Հայկ Խանումյան'-ի ավատարը

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքը հայտնի է դպրոց ավարտած յուրաքանչյուրին: Դարեր շարունակ փորձել են թուլացնել հակառակորդներին, բաժանել, նրանց վրա ազդեցություն ունենալու, նրանց տիրելու համար: Այսօր աշխարհում ամենակատաղի ձևով գնում է ազդեցություն տարածելու գործընթաց: Տոտալ ազդեցության են ենթարկվում հասարակությունները, հասրակական կարծիքը ենթարկվում է մանիպուլյացիաների: Խոշորագույն տերությունները ղեկավարող էլիտաները ԶԼՄ-ների, մշակույթի, կրթական համակարգի միջոցով տոտալիտար հսկողություն են սահմանում իրենց և այլ հասարակությունների վրա: Այս ամենի հիմքում ընկած է ինդիվիդուալիզմի գաղափարը: Անհատի արժեքը բացարձականացվում է: Հասարակության հիմքում դրվում է անհատը` իր իրավունքներով, իր պահանջմունքներով: Այսպես կատարվում է հասարակության բաժանումը` նրան տիրելու նպատակով: Ազգ, դավանանք, կրոն, նույնիսկ ընտանիք հասկացությունները արժեզրկվում են, կատաղի պայքար է գնում այս ինստիտուտների դեմ: 

Ինդիվիդուալիստները կասեին, «իսկ միթե կա ավելի բարձր արժեք, քան մարդը», ես կպատասխանեմ, այո, կա ավելի բարձր արժեք` մարդիկ: Իր ազգից, իր դավանանքից, իր հարազատ միջավայրից պոկված մարդը անընդհատ սթրեսի մեջ է և բավականին թույլ ու ենթակա ազդեցության: Ազդեցության ձգտող ուժերին հենց այս մարդն էլ պետք է:
Ցավոք մեր հասարակությունն այսօր դառնում է այդպիսի մարդկանց բազմություն: Տեղի է ունենում արժեքների սպանդ, նիհիլիզմը, ազգային ժխտողականությունը, ազգի տարբեր հատվածների միջև թշնամության սերմանումը, հայ առաքելական եկեղեցու ու կաթողիկոսի դեմ ուղղված հայհոյանքները, անհատականության պաշտամունքի տարածումն ու ընտանիքի դերի նվազումը դարձել են սովորական երևույթ: Այսպիսի հասարակությունը խիստ վտանգված է: Փրկություն կարող է դառնալ ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեհամակարգով հասարակությանը դաստիարակելն ու նրան համախմբելը: Ազգային գաղափարախոսությունը ինդիվիդուալ աշխարհ քարոզողների հիմնական թշնամին է: Ազգային գաղափարախոսության անբաժանելի մաս պետք է դառնա ազգային քարոզչությունը /տես պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հոդվածը, «Ազգային քարոզչության մասին» http://www.facebook.com/posted.php?id=1542327581&share_id=81907658281#s81907658281 /

Նախկին հոդվածներիցս մեկում նշել էի, որ Լևոն տեր-Պետրոսյանի և նրա գլխավորած քաղաքական ուժի շանտաժային վարվելակերպը բումերանգ է և հարվածելու է հենց այս ուժին: Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին իմ այս մտքի իրավացիությունը: Այս ընտրություններում ՀԱԿ-ի անհաջողությունը կդառնա այս ուժի վախճանի սկիզբը: Մի կողմ դնենք ընտրախախտումները և անօրինականությունները: Մի հսկայական ընտրազանգված չգնաց ընտրությունների: Դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ ընդդիմադիր դաշտում այլընտրանք չկար: Շանտաժի միջոցով նախօրոք ըննդիմադիր դաշտը «սեփականաշնորհվել» էր ՀԱԿ-ի կողմից` «Ժառանգությանը» թողնելով խաղից դուրս:

