Երբևէ ձեզնից որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը նման է մի սովորական սոցիալական էքսպերիմենտի: Հավանաբար, ձեզնից շատերը տեսած կլինեն հոլիվուդյան այն ֆիլմերը, որի հերոսները մի դեպքում իրենց կամքով, իսկ մեկ այլ դեպքում՝ իրենց կամքից անկախ, դառնում են սոցիալական փորձարկումների թիրախ: Հաճախ այդ հերոսները հայտնվում են մի այնպիսի իրավիճակում, որտեղից ելք չկա` կղզի, բանտ կամ զմռսված դռներով տուն: Եվ մի դեպքում գիտնականների մի խումբ կամ «մի չարագործ» սկսում են «խաղեր խաղալ» ֆիլմի հերոսների հետ` նրանց ենթարկելով տարբեր փորձությունների և հետևելով այդ փորձությունների կողմից դրդված վարքագծային փոփոխություններին: «Առավոտի» այսօրվա համարից տեղեկացա, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը Հայաստանյան հերթական այցի ընթացքում, այցելելով «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպելով հետընտրական ժամանակահատվածում ձերբակալված մի շարք անձանց հետ, մեր պաշտոնյաներին «դիտողություն» է արել այն հարցի վերաբերյալ, որ ձերբակալվածները զրկված են իրենց հարազատների հետ շփման հնարավորությունից:
ՀՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին Սյորգենին հավաստիացրել է, թե խնդիրը կլուծվի եւ ձերբակալվածներին հնարավորություն կտրվի շփվել իրենց հարազատների հետ:
Այժմ անցնեմ բուն գրառմանս: Ճիշտը որ ասեմ, այս տողերը գրելիս մտմտում էի, թե ի՞նչ բաժնում տեղադրել այն: Ցավով տեսա, որ «բացասական» վերնագրերից ունենք միայն «Քաղաքական սողուններ» բաժինը, իսկ ներկայիս նախարարին չճանաչելով, չէի ցանկանա հենց այնպես նրան տալ նման որակում: Սակայն, չեմ կարծում, որ ինչ-որ կցանկանայի գրել, կտրուկ կտարբերվի վերեւի որակումից:
Այսպիսով. ի՞նչ է դուրս գալիս, ո՜վ իմ հազարամյա քրիստոնեա ժողովուրդ: Ստացվում է, որ հարգարժան պարոն Սյորգենը (որին, այլ համատեքստում, կարելի էր անվանել՝ «ինչ-որ մի եվրոպացի») եկել է Հայաստան ու մեզ սովորեցնում է… մարդ մնալ: Պատկերացնո՞ւմ եք, այլազգին եկել է մեր տուն ու մեզ ասում է. «Տղե՛րք, դուք հա՛յ եք, նո՛ւյն ազգից եք, բա չե՞ք ամաչում, մարդկանց շաբաթներով պահում եք ու նույնիսկ թույլ չեք տալիս, որ նրանց կանայք, մայրերը եւ հարազատները գոնե տեսնեն-համոզվեն, որ իրենց տղան ողջ ու առողջ է: Կարոտ կա, բան-կա»:
Ու սովորեցնում են մեր Մեծն Արդարադատին (որի քաջարի արարքների ու ասուլիսների մասին շուտով բոլորս էլ բախտ կունենանք ծանոթանալու), թե ինչպես է պետք վերաբերվել մարդու հետ՝ անկախ այն հանգամանքից, թե նա ազատությա՞ն մեջ է, թե՞՝ անազատության:
Ու մեր Մեծն Արդարադատն էլ երկուս ստացած երեխայի նման գլուխը կախում է ու ասում՝ «դե լավ, եվրոպացի ջան, որ դու ես ասում, ես մի պահ կվերհիշեմ, որ ազատազրկվածներն էլ «մերոնք» են, ու թույլ կտանք, որ իրենց հարազատներին տեսնեն»:
Իսկական մանկապարտեզ… ու վրդովմունքի աստիճան հասցնող անմեղսունակ պաշտոնյաներ… (դեռ կանդրադառնանք շատերին...)
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, շարունակում է մարտի 24-ից հայտարարած հացադուլը: «Իմ պաշտպանյալը կամքով եւ արիությամբ լցված է, եւ իմ բազմաթիվ հորդորները, նաեւ իր ընտանիքի անդամների հորդորները, որ փոխանցել էի իրեն, որեւէ ազդեցություն չգործեցին», - ասաց Արսենյանը` հավելելով, որ Սուրենյանը հայտարարել է, որ շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` այն համարելով «քաղաքական հետապնդման դրսեւորում»: «Պահանջները նույնն են. որպեսզի իր եւ իր գաղափարակից ընկերների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեն, եւ ազատ արձակվեն», - հավելեց փաստաբանը: Փետրվարի 25-ին ձերբակալված Սուրենյանցը մեղադրվում է «պետական իշխանությունը յուրացնելու, բռնություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»:
Մարտի 31-ի լուսադեմին Հրազդանի ոստիկանները՝ թվով մոտ 10 հոգի, հարձակվել եւ քանդել են այն վրանը, որի տակ Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտՙ» գնդի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը եւ Վանատուր թաղամասի բնակիչ, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանը ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի հացադուլ են հայտարարել: