Ի հավելումն նախորդ թեմայի, որտեղ խոսվեց Հայ ազգային կոնգրեսի որոշ թերացումների մասին, ես մտադրվեցի հանդես գալ մի նոր հոդվածով, որով կարելի է անկախ կերպով վերծանել ու վերլուծել 2007 թվականի սեպտեմբերի 21-ից սկիզբ առած ու մինչև օրս (2009 թ մայիս) տեղի ունեցած ու ունեցող իրադարձությունները:

2007 սեպտեմբեր 21-2008 մարտի 21

Հայոց Երրորդ Հանրապետության ստեղծման 16-րդ հոբելյանին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր պատրաստակամությունը պայքար սկսելու` նշելով, որ եթե ինքը զգա, որ կարող է ինչ-որ բան փոխել, ապա ձեռքերը ծալած չի նստի: Այդպես էլ եղավ: Հետագայում ծավալված իրադարձություններին բոլորդ եք տեղյակ` ամենայն մանրամասնություններով: Հանրահավաքներ, ժողովրդի հետ հանդիպումներ ու 2008 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց հանրապետության նախագահ: 

Սակայն, ավանդույթի համաձայն ընտրությունները կեղծվեցին, ու այս անգամ ժողովուրդը ոտքի կանգնեց: 10-օրյա հանրահավաքներին մասնակցեցին 100.000-ավոր մարդիկ` հայտնելով իրենց աջակցությունը ընտրված նախագահին: Սակայն իշխանությունները հարկադրված գնացին «մարտի մեկի» սպանդի իրագործման ճանապարհով: Կառաջարկեի` հետաքննել, թե ինչ տվեց «մարտի մեկը»:

Մարտի մեկը իշխանության տեսանկյունից

Բազում են այնպիսի կարծիքները, թե իշխանությանը ձեռնտու չէր մարտի մեկը: Այո, համաձայնենք, որ իշխանությանը ձեռնտու չէր «մարտի մեկը», բայց միաժամանակ նշենք նաև, որ առանց «մարտի մեկի», իշխանությունը ինքնին կկորցներ իր իշխանությունը: Ուստի այն տեսակետը, թե ամենից շատ տուժեց Սերժ Սարգսյանը կարելի էր համարել օրինաչափ, եթե Սերժ Սարգսյանը ցույց տար, որ ինքը իրոք տուժել է, այլ ոչ թե շահել: Այդ քայլերը կլինեին քաղբանտարկյալների ազատումը, նոր պառլամենտական ընտրությունների անցկացումն ու ԱԺ-ն ընդդիմությանը տալը: Այլ ելք, պարզապես, չկար: Ես, բնականաբար, կողմ եմ հիմնականում նախագահական ընտրություններին, սակայն հավասարակշիռ վերլուծություն անելով`գրում եմ այն, ինչը իրապես ռեալ էր, այլ ոչ թե սոսկ նվաստիս ցանկությունը:

Իսկապես, մարտի մեկի սպանդը պետք չէր Սերժ Սարգսյանին, քանի որ դրա պատճառով էր հիմնականում այն, որ իշխանությունը այդուհետեւ ստիպված էր պարել «աշխարհի» սրնգի տակ ու աներ այն, ինչ իրեն կթելադրեին: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երկրում չէր թևածում 50 քաղբանտարկյալի առկայությունը, երկրի մայրաքաղաքում ընդդիմադիրների ցույցը չէր ճզմվում պատրոնների պայթյունի միջոցով, տարածաշրջանն էլ չէր ընկղմված այն աղբի մեջ, ինչի մեջ է այսօր:

• Այսպիսով, իշխանությունը այլ ելք չուներ` իր գոյությունը մի քանի ամսով-տարով երկարաձգելու համար:

Մարտի մեկը ընդդիմության տեսանկյունից

Առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանի առաջադրումը շատ լուրջ քաղաքական ու դիվանագիտական քայլ էր, ինչը եթե չպսակվեց հաջողությամբ 100 տոկոսով, ապա առնվազն կիսով չափ ծառայեց իր նպատակին:

Սակայն այստեղ հույժ անհրաժեշտ եմ համարում ընդգծել Համաժողովրդական Շարժման մյուս գործիչների քայլերն ու գործունեությունը: Վերլուծելով կատարվածը` հասկացա, որ հիմնական շեշտը դրված էր ոչ թե կազմակերպչական գործունեության վրա, այլ միմիայն Տեր-Պետրոսյանի խոսքի ուժի վրա: Այս էր պատճառը, որ Շարժումը չարձանագրեց այն հաջողությունը, ինչը դեռ սպասվում էր 2008 թվականին:Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ Տեր-Պետրոսյանի խոսքը մեծ ուժ ունեցավ ու այս պայքարի այսքան շարունակման համար պիտի միայն շնորհակալություն հայտնել Տեր-Պետրոսյանին: Իսկ նրա շուրջ համախմբված մյուս քաղաքական գործիչները, կասեի անգամ մատը մատին չտվեցին, գործ անելու համար: Հանգել եմ այն եզրակացությանը, որ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, Նիկոլ Փաշինյանից ու Միքայել Հայրապետյանից ևս մի քանի ազնիվ ու աշխատասեր տղաներից, մյուսները չվերաբերվեցին պայքարին լուրջ դիրքից: Ակնբախ կերպով մորմոքս ավելի հաստատեց վերջերս հեռուստատեսությամբ թմբկահարվող պահեստային ռեզերվները, որտեղ Արզումանյանը, մեղմ ասած, իրեն ոչ պատշաճ ձեւով է խոսում նույն «Ժառանգության» Վարդան Խաչատրյանի մասին (էդ խոսակցությունը լսելուց հետո, որտեղ Արզումանյանը Նիկոլին պատմում է, թե ինչպես է իր իսկ բառերով «քֆրտել» «ապուշ» Վարդանին, ես հասկացա, որ «Ժառանգությունը» ամբողջապես բարոյական իրավունք ունի Արզումանյանին անգամ չտեսնելու տալ` որպես քաղքական գործչի): Էլ չեմ ասում, թե ինչպես է Ալիկը ուրախանում, երբ լսում է, որ մարդիկ (իրականում` սադրիչները) թալանում են Լֆիկի խանութները: Փոխանակ ասեր, որ բնավ լավ չեն անում, ինքն ասում է` լավ են արել….

Չէ, ոչ թե հետ եմ կանգնել պայքարից, այլ միայն ընդգծում եմ թերությունները ու նշում, որ հանձին Արզումանյանի, նրան միացրած նաև մյուս քաղբանտարկյալների, ես չեմ տեսել պայքարին ռեալ կերպով մոտեցող մարդու: Ինչը տվյալ պահին շատ մեծ նշանակություն ուներ:

Երևանի ավագանու այս ընտրություններում ամբողջ հենքը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն է, իսկ կազմակերպչական աշխատանք ես դեռ իսկապես չեմ տեսել… Հարկավոր է մտածել այս ուղղությամբ…

• Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի մեկի արդյունքում ընդդիմության պայքարը թեւակոխեց այլ փուլ (ակա` քաղբանտարկյալներին ազատելուն ուղղված ջանքեր) հստակ ըմբռնելի դարձավ, որ ընդդիմությանը «մարտի մեկը» բնավ ձեռնտու չէր:

Մարտի մեկը աշխարհի տեսանկյունից

Կարծում եմ` «մարտի մեկից» միայն շահեց աշխարհը: Որոշ հանգամանքներ միմյանց կողք դնելու դեպքում հստակեցվեց, որ «աշխարհ»ը նախապես տեղյակ էր «մարտի մեկի» առավոտյան ժողովրդի վրա հարձակման մասին: Այդ մասին է վկայում այն փաստը, որ Ֆրանսիայի դեսպանը խնդրել էր Սարգիս Հացպանյանին այդ օրը չլինլ Ազատության հրապարակում:

Ուստի կարծում եմ, որ աշխարհը նախապես տվել է իր համաձայնությունը այդ ամեն ինչին: Եվ ինչու ոչ: Առավել եւս այն պարագայում, որ դրանով այն կստանար քարտ-բլանշ` Սերժ Սարգսյանից պահանջելով անել այն, ինչ իրենք կասեին: «Մարտի մեկն» ու քաղաքական բանտարկյալներին դարձնելով դամոկլյան սուր իշխանության գլխին` Եվրոպան մեղմիվ կերպով իրագործում է սեփական ցանկությունները: Եվ, վերջապես, բնավ տարակուսելի չէ այս հանգամանքի հանդեպ ավելի հավատ տածելը, քանզի այնպիսի բյուրոկրատիզմ, ինչը առկա է Եվրոպայում, բավականին հնարավորություն է ընձեռում` հավատալու այս իրողությանը:

ԵՎրոպան շուրջ մեկ տարի շարունակ թմբկահարում էր իր պատիժների մասին, բայց ոչ մի պատիժ էլ չիրագործեց` ամեն անգամ այն ձգձգելով: Իսկ դրա արդյունքում մենք ունեցանք լուրջ պրոբլեմներ: Պրոբլեմ ասվածը շատ մեղմ է այս պարագայում, քանզի այն, ինչ տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերություններում ու Արցախյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում այս մեկ տարվա ընթացքում, պրոբլեմ անվանելը «իրերն իրենց անունով կոչելու հարցում» «ժլատություն» կարող է դիտվել:

Եվրոպական առաջին ձեռքբերումը կարելի է համարել Մայնդորֆյան հռչակագիրը: Առաջին հայացքից թվում է` դա Ռուսաստանի ձեռքբերումն էր: Սակայն եթե հետեւենք շարունակությանը, կտեսնենք, որ Եվրոպան փաստաթղթավորեց Ղարաբաղի` գործընթացից դուր մնալը: Դա նաեւ ձեռնտու էր հենց ԱՄՆ-ին, ինչու ոչ` նաեւ Ռուսիային: Այսինքն` շահեց Եվրոպան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ադրբեջանը, իսկ տուժեց միայն Ղարաբաղը:

Դրան զուգահեռ ի հայտ եկավ հայ-թուրքական «քիրվայությունը», որտեղ «քարտեզիկներ» սկսեցին գծվել, ֆուտբոլներ դիտվել ու «ջան-ջիգյար»… Ու այստեղ կրկին շահեցին բոլորը, բացի Հայաստանի բնակչությունից: Ինչու: Որովհետեւ մենք Թուրքիային թույլ տվեցին իրականացնել յուր վաղեմի երազանքը` իր երկար քիթը մտցնել Ղարաբաղյան կարգավորման շրջանակներ: ՄԵնք թույլ տվեցինք Թուրքիային մեզ հետ ուլտիմատումով խոսել: Արդեն Գյուլը առաջարկում է քառակող հանդիպումներ` Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ֆորմատով: Իսկ մենք, փոխանակ անեինք այն, ինչ ճիշտ էր, արեցինք այն, ինչը լավ էր Թուրքիայի համար: Գյուլի այդ քառակողմ բանակցությունների առաջարկը պարունակում է շատ մեծ վտանգ Ղարաբաղի համար: Թվում է` ինչ վտանգ պիտի լինի. Հայաստանը մասնակցում է իր «եղբայր» ռուսի օժանդակությամբ: Բայց չէ որ 1921 թվականին էլ էր էդպես լինում ու թուրքը կարողացավ հասնել նրան, որ մեզ վռնդեցին այդ քառակողմ բանակցությունից, ու ռուսն ու թուրքը գծեցին մեր սահմանները` Թուրքիային միացնելով ամբողջ Կարսի մարզն ու Սուրմալուն, Նախիջեւանն էլ տրվեց Ադրբեջանին:

Երբ ժամանակին Տեր-Պետրոսյանը ասում էր, թե պետք է Ղարաբաղին դարձնենք բանակցային կողմ, որ Հայաստանը Թուրքիայի հետ կանգնած լինի մի հարթությունում, իսկ Ադրբեջանն ու ԼՂՀ-ն` մյուս հարթությունում, որ մենք թուրքի հետ խոսենք հավասարը հավասրի լեզվով, իսկ ղարաբաղցին ադրբեջանցու հետ խոսի հավասարը հավասարի լեզվով, նրան մեղադրում էին դավաճանության մեջ:

Անգամ ժամանակնին, վերջերս մի տեղ էլ հանդիպեցի նմանատիպ տխմար մեկնաբանությունների, ծաղրում էին Տեր-Պետրոսյանին, թե ինչպես նա կարող էր ղեկավարել պատերազմը, որ անգամ չի իմացել Շուշիի ազատագրման մասին: Ասեմ բոլոր պրիմիտիվներին. դիվնագիտությունը հենց դա էր: Իսկ Լևոնի այցը Իրան և Շուշիի ազատագրման օրերի համընկնումը բնավ պատահականություն չէր: Դրանք քայլեր էին, որոնք պիտի հավասարակշռեին Հայաստան-Թուրքիա և Ղարաբաղ-Ադրբեջան դիրքերը: Իսկ «ազգայնական» հորջորջվող քաղաքական սնանկները, ի դերեւ արեցին ամբողջ այն ահռելի աշխատանքը, որ արվել էր այն ժամանակ:

Հիմա, փոխարենը կայանա ՀՀ-ԹՀ-ԱՀ-ԼՂՀ կոնֆերանս, պիտի լինի ԹՀ-ՌԴ-ՀՀ-ԱՀ: Սա կլինի կոնֆերանս, որը շատ նման կլինի 1921-ի ենթադրելիքին, բայց ինչպես այն ժամանակ, այս պարագայում եւս` մեր հարցերը ոչ թե մենք կլուծենք, այլ` թուրք-ռուսական կոմպանիան… Այժմ մենք կրկին մենք կլինենք միայնակ, իսկ թուրքերը` երկուսով, իսկ ռուսն էլ կլինի կրակ գցողը:

• Այսպիսով, այստեղ հանգեցինք այն եզրակացությանը, որ «Մարտի մեկը» իրապես զուգադրվեց եվրոպական քաղաքականությանը ու դարձավ «դամոկլյան սուր» Եվրոպայի ձեռքին` Հայաստանին իր սրնգի տակ պարեցնելու համար…

Արդի խնդիրը

Կուզենայի մի քանի խոսք ասել մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Կարծիքներ հնչեցին, որ ՀԱԿ նախընտրական ծրագիրն է պետք ուսումասիրել, ցուցակում ընդգրկվածներին ճանաչել ու նմանատիպ, միայն առաջին հայացքից կարեւոր, բայց իրականում ոչ ռեալ ու ոչ էական դետալների մասին:

Ես, և ոչ միայն, այս ընտրությունները չեմ դիտարկում որպես բարենորոգւմ անելու միջոց: Այս ընտրություններով պիտի հասնել իշխանության փոփոխության: Սա է ելքը: Մարդիկ կան, ովքեր կարծում են, թե եթե անգամ ընդդիմությունը «վերցնի» քաղաքապետարանը, ապա միևնույնն է, ոչ մի փոփոխություն չի կարող անել: Պիտի հիասթափեցնեմ. քաղաքապետարանը եթե անցավ ընդդիմության ձեռքը, իմացեք, որ 1-2 ամսից ամբողջ երկրում կհաստատվի Կոնգրեսի իշխանությունը: Դրա համար կան շատ լուրջ լծակներ` սկսած թաղապետարաններից, որոնք հիմնական զեղծարարներն են ընտրություներում, վերջացրած կաբելային հեռուստատեսությամբ, անօրինական շինարարությամբ և նմանատիպ բաներով:

Տեսակետներ էին հրապարակվում, թե ՀԱԿ անդամների մեծագույն մասը չի աշխատում: Հարգելիններս, համաձայն եմ, որ դա աննորմալ երեւույթ է հենց ՀԱԿ- համար, բայց դա միայն անբնական է ԱՄՆ, ԵՄ-ում, բայց ոչ երբեք մեզ մոտ: Մարդուն օբամայական շեֆը երբեք իրավունք չունի ազատել մըքքեյնական աշխատողին, բայց մեզ մոտ հակառակն է: Ուստի դրա մասին խոսել ու դա համարել անբանական չի կարելի: Հարգարժան զրուցակիցները նաեւ նկատեցին, որ մի քանի (կարծեմ 5.000) դիմում Բեգլարյանը բավարարել է ու նրանք ինքնստինքյան կընտրեն Բեգլարյանին: Բայց ինչո՞ւ եք գանգատվում. եթե ժողովուրդը պահանջարկ ունի ունենալ Բեգլարյանի նման քաղաքապետ, ապա դուք իրավասու չեք փոխելու դա: Եթե ժողովուրդը համակերպվում է այս վիճակի հետ, ապա փոխել ոչ ոք չի կարող: Դեմոկրատը ճիշտ նշանաբան ունի. ամեն ժողովուրդ արժանի է յուր թագավորին...

Ուզում եմ, որ ժողովուրդը հստակ ըմբռնի, որ այս ընտրությունները հասարակ չեն, այլ իրապես լուրջ են, քան երբեւէ: Մինչեւ այս խորհուրդը չմտնի մեր գիտակցության մեջ, մենք չենք կարող հավակնել քաղաքացիական հասարակություն դառնալուն: Երկրորդ անգամ եմ կրկնում. սա ճակատագրի նվերն է այս ազգին: Եթե չընկալենք ու ճիշտ չըմբռնենք պահի լրջությունը, եթե չհասկանանք պատմական այս շրջափուլի կարևորությունը, ապա կկորցենք շատ կարևոր հանգուցային մի հանգրվան, ինչի վերականգնումը կարող է մեզնից խլել տարիներ ու դարեր, եթե ոչ անգամ այլեւս հնարավոր չլինի վերականգնել դա: Չպիտի կրկնենք Հովհաննես-Սմբատ թագավորի արկածախնդրությունը ու չփորենք գերեզմանը հայոց պետականության: Ընդգծեմ, որ թեև տասը տարի շարունակ զբաղված ենք դա փորելով, այժմ դեռ հնարավորություն կա շտկելու վիճակը. 1000 տարին մեկ է ծնվում Տեր-Պետրոսյանի պես գործիչ, ու ճակատագրի այդ ընծան չօգտագորելը, ես կգնահատեի որպես բարոյալքվածության վերջին ակորդ, ինչից հետո երկրի միակ ելքը ինքնասպանությունն է…

Դանիել Վարուժանը 20-րդ դարի սկզբում անիծել է, իսկ հիմա փորձենք զերծ մնալ, այլ ոչ թե շարունակենք այն, ինչը իրոք ու ճշմարտապես անեծքի է արժանանում.

Եվ ես քենով կանիծեմ դարուս կավատ
Մարդկության
Ոսկե Հորթերը բոլոր….

Հ.Գ. Հայցում եմ ընթերցողից նվաստիս ներողամտությունը այս երկար նյութի համար: Մի շնչով գրածը, կարծում եմ, մի շնչով կկարդաք ու կավարտեք…

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


forward