Ամերիկյան հանգուցալուծո՞ւմ Խաչիկ Դաշտենցի անվան N 114 միջն. դպրոց (շարունակություն)
Ապր 17

Նախօրոք ասեմ, որ թեման բավականին ընդարձակ է, եվ հավանաբար մի հոդվածում չկարողանամ այն արծարծել. ամեն դեպքում կաշխատեմ ձեզ չձանձրացնել եւ իմ իսկ խնդիրներով գլուխներդ շատ չտանել.

Դե ինչ գնացինք:

Թիվ 114 միջնակարգ դպրոց. ժամանակին քաղաքի կենտրոնի 2 անգլիական թեքումով դպրոցներից մեկը (երկրորդը Չարենցի անվ. դպրոցն է, դե իսկ 3-րդը դպրոց կարելի է անվանել միայն որոշ վերապահումներով՝ «Փոսի» դպրոցը, բայց դե Օրբելի փողոցը քաղաքի կենտրոնին ոչ մի կերպ չես վերագրի): Թիվ 114 միջնակարգ դպրոցն ունեցել է իր ուրույն պատմությունը, եւ ոչ միայն այն պատճառով, որ անգլիական թեքումով է եղել, այլ այն, որ կրթական մակարդակը այս դպրոցում միշտ էլ բավականին բարձր է եղել:

Հասկանում եմ, որ հիմա շատ-շատերդ քթի տակ քմծիծաղ կտաք, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ 20-30 տարի առաջ Կենտրոնի ռուսական դպրոցներն իրենց կրթական մակարդակով ավելի բարձր էին, քան մի քանի հատ մնացած հայկական դպրոցները: Ինչ վերաբերում է անգլիական թեքումով մի քանի դպրոցներին (եթե չեմ սխալվում ամբողջ քաղաքում 4 նման դպրոց կար), ապա ընդհանուր առմամբ կամ չէին զիջում ռուսականներին, կամ էլ որոշները նույնիսկ առաջատար դիրքերում էին:

image

Կոնկրետ 114 դպրոցը (իմ սուբյեկտիվ կարծիքով, մի մարդու համար, ով ուսանել է եւ այս դպրոցում, եւ 2 այլ ռուսական դպրոցներում) հաստատ մի գլուխ բարձր էր շատ այլ ռուսական եւ հայկական դպրոցներից եւ դրա շնորհքը իհարկե այն ժամանակվա դպրոցի տնօրենինն էր (Կուպալյան): Չեմ հիշում, թե նա ինչ մասնագետ էր, բայց որ կարգ ու կանոնը դպրոցում դրված էր բարձր հիմքերի վրա, դա՝ հաստատ: Նույնիսկ այն ժամանակ կային «արտոնյալ» երեխաներ, բայց չզարմանաք, եթե ասեմ, որ Դիրո-ն բառի բուն իմաստով «թքած» ուներ դրա վրա: Հարցը նրանում չէր, որ այս դպրոցում փող չէին վերցնում, կամ վերեւից ասելով հարց չէր լուծվում:Ոչ, իհարկե ոչ (դպրոցում լավ էլ փողեր էին պտտվում, ու չեմ կարծում, որ Կուպալյանն այդտեղ անմաս էր): Բայց հաստատ հաբռգած աշակերտներ, կամ ծնողներ չկային.

---
Ժամանակները փոխվեցին, ուսուցական կազմն ու տնօրենները նույնպես… եւ այժմ դպրոցն ունի մեկ այլ տնօրեն: Համեմատության համար ասեմ, որ նրա կաբինետում դրված է 19’ LCD մոնիտոր, բայց ուրիշ շատ ու շատ հիմնարկների տնօրենների պես նա համակարգիչը չի օգտագործում միայն խաղերի համար… նա, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չի օգտագործում համակարգիչը, քանի որ հնարավոր չէ այն օգտագործել, երբ 19’ LCD մոնիտորի երեսն ամբողջությամբ ծածկված է իր երեխաների եւ թոռների նկարներով (հավանաբար Ռուսաստանում վերջին տարիներս այդքան մոդայիկ նվեր համարվող Photo Frame-ներն Երեւանում հարգի չէ տնօրենին նվիրելը):

Այն ամենի մասին, որ ցանկանում եմ պատմել, բնավ տնօրենի համապատասխանության մասին չէ

Ես հասկանում եմ, որ դժվար է օրենքներ կիրառել մի դպրոցում, որտեղ սովորում եմ այդքան հայտնի մարդկանց (նկատի չունեմ «հարգված», այլ՝ «մականունավոր» եւ պաշտոնատար) երեխաներ. երեվի շատերդ եք հիշում, որ մի տարի առաջ լուր տարածվեց, որ քաղաքապետի թիկնապահները ծեծել, թե գողացել են իրենց շեֆի տղուն նեղացնողին… պարզվեց, որ դա հանդգնել էր անել դպրոցի տնօրենի բարեկամը… եւ լրագրողների բոլոր փորձերը անպտուղ մնացին, քանի որ տնօրենին ձեռ չէր տալիս աղմուկը տնից դուրս հանել:

Նման դեպքերն ու դիպվածներն այս դպրոցում հազվադեպ չեն, բայց դա էլ այդքան չի կարող բնորոշել այս դպրոցը, քանի որ նման պատմություններով հիմա հարուստ է քիչ թե շատ հայտնի ամեն մի դպրոց:

---

Տարիներ առաջ երբ երկար բացակայությունից հետո Երեւան վերադարձա, քույրս մի օր խնդրեց զարմիկներս մի օր դպրոց (Պուշկինի անվան) տանել եւ կեսօրին հետ բերել:

Առաջին զարմանքս այն էր, երբ առավոտյան ժամը 8-ին փողոց դուրս գալուց հետո հայտնաբերեցի, որ քաղաքը դատարկ է… Ժամն 8-ն էր, բայց քաղաքը եւ նրա բնակիչներն չէին էլ շտապում արթնանալ: Խոսքը գնում է քաղաքի կենտրոնի մասին:

Երկրորդ զարմանքս առաջ բերեց այն փաստը, որ Մոսկովյան փողոցի դպրոցին հարող մասը 8:15-ից մինչ 8:30 դարձել էր անանցանելի ... ավտոներն կանգնում էին 2-3 շարքով (փողոցի առաջին-երկու շարքերն համարյա չէին շարժվում) եւ այս բոլոր մեքենաներից իջնում էին տարբեր տարիքի երեխաներ: Բայց զարմանալին այն էր, որ ոչ ոք չէր բողոքում. բոլորն էլ կարծես սովոր էին այս իրավիճակին ու ամեն ինչ «նորմայի սահմաններում »էր:

Մոտավորապես նույն իրավիճակն էր երբ կեսօրին ես եկա տուն տանելու: Մի որոշ ժամանակ անց ես ականատես եղա նույն իրավիճակը նաեւ Չեխովի անվ. դպրոցի դիմաց: Դե ինչ արած… հասկացա, որ հայկական իրականությունն այդպիսին է:

---

Իսկ հիմա վերադառնանք մեր դպրոցին: Եթե Պուշկինի եւ Չեխովի դպրոցների դիմաց առավոտյան ժամերին առաջանում են խցանումներ, ապա սա միայն համապատասխանաբար Մոսկովյան եւ Բաղրամյան փողոցներում:

Թիվ 114 դպրոցն այս հարցում էլ որոշել է ոչ միայն չզիջել, այլեւ առաջ անցնել. խցանումներ առաջանում է ոչ թե Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի վրա, այլ դպրոցի աստիճանների դիմաց:

Երբեւէ տեսե՞լ եք, թե ինչպես է ժամանում պրեզիդենդական (կամ բարձր մակարդակի ներկայացուցչական) լիմուզինը այլ երկրների բանախոսներին հյուրընկալելիս: Դիմավորորղ կողմի կամ պրեզիդենտական պահակախմբի ներկայացուցիչը կանգնում է հատուկ այն տեղը, որտեղ պետք է կայանի մոտեցող պրեզիդենտական լիմուզինը եւ բարձրացնում է աջ ձեռքը (մոտավորապես այնպես, ինչպես մենք տաքսի ենք կանգնեցնում): Վարորդը պետք է մոտենա եւ կանգառ անի այնպես, որ դիմավորողը իջեցնելով իր ձեռքը կարողանա բացել մեքենայի դուռը, որպեսզի հյուրը (լինի դա պրեզիդենտ, թե այլ բարձր կարգի հյուր) ավելի քայլ չկատարի եւ իջնի մեքենայից «իսկը» տեղում:

Հիմա վերադառնանք Երեվան, թիվ 114 դպրոց:

Ամեն օր դպրոցի աստիճաններին կանգնում է ուսմասվարներից մեկը եւ դիմավորում է բոլոր աշակերտներին: Նրա առջեւ իրար հետեւից գալիս եվ կանգ են առնում տարբեր տիպի, ռանգի եւ պետհամարանիշներով ավտոմեքենաներ այնպես, որպեսզի աշակերտը իջնելուց միանգամից ոտքը դնի դպրոցի աստիճաններին: Եվ այսպես ժամը 8:10-ից մինչ 8:35 (սրանից հետո դիմավորող չկա): Երեւի չեք հավատա, բայց դա այդպես է:

Սա այն դեպքում, որ դպրոցը գտնվում է ոչ միանգամից փողոցի վրա, այլ 30-40 մետր դեպի ներս (դպրոցի տեղակայումն այնպիսին է, ինչպիսին մոտավորապես Պուշկինի կամ Չեխովի դպրոցներինը): Միայն հատուկենտ մեքենաներ են կանգ առնում փողոցի վրա, 90 տոկոսն իրենց պարտքն են համարում մտնել փողոցից ներս եւ իջեցնել իրենց երեխաներին հենց դպրոցի աստիճանների վրա:

Երբ առաջին անգամ հարցրեցի ծնողներից մեկին իմ այս մտահոգության մասին, նա պատասխանեց, որ դա արվում է անվտանգությունից ելնելով. նա կարող է իր երեխային իջեցնել հենց փողոցի վրա, բայց այդ դեպքում իր երեխան ստիպված կլինի 30 մետր գնալ տարբեր մեքենաների հոսքի միջով: Պատկերացնու՞մ եք:

Վերջերս միայն կինս խոստովանեց, որ անցյալ տարի ստիպված է եղել վախից բղավել մի վարորդի վրա, ով ...դպրոց մտնելուց մեքենայով հարվածել էր երեխայիս պայուսակին: Դե հիմա պատկերացրեք, որ նույն կածանով (կածան, քանի որ այս հատվածով միայն մեկ մեքենա կարող է անցնել անարգելք, այն էլ, եթե այլ մեքենաներ կանգնած չեն աջ ու ձախ կողմերում) շարժվում են ե՛ւ երեխաներ, ե՛ւ ծնողներ, ե՛ւ մեքենաներ.

Դա դեռ լավ է, երբ մեքենայի վարորդն առաջին անգամ չի բերում աշակերտին: Այդ դեպքում նա գիտի, որ Հանրապետության փողոցից մտնելուց հետո, կարող է մոտենալ դպրոցին եւ թեքվելով ձախ մտնել շենքերի բակ եւ այնտեղից դուրս գալ նորից Հանրապետության փողոց՝ արգելք չհանդիսանալով այլ մեքենաներին: Բայց Աստված մի արասցե, եթե աշակերտին դպրոց բերողը տաքսի է, այն էլ առաջին անգամ է այդ պատվերը կատարում. մոտենալով դպրոցին, իջեցնում է աշակերտին եւ փորձում է շրջդարձ կատարել եւ նույն ճանապարհով էլ հետ վերադառնալ: Մի խոսքով, պատկերացրեք, թե այս մոլորված տաքսու վարորդին ինչ կարող են անել պետական համարներով Toyota Camry-ի վարորդները՝ ամենահաբռգածներին սպասարկողները: Վերջիններս գալիս են մի քանի մեքենաներով, տանում նույնպես ... համարներն որպես կանոն Gold, մի քանի հոգով (տպավորություն է, որ զգուշանալու կամ վախենալու առիթ ունեն):

