Նոր էլիտայի անհրաժեշտությունը Մայքլ Ջեկսոնը եվ այն ամենը ինչի մասին քիչ է խոսվում
Հուլ 05

Հայկ Խանումյան'-ի ավատարը

Ես իրանագետ չեմ և Իրանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իմ դատողությունները շատ խոցելի են, քանի որ հիմնված են երրորդական-չորրորդական աղբյուրների վրա:

Մի շարք հայ քաղաքագետներ և իրանագետներ, այդ թվում հայտնի իրանագետ Գառնիկ Ասատրյանը քիչ հավանական են համարում իշխանափոխությունն Իրանում: Այնուամենայնիվ, դիմադրությունն այս երկրում մնում է հզոր: Եվ դիմադրությունը ոչ թե Ահմադինեժադի դեմ է, այլ իշխող կրոնապետական ռեժիմի: Ի՞նչ կտա Հայաստանին և հայությանը իսլամական ռեժիմի փոփոխությունը Իրանում և ի՞նչ մարտահրավերների առաջ կարող ենք կանգնել դրա հետևանքով: 

Նախ, կարծում եմ, ռեժիմի փոփոխությունը միանգամայն հնարավոր է: Աշխարհիկ պետության կառուցումը մնում է իրանցիների մեծ մասի երազանքն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Ռեժիմի փոփոխության տարբերակներից մեկը Իրանում պառլամենտական պետության կառուցումն է և հնարավոր է սահմանադրական/պառլամենտական միապետության վերականգնումը, Ռեզա Փահլավի նախկին շահի որդու գլխավորությամբ: Իրանի ազատականությունը արդյո՞ք ձեռնտու է Հայաստանին: Միանշանակ կարելի է ասել, որ այո: Հատկապես ազատականացումը Իրանի տնտեսության մեջ կարող է լուրջ նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Իրանում շուկայական հարաբերությունների, մրցակցային ազատ դաշտի ստեղծումը և հատկապես պրոտեկցիոնիզմից հրաժարվելը հայ ձեռներեցների համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի. Իրանը Հայաստանի համար բավականին հետաքրքիր շուկա է` իր ծավալներով և մոտիկությամբ: Սակայն այդ երկրում կիրառվող պրոտեկցիոնիզմի պատճառով համանման ապրանքներ արտադրող հայկական ֆիրմաները գրեթե մուտք չունեն այնտեղ: Իրանի հյուսիսը, հատկապես Իրանական Ադրբեջանը Թավրիզ կենտրոնով պետք է դառնա հայկական բիզնեսի հետաքրքրության կարևորագույն վայրերից մեկը: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների /այդ թվում էմբարգոյի/ վերացումը լրջորեն կնպաստի տնտեսական հարաբերություններին: Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է բերի նաև 1979թ.-ից այս երկրից հեռացած բիզնես էլիտայի մի մասի վերադարձին: Դրանց մեջ զգալի թիվ են կազմում նաև հայ ձեռներեցները: Նրանց վերադարձը և նախկին դիրքերի վերականգնումը միայն կուժեղացնի հայության դիրքերը Իրանում:

Աշխարհիկ և ժողովրդավարական իշխանության հաստատումը Իրանում կհեշտացնի նաև հայկական արտաքին քաղաքականության գործերը: Իրանի հետ որևէ ռազմավարական ծրագիր սկսելու դեպքում այլևս պետք չի լինի հսկայական ջանքեր թափել միջազգային հանրությանը դրա` Հայաստանի համար կենսական լինելը բացատրելու համար:

Ի՞նչ մարտահրավերներ կարող են լինել ռեժիմի փոփոխությունից: Հիմնական մարտահրավերն այն է, որ Իրանում կարող է սկսվել անկայուն վիճակ, ընդհուպ մինչև երկրի տրոհում ու Հայաստանի նկատմամբ ոչ բարենապաստ տրամադրված պետական միավորների առաջացում հենց Հայաստանի սահմանին կից: Սա կարող է ուղեկցվել փախստականների հոսքով դեպի մեր երկիր: Թեկուզ միայն իրանահայությանն ընդունելը մեր երկրի համար լուրջ խնդիր է:

Անկայունությունն Իրանում կարող է կասկածի տակ դնել նաև այդ երկրի հետ մեր տնտեսական նախագծերը:

Հայկական աղբյուրներում ես այդպես էլ չհանդիպեցի մանրակրկիտ ուսումնասիրություն Իրանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և հայության վրա դրանց ազդեցության վերաբերյալ: Մեր հիմնական վերլուծական կենտրոնները, կարծես դեռ չեն շտապում հանդես գալ համապատասխան նյութերով: Չեմ կարծում, թե վիճակը մխիթարական է նաև ԱԳՆ և ԱԱԾ վերլուծական վարչություններում: Մինչդեռ Իրանում ծավալվող իրադարձությունները պետք է դառնան Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քննարկման առարկա, հաշվի պետք է առնվեն հնարավոր բոլոր զարգացումները:

Ամփոփելով, պետք է ցավով արձանագրեմ, որ Հայաստանում իրանագիտական ուսումնասիրությունները, աշխարհաքաղաքական վերլուծությունները մնում են չհամակարգված և գրեթե պրակտիկ նշանակություն չեն ունենում: Արդ, ժամանակն է ի մի բերել բոլոր կենտրոնների նյութերը, ինչպես նաև պետական մակարդակով հանդես գալ լուրջ վերլուծությունների պատվերով:

4/06/2009
Ստրասբուրգ

Հայկ Խանումյան



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org