Պատմությունը ցույց է տալիս, որ շանտաժը քաղաքականության մեջ կարող է շատ արդյունավետ լինել: Այդ ճանապարհով հաջողությունների են հասել ֆաշիստները Գերմանիայում, բոլշևիկները Ռուսաստանում և այլն: Որպես կանոն շանտած անող ուժերը կիրենց էությամբ տոտալիտար ու անհանդուրժող ուժեր են: Արդյոք մեր ՀԱԿ-ն այդպիսինն է: Այո: Անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի ձևավորումը, ազգը հատվածականացնելու և հատվածների միջև ատելություն ձևավորելու փորձերը, ազգային գաղափարախոսության ժխտումը այս ուժի գործելաոճի մեջ են մտնում: Ի վերջո 2008 թվականի փետրվարի 10-օրյա հանրահավաքներում հնչած ելույթները նայելով կարելի է համոզվել, որ դրանք միտված են եղել հենց այս նպատակներին: Ի վերջո, եթե դա այդպես չէր ապա կարելի էր սաստել ոմն Միքայէլ Հայրապետեանի, երբ նա ատելություն էր սերմանում արցախցիների դեմ կամ Նիկոլ Փաշինյանին, որը զոմբիացնում էր ժողովրդին: Բայց չէ որ իշխանության ձգտող ուժին հենց դա էլ պետք է. զոմբիացած և ատելությամբ լցված ժողովուրդ, որ կարող է թնդանոթի միս լինել գլխավոր նպատակի` իշխանության գալու ու սեփական շրջապատի պահանջները բավարարելու համար: Դրա համար էլ արյունոտ մարտի 1-ի գիշերը առաջնորդը պետք է հանգիստ քներ: Չէ որ ատելությունը տվել էր իր արդյունքները. իսկ դրանք հարկավոր է շահարկել:
Ժողովրդավարությունը առանց կայացած քաղաքացիական հասարակության անհնար է. հետևաբար ընդդիմության առաջին նպատակը պետք է լինի քաղաքացիական հասարակության ձևավորումը և դրա կայացումը: Երբ 2009թ. իր ելույթներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց նպատակը քաղաքացիական հասարակության ձևավորումն է, ես շատ ուրախացա: Սակայն «Ժառանգության» դեմ սկսված կեղտոտ արշավը ընդդիմադիր մամուլում, ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը կերակրատաշտից հեռացված սովածների խումբ է, որ ամեն կերպ ու ամեն մեթոդով պետք է ձգտի կերակրատաշտին:

Իսկ հասարակության մի հսկա զանգված չմասնակցեց քաղաքապետի ընտրություններին: Այդ զանգվածի մի զգալի մասը, կարծում եմ իր ձայնը կտար «Ժառանգությանը», քանզի այս կուսակցության անդամները, իրոք, պայքարել են քաղաքացիական հասարակության ձևավորման համար: Երբ մեր հասարակությունը մարտիմեկյան գիշերը վեր էր ածվել իրար ատող երկու հատվածի, այս մարդիկ, վտանգելով կյանքը, կատարում էին իրենց պարտքը, իսկ ՀԱԿ-ի առաջնորդները նախընտրում էին հեռու մնալ վտանգավոր վայրերից: Եվ երիցս ճիշտ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Ես կարծում եմ, որ մարտի 1–ի առավոտյան և դրանից հետո, անկախ նրանից, որ Լևոն Տեր–Պետրոսյանին տանը կալանավորել էին, թե ոչ, Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է լիներ ժողովրդի կողքին։ Ամենօրյա աշխատանքը ես այդպես եմ գնահատում» /05.06.09 Զ. Փոստանջյանի տված մամուլի ասուլիսից, http://tert.am/am/news/2009/06/05/march1/ /: Պատգամավորը նաև հայտարարել է. «Փաստացի, մենք ականատեսը եղանք, որ Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ չէ։ Ես միանշանակ փաստում եմ, որ մեզ մոտ, այո, 1995 թ–ից առ այսօր արդար ընտրություն տեղի չի ունենում, բայց դրանից ելնելով՝ ես կարող եմ ասել նաև, որ այն ընդդիմադիր ուժը, որը հավակնում էր հաղթանակ տանել Երևանում, փաստացի այսօր նույնպես չի վայելում մեր քաղաքացիների վստահության քվեն։ Ցավալի է, իհարկե, բայց այդպես է։ Այսինքն, այն զանգվածը, որն անհրաժեշտ էր, որպեսզի ընդդիմությունը հաղթանակ ունենար գոնե Երևանում մենք, փաստորեն, չկարողացանք այդ զանգվածը դուրս բերել իրենց բնակարաններից և տանել ընտրատեղամաս» /նույն հղումի տակ/:

Կարծում եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը առաջիկայում կլինի ընդդիմադիր դաշտի ամենալուրջ ուժը: Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀԱԿ-ը դառնում է քաղաքական դիակ: Սակայն «Ժառանգությունը» ևս ուժեղ քաղաքական ուժ չէ: Չնայած ֆինանսական կայուն վիճակին, սեփական վերլուծական կենտրոնների առկայությանը այս ուժը կաղում է որոշումներ ընդունելու ու վճռականության մեջ: Հետևաբար ես կրկին պետք է խոսեմ նոր էլիտայի անհրաժեշտության մասին /այս մասին տես իմ «Նոր էլիտայի անհրաժեշտությունը» հոդվածի մեջ/ և կրկին սպասեմ իմ ընկերների մեկնաբանություններին:

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
7.06.2009

Հայկ Խանումյան


forward