Մոտավորապես նույն իրավիճակն է դասերի ավարտին, բայց ավելի մեղմ: Ինչո՞ւ: Դե քանի որ դրոցի ճակատային մասում (աստիճանների երկայնքով) ընդամենը 6-ից 10 մեքենա կարող են կանգնել: Պատկերացնո՞ւմ եք, դպրոցի աստիճանների դիմաց կանգնած են մեքենաներ, որոնք իրենց «պասաժիրների» ժամանելուց հետո… անմիջապես շարժվում են:

Այս ամենը քիչ է, դեռ դպրոցի հարեւանությամբ է գտնվում Երեւանի հայտնի ցանցային սուպերմարկետներից մեկը՝ «Նոր Զովքը» եւ առավոտյան ժամերին դպրոցի դիմացով շարված են լինում խանութի մատակարարներն ու առաջիներն իրենց գազելնելով ու ռաֆերով… դե արի ու եթե կարող ես նրանց արանքով հասիր մինչեւ դպրոցի մուտք:

Բնական է հարց է ծագում, իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնք ապրում են դպրոցի հարեւանությամբ: Ամեն առավոտ ամեն մի ծնող իր երեխային, հատկապես եթե նա տարրական դասարանի աշակերտ է, ստիպված է ուղեկցել է մինչեւ դպրոցի մուտք եւ նոր միայն հանգիստ գնալ իր գործին:

Իսկ հիմա առավոտյան առօրյան որդուս (սույն դպրոցի 2րդ դասարանի աշակերտի) աչքերով: Մեկնաբանություններն իմն են:

Ավտոմեքենաների շարանը հանգիստ սպասում է իր հերթին

image

Մոլորված տաքսու վարորդը դեռ չի պատկերացնում, որ մի րոպե հետո արդեն խցանում է առաջանալու իր չիմացության պատճառով (գաղտնի դալանի մասին չիմանալու պատճառով)

image

Դասերից հետո դպրոցի դիմաց բոլոր տեղերն արդեն զբաղված են, եւ մարդիկ ստիպված են փողոցի վրա մի քանի շարքով կանգնել

image

Մի քանի կարգանզանցներ առավոտյան ուշանալիս

image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image

Իսկ հիմա ամենահետաքրքիրը

image

Ուշադիր նայեք այս նշաններին. Եթե չգիտեք, ապա բացատրեմ, որ սա նշանակում է, որ երթեւեկությունն այս ուղղությանբ արգելվում է: Այլ կերպ ասած, ոչ մի մեքենա իրավունք չունի մուտք գործել փողոցից դեպի դպրոցի բակ:

-------
Փոքրիկ հիշեցում ավտոճանապարհային ոստիկաններին

Հարգելի ԳԱՅ-ի աշխատակիցներ, Բեգլարյանի տղան դպրոցն արդեն ավարտել է: Եթե դուք փողի կարիք չունեք, ապա գոնե պաշպանեք երթեւեկության կանոնները: Համոզված եմ, որ կարգ խախտող վարորդների 99 տոկոսը նույնիսկ անտեղյակ է, որ երթեւեկությունն այս ուղղությամբ արգելված է:

Շարունակելի է

Խաչիկ Դաշտենցի անվան N 114 միջն. դպրոց (շարունակություն)



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org