտ, իսկ քաղաքական սրված պահերին նաև ատելություն, որը հաճախ վեր է ածվում անտագոնիզմի, ինչին հատկապես նպաստում են հայկական որոշ քաղաքական շրջանակներ և նրանց սպասարկող ԶԼՄ-ները:

Ռազմավարական առումով երկրի բնակչության 1/3-ը կենտրոնացնելով մեկ վայրում, անգնահատելի նվեր ենք մատուցում պոտենցիալ թշնամուն: Տնտեսական առումով Երևանը դարձնելով երկրի հիմնական շուկան` քաջալերում ենք, որ դրամական միջոցները մեծամասամբ այստեղ շրջանառվեն: Արդյունքում կրճատվում է մարզերի բնակչությունը, ամայանում են ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող բնակավայրերը, սահմանամերձ գյուղերը:

80-ականների վերջին գրած իր գործերից մեկում Վազգեն Սարգսյանն առաջարկում էր վիդեո ու աղջիկներ տանել Մեղրի, որ երիտասարդությունը այնտեղ գնա: Այն ժամանակ ևս Հայաստանի ծայրամասերի դեմոգրաֆիական վիճակը ծանր էր, իսկ այդ բացը լրացնում էին ադրբեջանցիները:

Ինչ անել, ինչպես փրկել Սյունիքը, Տավուշը, Վայոց Ձորը, Շիրակն ու Լոռին, ինչպես բնակեցնել Արցախը: Սրանք հարցեր են, որ քուն ու դադար չպետք է տան հայոց իշխանություններին, ՀՀ քաղաքականությունը մշակողներին, անվտանգությունն ապահովողներին:

Այս խնդրի շուրջ ես բավականին երկար եմ մտածել, քննարկել այն մի շարք ընկերների հետ: Այս հոդվածում ցանկանում եմ ներկայացնել խնդրի վերաբերյալ լուծումների իմ առաջարկները.

-Հայաստանի դեերևանիզացիա /ապաերևանականացում/: Ինչ է այն իրենից ներկայացնում: Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Կապանի, Գավառի, Ստեփանակերտի /Շուշիի/ զարգացման ծրագրերի մշակում, այս քաղաքների շուրջ խիտ բնակչությամբ բանկավայրերի ցանցի ստեղծում: Այս քաղաքները պետք է դառնան Երևանի լուրջ այլընտրանքը, այս քաղաքներում պետք է ստեղծվի տեղական լուրջ էլիտա, որ կարող է ազդել հանրապետական որոշումների ընդունման վրա: ՀՀ կառավարության մի շարք ծրագրեր հուսադրում են, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են գնալ դեերևանիզացիայի` ապակենտրոնացման, գործունեության մի շարք բնագավառներ մայրաքաղաքից դեպի այլ քաղաքներ տեղափոխելով: Մասնավորապես ինձ ոգևորեց Դիլիջանը Հայաստանի ֆինանսական մայրաքաղաք դարձնելու, ՀՀ կենտրոնական բանկը, բորսան, ինչպես նաև առևտրային բանկերի գլխամասային գրասենյակները Դիլիջան տեղափոխելու մտադրությունները: Ցավոք, դրանք դեռևս մնում են մտադրություններ:

Ինչպես եմ ես պատկերացնում դեերևանիզացիան. Իջևան-Դիլիջան. Դիլիջանը դառնում է ՀՀ ֆինանսական կենտրոն, այստեղ են տեղափոխվում ՀՀ գլխավոր ֆինանսական կազմակերպությունները կամ դրանց գլխամասերը: Հայաստանի տնտեսագիտական համալսարանը /Ժող-ը/ տեղափոխվում է Իջևան: Ֆինանսավարկային ոլորտի մասնագետները պատրաստվում են Իջևանում: Ինչու Իջևանում: Իջևանում արդեն իսկ գոյություն ունի պետական ԲՈՒՀ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ինչի հիման վրա էլ կատարվում է Ժող.-ի տեղափոխումը: Քանի որ Դիլիջանը ֆինանսական կենտրոն է, ապա նպատակահարմար է ոլորտի կադրերը պատրաստել Իջևանում, որը ընդամենը 30 կմ է հեռու Դիլիջանից: Սկզբնական շրջանում կարող են ի հայտ գալ լուրջ դժվարություններ ուսանողների և դասախոսների Իջևան տեղափոխվելու հետ կապված: Դրա համար հարկավոր է կատարել նախապատրաստական աշխատանքներ. ԲՈՒՀ-ի տեղափոխման մասին հայտարարել տեղափոխումից 3 տարի առաջ, Իջևանում կառուցել համալսարանական թաղամաս` ուսանողական հանրակացարաններով, մատչելի դասախոսական և ուսանողական այլ կացարաններով, ուսանողական ռեստորանների ցանցով, անհրաժեշտ այլ հաստատություններով: Միջոցներ հայթայթելու նպատակով ստեղծել հիմնադրամ, որտեղ ներդրումներ կկատարեն ինչպես անհատները, այնպես էլ /և հատկապես/ կառավարությունը: Ժող.-ի երևանյան մասնաշենքերի վարձակալությունից ստացված գումարները ևս ուղղել հիմնադրամ: Կարծում եմ մի քանի տարի հետո այս նախագիծը կարող է դառնալ բավականին շահութաբեր` հաշվի առնելով անշարժ գույքի գների միջև եղած տարբերությունները Երևանի կենտրոնում և Իջևանում: Այս ամենի արդյունքում Դիլիջանն ու Իջևանը դառնում են ներդրումների համար բավականին դյութիչ` արդեն այստեղ է աշխատում կամ սովորում վճարունակ զանգված, որն ունի կարիքներ, պահանջմունքներ և դրանք պետք է բավարարվեն: Սրանով նաև լուծվում է տվյալ քաղաքների և շրջակա բնակավայրերի բնակչության աշխատանքի հարցը, ձևավորվում է հզոր տեղական էլիտա:

Գյումրի. Հայաստանի երկրորդ քաղաքը ոչ միայն Շիրակի մարզի ու Արագածոտնի և Լոռու մի շարք բնակավայրերի ամենահարմար կենտրոնն է, այլև հետաքրքիր կենտրոն կարող է դառնալ Ջավախքի բանկչության, իսկ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում` նաև հարակից թուրքական բնակավայրերի համար: Ավանդաբար լինելով մշակույթի, սպորտի ու արվեստների քաղաք, Գյումրին պետք է դառնա նմանատիպ պրոֆիլ ունեցող ԲՈՒՀ-երի կենտրոն, Երևանից այստեղ է հարկավոր տեղափոխել Կոնսերվատորիան, Ֆիզիկական կրթության ինստիտուտը, Արվեստի և թատրոնի կադրեր պատրաստող պետական ԲՈՒՀ-երը: Նախապատրաստական աշխատանքները տարվում են այնպես, ինչպես Իջևանի օրինակում:

Վանաձոր. Հայաստանի երկրորդ արդյունաբերական քաղաքը կարող է դառնալ քիմիայի, բնագիտական այլ ուղղությունների ուսուցման կենտրոն: Այստեղ է հարկավոր տեղափոխել ԵՊՀ, Ճարտարագիտական և մանկավարժական համալսարանների մի շարք ֆակուլտետներ, Գյուղատնտեսական ակադեմիայի անասանապահության և անասնաբուժության սեկտորները /հաշվի առնելով Լոռու մարզում անասնապահության ավանդական ճյուղ լինելը/:

Գավառ. Երևանից այստեղ են տեղափոխվում էկոլոգիայի, աշխարհագրության, երկրաբանության հետ կապված ֆակուլտետները:

Կապան. այս քաղաքն առանձնանում է մյուսներից: Եթե վերը թվարկված քաղաքներ մայրաքաղաքից կարելի է հասնել ընդամենը 2 ժամում, ապա Կապան հասնելու համար հարկավոր է 4-5 ժամ: Կապանը Ստեփանակերտի և Շուշիի հետ պետք է լինի Հայաստանի հարավային և Արցախի հիմնական կենտրոնը: Այն կարող է դառնալ լեռնամետալուրգիայով զբաղվող ֆակուլտետների և տեխնիկումների կենտրոն:

Շուշի. Այս քաղաքը լավ հնարավորություններ ունի դառնալու հայագիտական կենտրոն, ինչպես 20-րդ դարասկզբին: Երևանից այստեղ է հարկավոր տեղափոխել հայոց լեզվի և գրականության, պատմության ուսուցմամբ զբաղվող ֆակուլտետները և գիտական կենտրոնները: Ամառվա ընթացքում Շուշին կարող է դառնալ խոշոր համահայկական ճամբարավայր սփյուռքահայ աշակերտների և ուսանողների համար, որոնք 2-3 ամիս մնալով`ակտիվ հանգստի հետ միաժամանակ կսովորեն հայոց լեզուն և կծանոթանան հայոց պատմությանն ու գրականությանը:

Այլ քաղաքներ. Տավուշի մարզ. Նոյեմբերյան/Բագրատաշեն. այս քաղաքը, ինչպես ցույց են տվել 1995-2005 թթ., կարող է դառնալ առևտրի կարևոր կենտրոն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար: Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում վրացական և ադրբեջանական շուկաներ մտնելու համար հարկավոր է օգտագործել հենց այսպիսի փոքրիկ սահմանային քաղաքները: Մի օրինակ սահմանային քաղաքներից. ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքը սահմանակցում է գերմանական Կեհլ փոքրիկ քաղաքի հետ: Այս փոքրիկ քաղաքն ունի առևտրական քաղաքի համբավ: Շնորհիվ Գերմանիայում ԱԱՀ ցածր տոկոսի ապրանքներն այստեղ ավելի էժան են: Արդյունքում` յուրաքանչյուր շաբաթ օր ամբողջ Ստրասբուրգը գնում է Կեհլ` առևտուր անելու:

Լոռու մարզ. Տաշիր, Շիրակի մարզ. Աշոցք. այս քաղաքները ևս կարող են դառնալ առևտրական քաղաքներ` շնորհիվ Վրաստանի հետ սահմանակցության:
Մեղրի. Երևանից այստեղ կարելի է տեղափոխել գյուղատնտեսական ակադեմիայի պտղաբուծության ու այգեգործության և հարակից ֆակուլտետները: Իրանի հետ սահմանակից լինելը լրացուցիչ հանրավորություններ է բացում Մեղրիի համար: Լուրջ ներդրումներ կատարելու դեպքում կարելի է քաղաքը դարձնել զվարճանքների և ժամանցի կենտրոն` բարերով, գիշերային ակումբներով, ստրիպտիզ ակումբներով /իհարկե ուկրաինուհի պարուհիներով/, կազինոներով, հյուրանոցային համալիրներով, ռեստորաններով և այլ նմանատիպ հաստատություններով: Արդյունքում` շաբաթ-կիրակի օրերը Թավրիզի բնակչությունն անց կկացնի Մեղրիում` թողնելով միլիոնավոր դոլարներ:

ՀՀ առողջարանային և հանգստավայր քաղաքները արդեն իսկ վերգտել են իրենց պրոֆիլները և զարգանում են, չնայած դրանց թանկությանը և զարգացման դանդաղ տեմպին. Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, Դիլիջան, սրանց հարկավոր է ավելացնել նաև Արզնին, Ստեփանավանն ու այլ փոքրիկ քաղաքներ, որոնք այնքան կարիք ունեն ներդրումների:
Կհարցնեք, իսկ Երևանը: Իսկ Երևանը կբեռնաթափվի, քաղաքը կապրի քաղաքային կյանքով, քաղաքային կուլտուրայով: Բեռնաթափումից հետո նույնիսկ, կմնա Հայաստանի խոշորագույն կրթական կենտրոնը, ԵՊՀ հիմնական մասով, Ճարտարապետականով, Ճարտարագիտականի հիմնական ֆակուլտետներով, բժշկականով, Բրյուսովով, մանկավարժականով, ֆրանսիական, սլավոնական և ամերիկյան համալսարաններով, ոչ պետական ԲՈՒՀ-երով:

Արդյունքում կունենանք հզորացած մարզեր, համաչափ զարգացում, կխուսափենք խոշոր քաղաքներին հատուկ աննորմալ երևույթներից: Իսկ եթե այսպես շարունակվի երկրի զարգացումը, ապա հեռու չէ այն օրը, երբ կունենանք 3 միլիոնանոց Երևան և … դատարկ մարզեր ու Արցախ: Ու այստեղ կարելի է վերջացնել Վազգեն Սարգսյանի «Հայի վերջին խելքը» ակնարկի հատվածով: Նկարագրելով, թե ինչպես են ամայանում, ծերանում Մեղրու գյուղերը, հեղինակը գրում է, որ հոտերը անտեր չթողելու համար ադրբեջանցի հովիվ էին կանչում, իսկ սա որոշ ժամանակ անց իր հետևից բերում էր ողջ ազգուտակը և ապա Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը դառնում էին ադրբեջանաբնակ, ու հոգոց հանում. «Էհ, ամենաառաջին չոբանի հայտնությունից եմ վախենում։ Չէ, հայտնությունից չէ` մեր կանչել-բերելուց եմ վախենում» /Վազգեն Սարգսյան, «Հայի վերջին խելքը», http://hetq.am/am/culture/vazgen-sargsyan/ /:

Ստրասբուրգ
16 /06/2009թ.

Հայկ Խանումյան



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org